ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հեռուստադիտողը հնարավորություն ունի դիտելու «Սոսի Լոսը» հումորային նախագծի չորրորդ եթերաշրջանը: ArmLur.am-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր, դերասան Սոս Կարապետյանը պատմել է նկարահանման ընթացքի, նախագծի ստեղծման եւ Հավայան կղզիների արկածների մասին:

 

Մեր զրուցակցի խոսքով՝ նախագծի նկարահանումները տեղի են ունեցել Հավայան կղզիներում. «Անկեղծ կլինեմ. երբ ընկերներիս ասում էի, որ ցանկություն ունեմ այս եթերաշրջանը նկարահանելու Հավայան կղզիներում, ինձ բոլորը միաբերան ասում էին, որ հնարավոր չէ եւ ավելորդ գլխացավանք է, բայց, իհարկե, դա ինձ ետ չպահեց եւ է՛լ ավելի ուժ տվեց այն իրականացնելու: Անկեղծ կլինեմ. այս պրոյեկտը կյանքի կոչելը մի մեծ խնդիր եւ նպատակ էր ինձ համար, քանի որ Հավայան կղզիներում նկարահանում անելը շատերի համար երազանքի պես բան է, անգամ ռուսներին մինչ այսօր չի հաջողվել այնտեղ նկարահանումներ անել: Այսպիսով, երբ ամեն բան հստակեցվեց, սկսեցի թիմ հավաքել, առաջինը խոսեցի նախագծի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Անուշ Պետրոսյանի հետ, եւ միասին սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Թիմը ձեւավորվելուց հետո 15 օրով մեկնեցինք Հավայան կղզիներ, ու այդ 15 օրում պետք է հասցնեինք նկարահանումներն անել, այն էլ՝ այն պայմաններում, երբ նախապես ոչ մի բան պլանավորված եւ որոշված չէր, այսինքն՝ տեղը, վայրը եւ այլն: Առաջին անգամ հայտնվեցինք մի կղզում, որտեղ ոչ մեկ երբեք չէր գտնվել»:

Սոս Կարապետյանի փոխանցմամբ՝  նկարահանումներն անցել են շատ արկածային, շատ հետաքրքիր, դժվարին հաղթահարվող փորձություններով, բայց շատ երջանիկ:

«Ինձ համար առաջինը բարդ էր այնքանով, որ մեր 10 հոգանոց թիմից անգլերեն գիտեր միայն մոդել, դերասանուհի Արենա Զեյնալյանը, եւ նա էր մեզ օգնում հաղորդակցվելու հարցում: Նախագծում նկարահանվել են նաեւ տեղի բնակիչները եւ այլ ազգի ներկայացուցիչներ: Ամեն մի օրը անցել ենք մի  բարդ փորձության միջով: Նկարահանումներ ենք ունեցել նաեւ Մաու կղզում՝ մի հեքիաթային վայրում, որտեղից պետք է ստանայինք անմարդաբնակ կղզու տեսարաններ, սակայն այնտեղ հասնելու համար մեզանից պահանջվեց մի քանի ժամ քայլել եւ ջրի միջով  անցկացնել նկարահանման ողջ տեխնիկան: Շատ վայրեր են եղել, որտեղ չեն թույլատրել անցկացնել նկարահանումներ, սակայն երկար պայքարից եւ ջանքերից հետո մեզ հաջողվել է»,- հավելեց Սոսը:

Սոս Կարապետյանի փոխանցմամբ՝ նախագիծը աննախադեպ է, քանի որ այն իրականացնելու համար պահանջվել է բավականին մեծ բյուջե, ծախսվել են մեծ գումարներ. «Ուզում եմ  նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են, եւ ներողություն խնդրել Հայաստանում ապրող մեր հայրենակիցներից, մեր որդեկորույս մայրերից, քանի որ դժվարին ժամանակներ են մեր երկրի համար, բայց, կարծում եմ, այն շատերին դուր կգա եւ մի փոքր մարդկանց կկտրի իրականությունից: Ի դեպ, այն ցուցադրվելու է շաբաթական երկու անգամ, եւ նախատեսվում է մինչեւ Ամանորն ավարտել նախագիծը»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

400-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Գերմանացի Յուրգեն Կլոպը 400-րդ հանդիպումն է անցկացրել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում անգլիական թիմը տանը 2:0 հաշվով հաղթել է իտալական «Նապոլիին»։ Երկու թիմերն էլ նվաճել են 1/8 եզրափակչի ուղեգիր։ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» պատմության մեջ չորրորդ մարզիչն է, որը հասնում է 400 հանդիպման ցուցանիշին։ Ռեկորդակիրը Բիլ Շենքլին է (783 խաղ), երկրորդ տեղում Թոմ Ուոթսոնն է (678), երրորդը Բոբ Փեյսլին է (535)։ Կլոպի ղեկավարությամբ «Լիվերպուլը» տարել է 243 հաղթանակ, 90 խաղ ավարտել ոչ-ոքի, կրել 66 պարտություն, խփել 833 գոլ, բաց թողել 394 գոլ։

 

 

 

 

 

«ԲԱՎԱՐԻԱՅԻ» ՌԵԿՈՐԴԸ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» սահմանել է Չեմպիոնների լիգայի ռեկորդ՝ երկրորդ մրցաշրջանում անընդմեջ հաղթանակներով ավարտելով խմբային փուլի բոլոր հանդիպումները։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 2-ական հաղթանակ տարավ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի», Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ չեխական «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ։ Անցած մրցաշրջանում «Բավարիան» խմբային փուլում 6 հաղթանակ էր տարել պորտուգալական «Բենֆիկայի», «Բարսելոնայի» եւ Կիեւի «Դինամոյի» հետ պայքարում։ «Բավարիան» նաեւ միակ թիմն է, որը պատմության մեջ երեք մրցաշրջանում հաղթանակով է ավարտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումները։ Առաջին անգամ մյունխենյան ակումբը նման արդյունք գրանցել էր 2019-2020 թվականների մրցաշրջանում։ Նախկինում խմբային փուլի բոլոր հանդիպումները հաղթանակով են ավարտել նաեւ իտալական «Միլանը» (1992/93), ֆրանսիական ՊՍԺ-ն (1994/95), ռուսական «Սպարտակը» (1995/96), «Բարսելոնան» (2002/03), Մադրիդի «Ռեալը» (2011/12, 2014/15), Ամստերդամի «Այաքսը» (2021/22) եւ անգլիական «Լիվերպուլը» (2021/22):

 

 

 

 

 

ԵՐԱԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը երազում է դարձյալ մասնակցել աշխարհի առաջնության։ «Բոլորը գիտեն, թե ինչ մեծ նշանակություն ունի ազգային հավաքականում խաղալը։ Ես ինձ դարձյալ լավ եմ զգում եւ պատրաստ կլինեմ աշխարհի առաջնությանը, բայց մասնակցությունս ինձնից կախված չէ։ Որոշողը Լուիս Էնրիկեն է, որին ես շատ եմ հարգում։ Երազում եմ հավաքական վերադառնալու եւ աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին։ Հույս ունեմ, որ կհայտնվեմ Քաթարում»,- ասել է Սերխիո Ռամոսը: 36-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Սերխիո Ռամոսը 2010թ. աշխարհի չեմպիոն է, 2008 եւ 2012-ի Եվրոպայի չեմպիոն։

 

 




Լրահոս