«Ինչպես նախորդ տարվա բյուջեի նախագծում, այս տարի եւս նախագիծը կազմվել է այն սկզբունքով, որ պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն: Դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն, ինչպես եւ կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես՝ հարկային եկամուտները, որովհետեւ դրանք են այն երաշխիքները, որոնք կապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»,- նշել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում հոկտեմբերի 31-ին մեկնարկել են «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Օրենքի նախագծի մշակման սկզբունքները, նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը եւ նրա ծածկույթը, արտաքին եւ ներքին պարտքը), եկամուտների ձեւավորումը (հարկային եւ մաքսային քաղաքականությունը), բյուջեի ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը քննարկվել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահել է Գեւորգ Պապոյանը:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2023 թ. համար որպես հիմնական նպատակադրում սահմանվել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը, եւ այդ նպատակով կավելացվեն կապիտալ ծախսերը: «Պետական պարտքը մենք նախատեսել ենք, որ 2022 թ. 60,3 մակարդակից կառավարության ծրագրային ժամանակահատվածում պետք է նվազի 50 տոկոսը չգերազանցող մակարդակի»,- նշել է նա:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ 2023 թ. համար կառավարությունը նախատեսել է, որ պետական բյուջեի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետք է գտնվի 3,1 տոկոսի սահմաններում. դա այն ցուցանիշն է, որն արտացոլում է, թե պարտքային նոր միջոցներ ներգրավվելով՝ որքան ծախսեր պետք է կատարվեն:
2023 թ. պետական բյուջեն առանձնահատուկ է նրանով, որ կապիտալ ծախսերը լինելու են էապես աճող, դրանց հանրագումարը սահմանված է 548 մլրդ դրամի չափ կամ 49 տոկոսով կգերազանցեն 2022 թ. ճշտված բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը: Կապիտալ ծախսերը կհասնեն համախառն ներքին արդյունքի 5,9 տոկոսի, որը 2022 թ. նկատմամբ ավելի է 1,5 տոկոսով:
2023 թ. կապիտալ ծախսի զգալի մասն ուղղվելու է պաշտպանության եւ անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը:
2023 թ. պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 մլրդ դրամ, դրանք 35 տոկոսով գերազանցելու են 2022 թ. ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները:
Սոցիալական պաշտպանական ոլորտին ուղղվող ծախսերի աճը եւս զգալի է լինելու: Դրանք 2023 թ. կկազմեն 648 մլրդ դրամ, 10 տոկոսով կգերազանցեն 2022 թ. ճշտված բյուջեով սահմանված սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը եւ կապահովվեն համախառն ներքին արդյունքի նկատմամբ 7 տոկոս մակարդակ՝ հարաբերական իմաստով պահպանելով 2022 թ. ցուցանիշը:
Կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 209 մլրդ դրամ, 12 տոկոսով ավելի, քան՝ 2022 թ.: Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 149 մլրդ դրամ, որը 4 տոկոսով ավելի է 2022 թ. նկատմամբ:
«Տնտեսական աճի տեսանկյունից 6 ամսում ունենալով տնտեսական աճ՝ կարող ենք արձանագրել, որ առավել մեծ չափով դրանք կրել են ծառայությունների աճի ազդեցություն. մեծ են եղել շինարարության եւ արդյունաբերության ազդեցությունները: Պահանջարկի տեսանկյունից դրանք արտահանման ծավալների եւ սպառման աճն է»,- նշել է ֆինանսների նախարարը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ-ում տնտեսական զարգացումների վրա զգալի ազդում է նաեւ պղնձի միջազգային գինը. «Երեք տարվա կտրվածքով գները նվազում են: Այս տարի կանխատեսվում է, որ 8.900 դոլարի սահմաններում կլինի, իսկ հաջորդ տարի՝ 8.000 դոլարի: Նավթի միջազգային գները եւս, ըստ կանխատեսումների, նվազելու են»,- նշել է նախարարը: Ինչ վերաբերում է պարենի միջազգային շուկայի գներին, ապա առաջիկա տարում գների որոշակի նվազում է նկատվում՝ 5,8 տոկոսով ավելի ցածր, քան 2022 թ.:
Գալիք տարվա համար կանխատեսվում է 7 տոկոս տնտեսական աճ, եւ դա է բոլոր հարկաբյուջետային ցուցանիշների հաշվարկի հիմքում: 2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 23,7 տոկոս:
2023 թ. համար դեֆիցիտը նախատեսվում է 289 մլրդ դրամի չափ, ծախսերը կկազմեն մոտ 2,6 տրիլիոն դրամ:
Կառավարության պարտքը, ըստ Տիգրան Խաչատրյանի, անվանական մեծությամբ կկազմի մոտ 4 տրիլիոն 232 մլրդ դրամ, իսկ 2023 թ. կկազմի 4 տրիլիոն 625 մլրդ դրամ:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն էլ իր հարցադրումներից մեկով տեղեկացրել է, որ բավականին շատ բողոքներ է ստանում՝ բանկային ոլորտի միջնորդավճարների հետ կապված, եւ դրա վերաբերյալ ցանկացել է լսել ֆինանսների նախարարի կարծիքը եւ կառավարության գնահատականը:
Ֆինանսների նախարարը նշել է, որ խնդիրը վերաբերում է ոչ թե դրամական փոխանցումներին, այլ կանխիկացման համակարգում պահումներին, որն ունի իր պատճառները: Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ Կենտրոնական բանկի պարզաբանումներով՝ դա անհրաժեշտ եւ տրամաբանական է:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ ազգային արժույթի կանխիկացման դեպքում որեւէ սակագին չի գործում, սակագինը գործում է օտարերկրյա արժույթների վրա, որոնց նկատմամբ Հայաստանի բանկային համակարգն ունի հասանելիության խնդիր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը շարունակում է աննախադեպ գերծանրաբեռնված աշխատել»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«2022 թվականի 9 ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 15 հազար 396 կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր (նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 46.5 տոկոս), ինչպես նաեւ 146 հազար 565 նույնականացման քարտ (նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ ավելի): ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է նաեւ 386 հազար 875 ՀՀ քաղաքացու անձնագիր. նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 29.7 տոկոսով»,- ասաց Ֆիդանյանը:
Ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 11 հազար 669 անձի:
«Քաղաքացիություն ձեռք բերելու, քաղաքացիությունից հրաժարվելու կապակցությամբ կազմվել ու ընթացք է տրվել 21 հազար 113 գործի», – նշեց Ֆիդանյանը:
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԿԱՐՈՎ ԳՈՐԳ
Հոկտեմբերի 27-ին՝ Տավուշի մարզ այցի ժամանակ, վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, եղել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջեւան գյուղի բնակիչ, կենսաթոշակառու ուսուցչուհի, գորգագործ Անուշ Ալեքսանյանի տանը։ Վերջինս Աննա Հակոբյանին է նվիրել Նիկոլ Փաշինանի պատկերով, «Դուխով» գրառումով փոքր գորգ։ Անուշ Ալեքսանյանը խորհրդային ժամանակ հայոց լեզու եւ գրականություն է սովորեցրել համագյուղացի, իրենց դպրոցի աշակերտ, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին, որը, գերազանցութամբ ավարտելով Ջուջեւանի ութամյա, ապա՝ Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցները, երկու տարի սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1988 թվականին տեղափոխվել Ադրբեջան։ Նա հիմա սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի համանախագահն է։
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Հոկտեմբերի 27-ին Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել հիմնանորոգված արվեստի պետական քոլեջի բացման հանդիսավոր միջոցառում: Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան գրասենյակը ամերիկահայ բարերարներ Հրաչ եւ Սյուզան Թուֆայանների ֆինանսավորմամբ 2019 թվականին հիմնանորոգման ու բարեկարգման մեծածավալ աշխատանքներ է իրականացրել Դիլիջանի արվեստի պետական քոլեջում: Շինարարական աշխատանքներից բացի, հիմնադրամը քոլեջին է նվիրաբերել երաժշտական գործիքներ ու համակարգիչներ: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով հնարավոր չի եղել ամբողջովին հիմնանորոգված քոլեջի բացման արարողությունը կազմակերպել ժամանակին, միջոցառումը հետաձգվել է։ Հանդիսավոր արարողության ժամանակ ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը դրվատել է քոլեջի շենքի հիմնանորոգման գործի բարերարներին, կատարած որակյալ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել «Կանակա» շինարարական կազմակերպությանը։ Միջոցառման ավարտին ներկայացվել է համերգային ծրագիր, որով հանդես են եկել Դիլիջանի արվեստի քոլեջի սաները։ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նրա տեղակալ Արամ Բազինյանը, համայնքապետարանի այլ պաշտոնյաներ չեն մասնակցել իրենց քաղաքի հիմնանորոգված քոլեջի բացման միջոցառմանը։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում, Դիլիջան համայնքի անցուդարձից զատ, ներկայացվում են Դիլիջան խոշոր համայնքի հետ կապ չունեցող լուրեր, Դիլիջանի կյանքին չառնչվող իրադարձությունների մասին տեղեկատվություն, սակայն Դիլիջան համայնքապետարանի պաշտոնական, ինտերնետային կայքում ոչ մի տող չկա Դիլիջան քաղաքի արվեստի պետական քոլեջում կայացած վերոհիշյալ հանդիսավոր միջոցառման մասին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ