ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մանկապարտեզի խաղահրապարակի եւ սեպտիկ հորի, 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի լուսավորության ցանցի, ներհամայնքային ոռոգման համակարգերի կառուցման, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման եւ մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները։ Այդ մասին ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նա նաեւ նշել է. «Սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով այցելել եմ Ծովինարի շինհրապարակներ։

 

Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին։ Այն սկսվել է 2019 թվականից եւ ընթացել մի քանի փուլերով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

2019 թվականին Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգմանը հատկացվել է 28,8 միլիոն, 2020 թվականին՝ 40 միլիոն, 2021 թվականին՝ 28,5 միլիոն, 2022 թվականին՝ 61,5 միլիոն դրամ։ Նախորդ երեք տարիների ընթացքում ավարտին են հասցվել հիմնանորոգման, ինչպես նաեւ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները, իսկ այս տարվա տրամադրած միջոցներով այժմ ընթանում են բակային տարածքի բարեկարգման, խաղահրապարակի եւ սեպտիկ հորի կառուցման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն նոյեմբեր ամսվա ընթացքում։

Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգման 2022 թվականի ավարտական փուլի համար տրամադրվել է 61,5 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների ավարտից եւ գույքի ձեռքբերումից հետո Ծովինարի մանկապարտեզն իր դռները կբացի գյուղի նախադպրոցական տարիքի 100 երեխաների առջեւ։ Ծովինարի մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել է 2005 թվականից շենքային անբավարար պայմանների պատճառով։ Վերջին չորս տարիների ընթացքում շենքի հիմնանորոգումն ընթացել է անխափան։ Այս տարի հատկացված 61,5 միլիոն դրամից գույքի ձեռքբերմանն ուղղվում է 20 միլիոն դրամ, իսկ մնացած գումարը ծախսվում է տարածքի բարեկարգման, խաղահրապարակի եւ սեպտիկ հորի կառուցման ուղղությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 60 տոկոսով։ Ծովինարի ներհամայքնային փողոցների ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 101 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատմամբ հիմնանորոգել 1-ին թաղամասի 9-րդ փողոցը եւ 2րդ թաղամասի 6-րդ փողոցը՝ շուրջ 1200 գծամետր երկարությամբ եւ 5 հազար քառակուսի մետր մակերեսով։ 2022 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 1-ին թաղամասի 9-րդ փողոցում, իսկ 2-րդ թաղամասի 6-րդ փողոցում ընթանում են հողային հարթեցման եւ այլ կարգի նախապատրաստական աշխատանքներ, որոնց առաջիկա օրերին կհաջորդի ասֆալտապատումը։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ։ Ծովինարի 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 միլիոն 562 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանցի կառուցում 600 գծամետր երկարությամբ եւ 30 լուսատուների տեղադրմամբ։ Այստեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 80 տոկոսով։ Ծովինարի ոռոգման համակարգերի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 32 միլիոն 280 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման ներքին ցանցի կառուցում երկաթբետոնյա վաքերով եւ մետաղական խողովակներով, 2-րդ թաղամասի 6-րդ փողոցում, շուրջ 700 գծամետր երկարությամբ։ Շինարարակական աշխատանքներն ավարտվել են 50 տոկոսով։ Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ։ Ծովինարի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն 980 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Ծովինարի մշակույթի կենտրոնի ներքին հարդարման աշխատանքների իրականացում։ Աշխատանքներն այստեղ ավարտվել են մոտ 60 տոկոսով։ Ծանոթացա շինարության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, նկատված թերությունների շուրջ եղան դիտողություններ եւ առաջարկություններ, սխալների շտկման ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Բոլոր ծրագրերն էլ կենսական նշանակություն ունեն Ծովինարի բնակչության համար։ Դրանց իրականացման արդյունքում վերջապես երկար տարիների ընդմիջումից հետո կվերաբացվի Ծովինարի մանկապարտեզը, կարդիականացվի մշակույթի կենտրոնը, ոռոգման ներքին ցանցը, կավելանան ասֆալտապատ ճանապարհների մակերեսները, լուսավորվող փողոցները։ Առաջիկա տարիների ընթացքում եւս Ծովինարում կներդրվեն կենսական նշանակության նոր ծրագրեր, որոնց շնորհիվ կկարգավորվեն գյուղում տասնամյակներով կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրները։

 

 

 

 

ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տուն-ինտերնատների, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնների, մանկատների եւ այլ նմանատիպ հաստատությունների կարիքների համար սննդի մատակարարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերին  մասնակցած «Դանինի» հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման, «Տումոե», «Ֆուդսիթի», «Ջուզեպպե» եւ «Խաչմիք» ընկերությունների վարքագիծը որակել է որպես հակամրցակցային համաձայնություն:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները հանդիսացել են փոխկապակցված անձինք, որոնք  2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2022 թվականի հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են էլեկտրոնային աճուրդի ձեւով հայտարարված գնման ընթացակարգերին՝ վարելով համաձայնեցված քաղաքականություն:

Մասնավորապես, գործելով «Ֆուդսիթի» ընկերության օգտին՝ մյուս չորս ընկերություններն այն սակարկումների ընթացքում, որտեղ մրցակիցը սակարկման ընթացքում ներկայացրել է այնպիսի գին, որը ցածր է եղել «Ֆուդսիթի» ընկերության նախնական գնային առաջարկից, ներկայացրել են անհամեմատ ցածր գներ՝ բացառելով մրցակիցների կողմից սակարկելու հնարավորությունը, խաթարելով գնման ընթացակարգը, իսկ այն սակարկումների ընթացքում,  որտեղ «Ֆուդսիթի» ընկերությանն առաջին փորձից հաջողվել է հաղթող ճանաչվել, կամ գնման առարկան դուրս է եղել վերջինիս հետաքրքրությունների շրջանակից, սակարկումներին չեն մասնակցել։

Հանձնաժողովի որոշմամբ՝ վերոնշյալ ընկերությունների նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 13 918 638 դրամ ընդհանուր գումարի չափով:

 

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ

Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին Արարատի մարզում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ Երեւան-Երասխ մայրուղու աջակողմյան հատվածում քաղաքացի Գ.Հ.-ն իրեն պատկանող հողամասում այրել է խոզաններ։

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման համար իրավախախտի նկատմամբ կնշանակվի 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Վերահսկողական աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

 

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ

Հայաստանում պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն, իսկ պարգեւավճարները՝ կկրճատվեն. այս մասին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին՝ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով՝ բոլոր գերատեսչություններում պարգեւավճարների ֆոնդը մինչեւ 2019 թվականը կազմել է աշխատավարձի ֆոնդի մոտ 10 տոկոսը, ընդ որում՝ 2019 թվականին այս 10 %-ին ավելացրել են եւս 20 տոկոս։ Այսպիսով, կառավարությունը ցանկանում է պարգեւավճարների ֆոնդը 30 տոկոսից իջեցնել 16 տոկոսի։ «Թե ինչ սկզբունքով են բաշխվելու պարգեւները, կորոշվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,- ասաց Խաչատրյանը։

Սակայն ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում առայժմ չկա։ Հայտնի է միայն, որ բազային դրույքաչափը, որով հաշվարկվում են պաշտոնյաների աշխատավարձերը՝ կախված պաշտոնից եւ ստաժից, 66 140-ից կբարձրացվի մինչեւ 82 000 դրամ։ Աշխատավարձերի բարձրացմանը կուղղվի նաեւ պարգեւավճարների ֆոնդի մի մասը։

«Ընդհանուր առմամբ, 2023 թվականին պետական ծառայողների աշխատավարձերի ֆոնդը կավելացվի 21 մլրդ դրամով, այսինքն՝ 7-8 տոկոսով»,- պարզաբանեց նախարարը։

 

 

 

ԴՐԱՄԱԿԱՆԱ ՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի, տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն։ Շահառու ընտանիքներին տրամադրվել է 75,000-ից 181,000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնում են, որ համապատասխանաբար 1 անձից բաղկացած ընտանիքին տրվել է 75,000 ՀՀ դրամ, 2 անձից բաղկացած ընտանիքին՝ 107,500 ՀՀ դրամ, 3 անձից բաղկացած ընտանիքին ՝ 132,000 ՀՀ դրամ, 4 անձից բաղկացած  ընտանիքին՝ 156,500 ՀՀ դրամ, 5 եւ ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 181,000 ՀՀ դրամ։ Ընդանուր առմամբ տրամադրվել է 12 720 500 ՀՀ դրամի աջակցություն:




Լրահոս