ԱԱԾ-Ն ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԱԾ-ի կողմից առաջարկվում է արդիականացնել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը: Վերջինս ընդունվել է 1996 թվականին, եւ հիմնավորման մեջ նշվում է, որ դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաեւ արդի միջազգային փորձը:

 

Ավելին, վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի  որոշմամբ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման եւ հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից հիշյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա էլ  մշակվել է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը:

Այսպիսով, նախագծով նախ առաջարկվում է  «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»: Այս կապակցությամբ նախագծում այլեւս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը, եւ «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները եւս կդասվեն պետական գաղտնիքի շարքին:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում են պետական գաղտիքին առնչվող հասկացությունների հետեւյալ սահմանումները.

1) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկություններ). ցանկացած տեղեկություն, արտադրանք կամ նյութ, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան դրոշմագիր (նշում), պաշտպանվում է պետության կողմից, եւ որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը  կամ շահերին,

2) պետական գաղտնիք. Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության եւ տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, արտադրանքը կամ նյութերն են, որոնք սույն օրենքի համաձայն պահպանվում եւ պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային  անվտանգությանը կամ շահերին,

3) սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք, սույն օրենքի համաձայն, չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին քաղաքական եւ տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքներին եւ օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,

4) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային) (այսուհետ` նաեւ տեղեկակիրներ). նյութական օբյեկտներն են, որոնցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների, գործընթացի կամ այլ ձեւերով,

5) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում. պետության պաշտպանության տակ գտնվող եւ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում կամ հոսակորուստ,

6) հրապարակում. պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկացած ձեւով մատչելի դարձնելն է այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն կամ իրավասություն չունեցող անձանց,

7) հոսակորուստ. պետության պաշտպանության տակ գտնվող եւ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կորուստ,

8) գաղտնագրում. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանության նպատակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,

9) գաղտնազերծում. պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման նկատմամբ օրենքով սահմանված կարգով սահմանափակումների վերացում,

10) գաղտնիության ռեժիմ. պետական գաղտնիքի պաշտպանության եւ պահպանության նպատակով համալիր միջոցառումների ամբողջություն` ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը կամ հուսակորուստը կանխելուն,

11) պետական գաղտնիքի պաշտպանություն. լիազոր մարմնի համակարգմամբ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց ուժերի ու միջոցների կիրառում` ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, արտադրանքների եւ նյութերի հրապարակումը եւ հոսակորուստը կանխելուն,

12) պետական գաղտնիքի պահպանություն. օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպչական, ինժեներատեխնիկական, ծրագրային եւ այլ անհրաժեշտ միջոցների ու մեթոդների համակարգված կիրառում,

13) գաղտնիության աստիճան. տեղեկությունների կարեւորությունը, դրանց տարածմամբ հնարավոր հետեւանքների առաջացումը եւ տեղեկության մատչելիության սահմանափակումը բնութագրող ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,

14) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն. ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու եւ օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրված թույլտվություն,

15) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցներ. գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված ինժեներատեխնիկական, ծրագրային, ինչպես նաեւ գաղտնի տեղեկությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,

16) գաղտնիության դրոշմագիր. վավերապայման, որը դրվում է տեղեկակիրների եւ (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա եւ վկայում  է տեղեկակիրներում առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,

17) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործում. այդպիսի տեղեկությունների հավաքումը կամ պահպանումը կամ փոխանցումը կամ գաղտնազերծումը,

18) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվել. անկախ իրականացման ձեւից եւ եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է այդպիսի տեղեկությունների ստեղծման, ամրագրման, համակարգման, հավաքման, վերամշակման, փոխանցման, փոխանակման, տեղափոխման, պահպանման, պաշտպանության, օգտագործման, ծանոթացման, հաշվառման, գաղտնիության աստիճանի փոփոխման, գաղտնազերծման, արխիվացման, ոչնչացման կամ այլ գործողություններ կատարելու հետ,

19) լիազոր մարմին. ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմին,

20) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ոչնչացում. պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասնակի կամ ամբողջական վերականգնման հնարավորության բացառում,

21) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն. այնպիսի կացություն, երբ ապահովված է անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական եւ հոգեւոր արժեքների, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն` գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարեւորության», «Հույժ գաղտնի» եւ «Գաղտնի» դրոշմագրեր:

Նախագծով ընդլայնվել են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները, մասնավորապես՝ պետական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել նաեւ պետության կողմից քաղաքացիներին, պաշտոնատար անձանց, կազմակերպություններին տրամադրվող արտոնությունների եւ սոցիալական երաշխիքների վերաբերյալ տեղեկությունները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՈՍԿՈՒ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Զարինա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի ընթացքում վաճառելու նպատակով «Վաղարշ եւ որդիներ» ՍՊ ընկերության կողմից վստահված ոսկյա զարդերից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 12.571.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր:

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 2-ին՝ ժ.19.05-ին, Տ. Ա.-ն, որը Ավան-Առինջի բնակիչ է, ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից։

 

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 04.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սիսիանցի երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Տերյան փողոցի սրճարաններից մեկում. անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ նրան բաժակով խփել էր 49-ամյա մի կին:

Ժամը 05:00-ին 49-ամյա կինն ու վիճաբանության մասնակից նրա 26-ամյա դուստրը Մինսկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել է նախաքննական մարմին:

 

 

 

ԿԵՂԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային եւ մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հետագա համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ մի խումբ անձինք չարաշահել են չորս քաղաքացու վստահությունը եւ հափշտակել խոշոր չափերով գումար՝ խարդախության հետեւյալ մեխանիզմով։ Առանց քննության վարորդական իրավունքի վկայականներ ստանալու պատրվակով նրանք քաղաքացիներից պահանջել էին 125-ից 250 հազար դրամ, այնուհետեւ տրամադրել վարորդական իրավունքի կեղծ վկայականներ՝ հափշտակելով ընդհանուր 875 հազար դրամ:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ, հայտնաբերվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, երկու անձ էլ ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ի դեպ, սա վարորդական իրավունքի վկայականներ ստանալու հետ կապված խարդախության առաջին դեպքը չէ: Մեր քաղաքացիներին հորդորում ենք վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել բացառապես օրինական ճանապարհով:




Լրահոս