ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՆԱՃ՝ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է։ Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հացի շուկայում այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է գնաճ։ Այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքը զգալի թանկացել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում սննդամթերքի ոլորտում գնաճը կազմել է 12.5 տոկոս, իսկ հոկտեմբերին, սեպտեմբեր ամսվա համեմատ, այն թանկացել է 0.3 տոկոսով: Հայաստանի 8 քաղաքներում  հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.5 տոկոսով, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

 

Երեւանում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում ոչ միայն ալյուրն է թանկացել, այլեւ բրինձը, մակարոնեղենը, ձավարեղենը։ Օրինակ՝ հնդկացորենը (գրեչկա) 23.2 տոկոսով է թանկացել։

Ի դեպ, փաթեթավորված կես կիլոգրամ հնդակացորենի գինը կազմում է շուրջ 800 դրամ, իսկ մեկ կիլոգրամի արժեքը 1600 դրամը գերազանցում է։ Որակյալ բրձնի մեկ կիլոգրամի արժեքը սկսում է 780 դրամից, բայց փաթեթավորված բրնձի գինն ավելի բարձր է՝ 900 դրամից սկսած։ Իսկ մակարոնը մեկ տարվա ընթացքում թանկացել է 30.3 տոկոսով։ Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբեր ամսվա համեմատ, բրձնի գինը նվազել է 0.4, մակարոնինը՝ 0.3 տոկոսով։

Հացն է թանկացել. ըստ Վիճակագրական կոմիտեի՝  այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հացի գինն աճել է 18.8, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.3 տոկոսով: Կարագի շուկայում եւս գնաճ է արձանագրվել, եւ սա՝ այն դեպքում, երբ դոլարի փոխարժեքը ցածր է։

Սովորաբար դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում որոշ ապրանքներ թանկանում են: Խոսքը ներկրվող ապրանքների մասին է։ Դոլարի եւ եվրոյի փոխարժեքը շարունակում է ցածր մնալ, իսկ կարագի գինը չի նվազում ու չի նվազում։

ՎԿ-ն կարագի շուկայում մեկ տարվա ընթացքում գրանցել է 3.3, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 0.2 տոկոսի չափով գնաճ։ Թանկացել է շոկոլադը, մեղրը։ Հրուշակեղենի շուկայում եւս գնաճ է արձանագրվել։ Կաթնամթերքը եւս ամնասն չի մնացել թանկացումից։ Ոչ միայն թարմ կաթի գինն է բարձրացել, այլեւ պանրինը։ Մեկ տարվա ընթացքում պանրի գինը բարձրացել է 22.1 տոկոսով։ Տավարի միսը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացել է 0.9 տոկոսով. մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 3500 դրամը, ցլիկի փափուկ մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 5350 դրամով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ ամսվա ընթացքում խոզի, գառան մսի, թռչնամսի գինը թեկուզ չնչին, բայց նվազել է։ Օրինակ՝ թռչնամսի  եւ խոզի մսի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 1.3 տոկոս։ Եթե մեկ տարվա կտրվածքով նայենք, ապա գառան միսը թանկացել է 5.2 տոկոսով։ Ձուն թանկացել է 2.9 տոկոսով։ Շաքարավազի շուկայում գրանցված գնաճը կազմել է 2.6 տոկոս։ Ձեթն է էժանացել 3.3 տոկոսով։ Ցիտրուսային մրգերի գները եւս հոկտեմբերին նվազել են  14.6 տոկոսով։

Բանջարեղենի շուկայում հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 3.6, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.5 տոկոս գնաճ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

165 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին, որպեսզի երկիրը կարողանա ներդրումների, արտահանման վրա հիմնված տնտեսական աճ արձանագրել՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ֆինանսական կայունությունը:

 

Արժույթի միջազգային հիմնադրամից հայտնում են, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 3-ամյա համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որը դեռեւս ենթակա է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի հաստատմանը. ակնկալվում է, որ  հարցը կքննարկվի 2022 թվականի դեկտեմբերին:

Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակիցների խումբը 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը եղել է Երեւանում՝ ուսումնասիրելու երեքամյա տնտեսական ծրագիրը: Հայաստանում ունեցած հանդիպումներից եւ քննարկումներից հետո Հայաստան ժամանած ԱՄՀ պատվիրակության ղեկավար Իվա Պետրովան հայտարարել է, որ Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են հասել համաձայնագրի շուրջ, որը ենթադրում է շուրջ 165.6 միլիոն դոլարի հատկացում Հայաստանին՝ մակրոտնտեսական, ֆիսկալ եւ ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական ծրագրին աջակցելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականին Հայաստանի համար 11 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել՝ արտաքին եկամուտների, կապիտալի եւ աշխատուժի ներհոսքի հաշվին: Նշվում է նաեւ, որ դրամի արժեւորումը հանգեցրել է երկրի պետական պարտքի նվազմանը, որն այս տարվա արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 51 տոկոսն այն դեպքում, երբ 2021 թվականին պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 60.3 տոկոսը:

Միեւնույն ժամանակ ակնկալվում է, որ 2023 թվականին տնտեսական աճը կդանդաղի եւ միջնաժամկետ կտրվածքով կմնա 4-5 տոկոսի միջակայքում։

 

 

 

 

 

ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմը խիստ ուռճացած է։ Մարզում ընդամենը երկու ոլորտ՝ հանրակրթությունը եւ առողջապահությունը ղեկավարող մարզպետարանի աշխատակազմն ունի 88 հաստիք՝ մարզպետ, մարզպետի երկու տեղակալ, մարզպետի երկու օգնական, մարզպետի երկու տեղակալների օգնականներ, մարզպետարանի գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի տեղակալ, վարչությունների պետեր, բաժնի վարիչներ, գլխավոր մասնագետներ, ավագ մասնագետներ, մասնագետներ, քարտուղար, 2 վարորդ, 4 հավաքարար, պարետ, պահակ, կաթսայատան վարիչ։ Ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի՝ մարզպետարանի աշխատողների 88 հաստիքներից ներկայումս թափուր են 12-ը։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմը 2022 թվականի ընթացքում պետական բյուջեից ստանալու է 88 միլիոն  92 հազար  700 դրամի չափով պարգեւատրում։ Նոյեմբերյան խոշորացված  համայնքի   Բարեկամավան փոքր գյուղը  հեռավոր, սահմանամերձ, վտանգավոր գոտում է: Երկու տարի է, ինչ  Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տանիքի նորոգումը (որը կատարվել է Ստավրոպոլում բնակվող բարեկամավանցիների հանգանակած փողերով) կիսատ է մնացել, անձրեւաջրերը լցվում են դպրոցի շենք։ Արդեն  երկու տարի  Բարեկամավանի բուժկետի տանիքի կեսը չկա, այն պոկվել է ուժգին քամուց, անձրեւաջրերը լցվում են ներս, բուժկետում հակասանիտարական ահավոր վիճակ է, պատերի վերեւի անկյուններում մեծ բորբոսներ են։ Այդպիսի ահավոր պայմաններում  է  բուժկետի բուժքույրն  աշխատում, այդ  պայմաններում բարեկամավանցիները բուժգնություն են ստանում,  դեղորայք է պահվում։ Նոյեմբերյան  համայնքի   սահմանամերձ Բերդավան գյուղի  միջնակարգ դպրոցի   հիմնանորոգման համար  «Բերդավան» բարեգործական հիմնադրամը  աշխատանքներ է կատարում։ Հիմնադրամին գումարներ են նվիրաբերում արտերկրում, Երեւանում, Հայաստանի այլ վայրերում, Բերդավանում բնակվող բերդավանցիները։ Հիմնադրամը  2022թ.  օգոստոսին  սկսել է   Բերդավանի միջնակարգ դպրոցի շենքի   մասնակի բարեկարգման աշխատանքները, որոնք շարունակական բնույթ են կրելու։ Արդեն ավարտվել է   շենքի  առաջին հարկի եւ  երկու մասնաշենքերն իրար կապող միջանցքի պատերի ու առաստաղի վերանորոգումը։ Հիմնադրամը  հաջորդ փուլում նախատեսում է  իրականացնել դպրոցի բակի ասֆալտապատման, առաջին հարկի ողջ տարածքի հատակի սալապատման, դպրոցի ընդհանուր վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթի կազմման աշխատանքները։ Այդ գործերը կատարելու համար հիմնադրամը գումարներ նվիրաբերելու կոչով դիմել է բերդավանցիներին։ Հայտնի չէ, թե որ նվաճումների համար պետական բյուջեում ավելի քան 88 միլիոն դրամ կա Տավուշի մարզպետարանի աշխատողներին  պարբերաբար պարգեւատրելու համար, իսկ սահմանագոտու պետական կարեւոր  հիմնարկների՝ Բարեկամավանի դպրոցի եւ բուժկետի տանիքների, Բերդավանի դպրոցի վերանորոգման համար  պետբյուջեում գումարներ չկան։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս