ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործի կասեցման մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Իսկ ի՞նչն է պատճառը. Քննչական կոմիտեում քրեական գործ կամ վարույթ է հարուցվել, ոստիկանությունը որոշել է Ներքին անվտանգության վարչությունում առկա քննությունը կասեցնել մինչեւ այդ քրեական գործի ավարտը, այսինքն՝ Քննչական կոմիտեի քննության ավարտից հետո ոստիկանության ղեկավարությունը իր համապատասխան քայլերը կիրականացնի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջադեպից միայն մի քանի օր անց հարուցված քրեական գործով մինչեւ օրս որեւէ ոստիկան կամ հրաման տվող սպա պատասխանատվության չի ենթարկվել: Նշենք, որ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր:

Թերեւս չի էլ լինի պատիժ, քանի որ այդ ծեծն ակնհայտորեն ուներ քաղաքական հրահանգ: Իսկ չի՞ պատրաստվում հրաժարական տալ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, քանի որ մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջել էին նրա հրաժարականը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ. այս հարցի պատասխանը անձամբ փորձեցինք ստանալ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից:

-Ինչո՞ւ ՀՀ ոստիկանապետը հրաժարական չի տալիս. չէ՞ որ «Եռաբլուր»-ի միջադեպից հետո պահանջում էին նրա հրաժարականը, եւ եթե չի հրաժարվում, կխնդրեմ մեկնաբանել՝ ինչու:

-Ըստ էության հասարակական ընկերությունների պահանջը նախ պետք է հիմնավոր լինի:

-Մի՞թե «Եռաբլուր»-ի միջադեպը հիմնավոր չէր:

-Այդ միջադեպի գործով իրականացվում է վարույթ: Վարույթը իրականացվում է բանականաբար ոչ ոստիկանության կողմից

-Ներքին անվտանգության ծառայությունում նախաքննություն է  իրականացվում,  որը կարող են համարել նախաքննական գաղտնիք, բայց  ոստիկանության Ներքին անվտանգության  ծառայությունում եւս նախաքննություն է, եւ մեկ ամիս է, ինչ հանրությունը  տեղյակ չի՝  ոստիկանության որ պաշտոնյայի հրահանգով է ծնողների նկատմամբ նման  վարք դրսեւորվել:

-Ներքին անվտանգության վարչության կողմից իրականացվող յուրաքանչյուր ուսումնասիրություն  կասեցվում է, եթե առկա է քրեական վարույթ.  տվյալ դեպքով եւս բացառություն չէ: Քրեական վարույթի ավարտից հետո, վստահեցնում եմ, պարզ կլինեն բոլոր հանգամանքները, եթե այնտեղ եղել է մեղավորություն եւ ում կողմից: Քրեական վարույթն է, որ պետք է պարզի մեղավորներին ցանկացած պարագայում:

-Նմանօրինակ դեպքերում մինչ օրս ոչ մի ոստիկան պատասխան չի տվել: Եթե ոստիկանության համար ցանկալի իրավիճակ չէ, ապա ոչ ոք պատասխան չի տալիս: Հետաքրքիր է Ձեր կարծիքը այս մասին:

-Չեմ համաձայնի բնականաբար Ձեր  տվյալ պնդման հետ, քանի որ մենք  տարվա կտրվածքով ունենք  1300-ին մոտ  ծառայողական քննություններ: Մեծ թվով ոստիկանության աշխատողներ ունենք, որոնք ենթարկվել են տարբեր կարգապահական պատասխանատվությունների: Այս տարի 42 աշխատակից ազատվել է ոստիկանության ծառայությունից, որտեղ գտնվում են այն աշխատողները, որոնք կատարել են տարբեր իրավախախտումներ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՎՆԱՍՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑ

Քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը եւ համայնքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարումները պետք է կատարվեն մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ՝ այս նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի  առաջին հանդիպման ժամանակ:

 

Հանդիպմանը մասնակցել են Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաեւ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին եւ տեղեկացրել, որ աշխատանքային խումբը մինչեւ տարեվերջ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի պետությանը եւ համայնքներին պատճառված վնասի վերականգնման մեկ միասնական գանձապետական հաշվեհամար ունենալու գործընթացի կազմակերպման մասին եզրակացություն՝ ֆինանսական եւ իրավական բաղադրիչներով: «Հարցը շատ կարեւոր է. բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ օր առաջ ստեղծենք միասնական հաշիվ, որպեսզի, ինչպես ՀՀ վարչապետն է բազմիցս նշել, ամեն տարի ունենանք պետությանը պատճառված վնասի վերականգնման հանրագումար, այն արտացոլվի նաեւ պետական բյուջեի եկամուտների մեջ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը աշխատանքային խմբին է ներկայացրել պետությանը եւ համայնքներին պատճառված վնասի վերականգնման գործող կարգավորումների կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներն ու գույքագրված խնդիրները, որոնք խոչընդոտում են վերականգնված գումարները տնօրինելիս եւ հաշվառելիս:

Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավասու մարմիններում քննվող քրեական վարույթներով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը վերականգնվում է տարբեր նախաքննական մարմինների կամ դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգնման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին: «Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական վարույթով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվին»,- տեղեկացրել է վարչության պետը:

Հանդիպման ընթացքում պետական մարմինների ներկայացուցիչներն անդրադարձել են պետությանը եւ համայնքներին պատճառված վնասի վերականգնման արդյունավետ մեխանիզմ ներդնելու, դրան զուգահեռ՝ տարիների ընթացքում տարբեր պետական մարմիններին այդ նպատակով փոխանցված գումարների գույքագրում սկսելու հարցերին, տրվել են նաեւ հանձնարականներ, սահմանվել են ժամկետներ:

Աշխատանքային խմբի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելու համար վարչապետի որոշմամբ սահմանված վերջնաժամկետի պահպանումը:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Այս տարվա սեպտեմբերի 13-ին սկսված պատերազմի ընթացքում ուշագրավ դեպքեր են եղել, ինչի արդյունքում իրավապահները հարուցել են քրեական գործ: Այսպիսով, ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Իրինա Բալայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԶՈւԳՇ պետի 2021 թվականի օգոստոսի 25-հրամանով հանդիսացել է ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի բուժկետի պետ-բուժակ, կոչումով սերժանտ, նույն զորամասում 2022 թվականի սեպտեմբերի 14-ին հրաժարվել է զինվորական ծառայություն իրականացնել եւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի հրամանով սահմանված Ջերմուկի մատույցներում պաշտպանության անցնելու պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ: Նա մեղադրյալի աթոռին է, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու արգելքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության եւ իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով եւ 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) 1-ին մասով, եւ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել եւ վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել էր նաեւ իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում: Նախաքննությունը շարունակվում է։

 




Լրահոս