Միկա Բաղդասարովի համալիրի գործով Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում պաշտոնյաներ են լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.amգրել է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ ներկայացրել հանցանքի մասին հաղորդում՝ պետությանը շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնասի մասով: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը:

Ի պատասխան մեր այս հրապարակման՝ քիչ առաջ ՀՀ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին.

«Նկատի ունենալով, որ առերևույթ փաստվել են այնպիսի դեպքեր կամ գործողություններ կամ անգործություն, որոնց ողջամտորեն կարող է տրվել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետևանքներ առաջացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր կեղծելու, պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու արարքներին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու համար»:

Գրել էինք, որ մարզահամալիրը կառուցել է «Արմավիայի» հիմնադիր, «Միկա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովը, որը մի քանի տարի առաջ մահացել է։ Մարզադաշտի շինարարությունը սկսվել է 2006-ին, նախկին «Արաքս» մարզահամալիրի տարածքում, մարզադաշտը տեղավորում է 7250 հանդիսական:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է գործարարին եւ գրել, որ պետության հանդեպ Բաղդասարովն ունեցել է 6,9 մլրդ դրամի պարտք, 35 մլն դոլարի պարտք՝ 7 բանկերի, ինչպես նաեւ այլ պարտքեր: Ստացվում է՝ Գլխավոր դատախազն ընկել է վաղուց սնանկ ճանաչված եւ մահացած մադկանց հետեւից: Եթե Միխայիլ Բաղդասարովին պատկանող ընկերությունը սնանկացել է, եւ այդքան պարտքեր են կուտակվել, ապա էլ ումից է պահանջում դատախազությունն այդ գումարները:




Լրահոս