ԿԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ԱՆՀԱՍՑԵ ԿՈՐԵ՞Լ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում սկսվեց ու անմիջապես մինչեւ դեկտեմբերի 8-ը հետաձգվեց քաղաքացի Գուգրեն Աղաջանյանի ներկայացրած հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Պատճառն այն է, որ դատարանում որպես երրորդ անձ ներգրավված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի եւ նրա նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանի գտնվելու վայրն անհայտ է: Նրանց ուղարկված ծանուցագրերը հետ էին վերադարձել:
Քանի որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց վերջերս կառուցված դատարանի շենքում տեղ չկա, եւ բոլոր դատավորները չէ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանի նորակառույց շենքում աշխատասենյակ ունեն, ուստի «Ժողովուրդ»-ի հայցը լսվում էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի շենքում: Դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ սկսված նախնական դատական նիստն ընդհանուր առմամբ մոտ 10 րոպե տեւեց: Կողմերին ծանոթանալուց բացի, դատավորը պարզեց, որ «Ժողովուրդ»-ի փաստաբան Յուրա Եղիազարյանի կողմից «Հայփոստ»-ով ուղարկված պատասխանը չի դատավորը, ոչ էլ հայցվոր կողմը:
Սա դատական կարճատեւ նիստի ընթացքի մասին: Հիմա դառնանք հայցի ծիծաղելի բովանդակությանը` հիշեցնելով, որ «Ժողովուրդ»-ն օրինական, նույնիսկ «բարոյական» նամակ էր ստացել «Հայփոստ»-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի եւ նրա նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանի գործունեության վերաբերյալ: Նամակի հեղինակը, ըստ ծրարի, Գուրգեն Աղաջանյանն էր: Թերթն էլ, պահպանելով լրագրության էթիկայի բոլոր կանոնները, զանգահարել եւ համապատասխան մեկնաբանություններ էր խնդրել Կարինե Կիրակոսյանից` նրա ասածները եւս ներկայացնելով նույն հրապարակման մեջ:
Հաջորդ օրը խմբագրություն եկավ Գուրգեն Աղաջանյան անունով մեկը եւ ասաց, թե ինքը չէ այդ նամակի հեղինակը` բերելով մի հերքման տեքստ: «Ժողովուրդ»-ն առաջարկեց որեւէ ապացույցով հիմնավորել ասվածը` վստահեցնելով, որ այդ դեպքում կտպագրի հերքումը: Գուրգենն անհետացավ: Ու շատ չանցած` հասկացավ, որ անձամբ շատ վիրավորվել է Կարինեի փոխարեն եւ գնաց դատարան: Գուրգեն Աղաջանյանը հայցում գրել է, որ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորվել է հետեւյալ արտահայտություններով:  
1. «7 տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ «գիտնական» կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ…»:
2. «… Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք, եւ դժվար չէ պատկերացնել, թե դրա դեմ ինչպիսի խախտումներ են արել այդ գործի գիտակ Աշոտ Մարկոսյանի հետ…»:
3. «…Կարինե Կիրակոսյանն իրեն այդ ոլորտում ավելի ապահով զգալու համար եւ պետգույքի մի զգալի մասը յուրացնելու նպատակով աճուրդի կենտրոնի տնօրեն է նշանակել իր քեռու տղային` Մարտին Քալաշյանին, ով «նույնպես կեղծիքների մեծ վարպետ է»…»:
4. «…տիկին Կիրակոսյանը նման խարդախություններն իրականացնում է` հանրապետության ղեկավարության աչքերին թոզ փչելով…»:
5. «…Կոչ է անում նորանշանակ պետ Արման Սահակյանին մաքրել վարչությունն Աշոտ Մարկոսյանից եւ մի քանի նման տականքներից»:
Ուշադրություն` այս տողերից ոչ թե Կարինե Կիրակոսյանի արժանապատվությունն է արատավորվել, այլ ոմն Գուրգենի: Ու նա «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է ընդհանուր հաշվով 804 հազար դրամի չափով գումար: Իսկապես որ աբսուրդ իրավիճակ է:




Լրահոս