ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստանում հանցագործությունների եւ իրավախախտումների թիվն աճել է 27 տոկոսով կամ մոտ 5,6 հազար դեպքով։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 31-ին՝ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

 

Նրա խոսքով՝ այս ամենը լիովին բացատրելի է։ Այսպիսով, ուժի մեջ են մտել պատիժները վարորդների համար, որոնք տուգանային միավորների ավելցուկ են հավաքել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար։

«Այս դեպքում 6 ամսով նրանք զրկվում են վարորդական իրավունքից, սակայն որոշ դեպքերում իրավունքից զրկված վարորդները նորից նստում են ղեկին՝ թույլ տալով նոր իրավախախտումներ։ Մյուս պատճառը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման աճն է։

Այսպիսով, 2022 թվականը հայտարարվեց այս երեւույթի դեմ պայքարի տարի։ Արդյունքում թմրամիջոցների մաքսանենգության եւ վաճառքի քրեական հետապնդումն ավելի համակարգված էր։ Մասնավորապես, 2022 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցվել է 1057 նման հանցագործություն։ Համեմատության համար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 617 դեպք»,- պարզաբանեց Ֆիդանյանը։

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 76,2 մլրդ դրամ. այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 31-ին՝ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Ֆիդանյանը, մասնավորապես, նշեց, որ 2022 թվականին իրավապահների կարիքների համար հատկացվել է 66,6 մլրդ դրամ։ «Այսինքն՝ տարբերությունը կկազմի մոտ 9,6 մլրդ դրամ կամ 14,4 տոկոս»,- ասաց փոխոստիկանապետը։

Նա նշեց նաեւ, որ ոստիկանությանը վերաբերող ոլորտներում ծրագրերի համար հատկացումները կազմում են 74 մլրդ դրամ։ Սա, ընթացիկ տարվա 65 մլրդ դրամի համեմատ, 9 մլրդ դրամով ավելի է (15,2 տոկոս)։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կազմակերպական-իրավական գործունեությանը, ծառայությունների մատուցմանը, հանրային անվտանգության ապահովմանը եւ տարբեր տեսակի իրավախախտումների դեմ պայքարին։

 

 

 

 

ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ջեմս Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անորոշ շրջանակի անձանց մոտ լրջագույն անհանգստություն, տագնապ, վախ առաջացնելու, հասարակական անվտանգությունը վտանգելու նպատակով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ է տարածել: Վերջինս կալանավորվել ԱԱԾ-ի կողմից, եւ գործը ուղարկվել է դատարան:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝  երեկ աղմկահարույց կրակոցներ են եղել Գորիս քաղաքում: Զիված մի խումբ տղաներ վեճ են ունեցել՝ փորձելով ինչ-որ հարցեր լուծել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոցների կիզակետում է եղել Գորիսի քաղաքապետի հորեղբոր թոռը՝ Ալեն Առուշանյանը:

Ավելին, ArmLur.am-ի տեղեկություններով՝ զինված խմբի տղաներից մեկը վերցրել է զենքը եւ կրակել Առուշ Առուշանյանի հորեղբոր տղայի վրա:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գորիսի քննչական բաժնում իրականացվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ Գորիս քաղաքի 29-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երիտասարդին «ձախ ազդրի եւ աջ զստային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:25-ին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ.-ի հոկտեմբերի 30-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Գորիսի «Նոր զանգեր» կոչվող տեղանքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել հիշյալ երիտասարդի եւ 25-ամյա համաքաղաքացու միջեւ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող հրազենով կրակել է 29-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը` ժամը 19:35-ին, 25-ամյա երիտասարդը ներկայացել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՄՌ 155» մոդելի որսորդական ողորկափող հրազենը եւ հայտարարել, որ այդ հրազենով կրակել է համաքաղաքացու ուղղությամբ: 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: Նախաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

4 ԱՆՁ ՄԱՀԱՑԵԼ Է

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով մեքենայում առաջացել էր հրդեհ: 16-ամյա վարորդ Էդուարդ Գրիգորյանը եւ ուղեւորները՝ 16-ամյա Միհրան Միրիջանյանն ու 17-ամյա Կարեն Պողոսյանը, մահացել էին, իսկ 16-ամյա ուղեւոր Ալբերտ Ներսիսյանը այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հոկտեմբերի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 16-ամյա ուղեւոր Ալբերտ Ներսիսյանը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

2022թ. մայիսի 25-ին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:

Արցախի դատախազությունից հայտնում են, որ գործով իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա Արցախի քննչական կոմիտեի քննիչի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացի Ա.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Գործի դատական քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, այցելել է Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի 2/42 հասցեում գտնվող «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն եւ ընկերության տնօրեն Վահագն Սեյրանի Մկրտչյանի աշխատասենյակում հանդիպել վերջինիս: Զրույցի ընթացքում Դավիթ Դավթյանը Վահագն Մկրտչյանին մեղադրել է ընկերության աշխատանքները վատ կազմակերպելու մեջ, դժգոհություն հայտնել բժշկական կենտրոնի աշխատակիցների գործունեությունից, նրանց մեղադրել նախկինում «COVID-19» համավարակով վարակված մորը ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու եւ նրան հաշմանդամ դարձնելու համար, ապա հնչեցրել բռնություն գործադրելու սպառնալիքներ առ այն, որ նշված պատճառով կարող է սպանել բժշկական կենտրոնի 5-10 բուժաշխատողների, կարող է սպանել նաեւ տնօրեն Վահագն Մկրտչյանին, որպիսի քայլին չի ցանկանում դիմել՝ հաշվի առնելով, որ վերջինս ունի կին եւ երեխաներ՝ այդկերպ Վահագն Մկրտչյանի մոտ առաջացնելով վախի եւ խուճապի մթնոլորտ, որից անմիջապես հետո Վահագն Մկրտչյանից պահանջել է հավաքել եւ հաջորդ օրն իր կողմից մատնանշված անձին՝ «իր ուղարկած մարդուն» փոխանցել 20.000.000 ՀՀ դրամ գումար՝ Վահագն Մկրտչյանից կատարելով առանձնապես խոշոր չափերով գումարի շորթում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս