Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները նոյեմբերի 15-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև խաղաղ ակցիա իրականացրեցին, ապա խնդրագիր հանձնեցին դեսպանատանը՝ ի աջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից նոյեմբերի 15-ին քննարկվելիք բանաձևի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խնդրագրի տակ ստորագրել է Արցախի ու Հայաստանի ավելի քան 1700 քաղաքացի, ներառյալ սփյուռքից:
«Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար: Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ բացելու մտադրությունը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես, որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- նշված է խնդրագրի մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, 2020թ.նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի պահպանման եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձեւը: Այս բանաձևի նախագծով Սենատը Ֆրանսիայի կառավարությանը նաև առաջարկում է քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը: