«ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» ԿՑՈՒՑԱԴՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրական ֆիլմը նոյեմբերի 3-17ը կցուցադրվի երեւանյան կինոթատրոններում. այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

 

«Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել դեռեւս հուլիսին՝ երեւանյան «Ոսկե Ծիրանի» օրերին՝ մասնակցելով փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ եւ արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին։ «Ավրորայի լուսաբաց» անիմացիոն-վավերագրությունը համատեղ արտադրություն է՝ Հայաստան-Գերմանիա-Լիտվա։ Կինոնկարը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնից եւ եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ «ԵՎՐԻՄԱԺ»-ից  (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող)։

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը՝ Հայկական ազգային կինոակադեմիան ընտրել է «Օսկար» մրցանակաբաշխության  «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»  անվանակարգում  ներկայացնելու համար։

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը նոմինացվել է Asia Pasific Screen Award (Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակ) մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։ Այդ անվնակարգում մրցելու են 5 ֆիլմեր։ Մրցանակաբաշխության արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 9-11-ը Ավստալիայի Բրիսբեն քաղաքում։ Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսը  Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկար»-ին համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ  ընտրվում եւ մրցանակի են արժանանում լավագույն ֆիլմերը։

Կինոնկարն ընդգրկվել է  (նոյեմբերի 18) Tallinn Black Nights կինոփառատոնի Baltic մրցութային ծրագրում, ինչպես նաեւ Ամստերդամի հայտնի վավերագրական փառատոնի (IDFA) Best of Fests ծրագրում։ Ֆիլմի համարտադրող երկրում՝ Լիտվայում, պրեմիերան կկայանա Scanorama փառատոնի օրերին՝  նոյեմբերի 19-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ֆիլմի ամերիկյան պրեմիերան (ANIMATION IS FILM փառատոնի մրցութային ծրագրում) Հոլիվուդյան պատմական Չինական թատրոնում։ Ֆիլմն արժանացել է  «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Դեռեւս հոկտեմբերի սկզբին ֆիլմն ընդգրկված է եղել նաեւ FilmFest Hamburg կինոփառատոնի «Կալեյդոսկոպ» մրցութային ծրագրում եւ DocLisboa փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում։

««Ավրորայի լուսաբացը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անիմացիայի աշխարհի ամենամեծ փառատոնի՝ «ԱՆՍԻ»-ի մրցութային ծրագրում։ Սա  աշխարհի ամենամեծ անիմացիոն փառատոնն է, որը ոչ պաշտոնապես համարվում է անիմացիայի Կաննը։

«Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից եւ միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով 100 տարի առաջ  թուրքական պետության իրականացրած ցեղասպանությանը, որի հետեւանքով իր բնօրրանում ոչնչացվեցին  1,5 միլիոն հայեր»,- հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից՝ ներկայացնելով Los Angeles Times-ի անդրադարձը։ «Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ներառվել է 2022 թվականի Animation Is Film «5 պարտադիր դիտման ֆիլմերի» ցանկում։ Aurora՚s Sunrise-ը հիբրիդային վավերագրական ֆիլմ է, որը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի կյանքը անիմացիայի միջոցով»,-գրում է Los Angeles Times-ը, որի փոխանցմամբ՝ 1901 թվականի հունվարի 12-ին Արեւմտյան Հայաստանում ծնված Ավրորա Մարդիգանյանի պատմությունը դարձավ Մերձավոր Արեւելքի օգնության ֆոնդի զանգը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ավրորա Մարդիգանյանի պատվին «Ավրորա» մրցանակը սահմանվել է որպես մարդասիրական մրցանակ, որը հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկիչների»:

 

 

«ՀՈԳՆԵԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՑ»

Դերասան Հովհաննես Ազոյանը, որը մշտապես հայտնվում է սկանդալների կիզակետում, վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ: ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել դերասանի հետ՝ պարզելու համար, թե ինչ զբաղվածություն ունի այս պահին եւ ինչ գործունեություն է ծավալում:

 

Վերջինս, մեր հարցադրումներին ի պատասխան, ասաց. «Այս պահին հարցազրույց չեմ տալիս, հանգստանում եմ, հոգնել եմ բոլորից, ինձանից պատասխան չեք կարող ակնկալել»,- կարճ, բայց ժպիտով նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը ակտիվորեն մասնակցել է 2018թ. հեղափոխությանը, ավելին՝  մշտապես աչքի է ընկել  քաղաքական դիրքորոշումներով եւ հայտարարություններով:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Իտալիայի չեմպիոն «Միլանի» ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուին։

36-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը բանակցությունները կսկսեն նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը՝ Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո։

Ժիրուն գոհ է պայմաններից Միլանում եւ դեմ չէ համագործակցության երկարաձգմանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

 

 

 

 

ԱՄՓՈՓՈՒՄ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իսպանական «Սեւիլիայի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը եւ ամփոփել խմբային փուլը։ Մանչեսթերյան թիմը նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր, «Սեւիլիան» խմբում գրավել է երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

«Մեր երիտասարդ խաղացողները գերազանց արդյունքի հասան փորձառու «Սեւիլիայի» հետ դիմակայությունում։

20-25 տարի իսպանական ակումբները գերիշխել են Եվրոպայում։ «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», «Սեւիլիան», «Վալենսիան» միշտ եղել են եվրագավաթային մրցաշարերում։ Այս տարի այնքան էլ հաջող չխաղացին։ Այսպիսին է ֆուտբոլը։ Սա ձախողում չէ, նրանք փորձեցին, բայց չստացվեց։ Հաջորդ տարի նրանք ավելի ուժեղ կվերադառնան։

Չեմպիոնների լիգան շատ բարդ մրցաշար է։ Կարճ ժամանակահատվածում պետք է շատ ուժ ներդնես։ Մեկ կամ երկու սխալը կարող է վճռական լինել։ «Բարսելոնան», «Յուվենտուսն» ու «Աթլետիկոն» գերազանց թիմեր են, բայց դուրս մնացին։ Լինում են վերահսկողությունից դուրս իրավիճակներ»,-ասել է Գվարդիոլան։

Իսպանական ակումբներից Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ է դուրս եկել միայն Մադրիդի «Ռեալը», որը պաշտպանում է տիտղոսը։

 

 

 

 

ՎԱՏԱԳՈՒՅՆ ՄՐՑԵԼՈՒՅԹ

Թուրինի «Յուվենտուսը» վատագույն մրցելույթն ունեցավ Չեմպիոնների լիգայում ակումբի պատմության մեջ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը խմբային փուլի 6 խաղից 5-ում պարտություն կրեց եւ միայն մեկ անգամ պարտության մատնեց իսրայելական «Մաքաբի Հայֆային»։

Վերջին տուրում «Յուվենտուսը» տանը 1:2 հաշվով պարտվեց Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ին։ H խմբում «Յուվենտուսն» ու «Մաքաբին» վաստակեցին 3-ական միավոր։ «Յուվենտուսը» երրորդ տեղը գրավեց եւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց գոլերի տարբերությամբ։

 




Լրահոս