ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԱԾ Է ՀԱՄԱՐՎԵԼ 60-69 %-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած համարվող, դրույքաչափի փոփոխություն ունեցող եւ դրա նկատմամբ հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները:

 

Համաձայն հրամանի՝ կամավոր ատեստավորում անցած են համարվել ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները:

Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող եւ փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ 5 տարի ժամկետով հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները՝ ըստ ցուցաբերած արդյունքների՝

-70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով,

– 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով,

-90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով:

Ինչպես հայտնի է, ֆինանսական հատկացումներ ստանում են ատեստավորման 70 եւ ավելի տոկոսը հաղթահարած ուսուցիչները:

Սահմանվել է, որ դրույքաչափի փոփոխությունը եւ փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող հավելավճարները տրամադրվում են՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հիշեցնենք, որ, ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի, գործընթացին կարող էր մասնակցել շուրջ 29 441 ուսուցիչ (5-12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: Նախորդ տարի հնարավոր շահառուների ընդհանուր թիվը 15 417 էր, որոնցից գրանցվել էր շուրջ 9 տոկոսը:

2022 թվականի արդյունքներով կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-րդը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու է 1059 ուսուցիչ՝

l 30 %-ի չափով հավելավճար՝ 525 ուսուցիչ (մասնակիցների 23 %-ը),

l 40 %-ի չափով հավելավճար՝ 397 ուսուցիչ (մասնակիցների 17 %-ը),

l 50 %-ի չափով հավելավճար՝ 137 ուսուցիչ (մասնակիցների 6 %-ը):

Նշենք նաեւ, որ ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափն ավելի վաղ սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ, որի նկատմամբ կկիրառվի հավելավճարը:

2023 թվականից սկսած՝ ատեստավորման գործընթացն անցկացվելու է նաեւ 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների եւ դասվարների համար։

Ս.Հ.

 

 

 

 

«ԻՄՓԱՔԹ ՀԱԲ»-Ը՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Ստարտափ գաղափարներին աջակցող միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի համաշխարհային քարտեզում հիմա արդեն կա Սյունիքի մարզը: Գորիսում «Իմփաքթ Հաբի» մասնաճյուղ է ստեղծվել, որ մարզում սոցիալական ձեռներեցությունն ավելի զարգանա: «Սյունիք Իմփաքթ Հաբը» բացվել է «Ակբա ֆեդերացիայի» ու Եվրամիության համատեղ ֆինանսական աջակցությամբ:

 

Աշխարհի 65 երկրում գործող շուրջ 100 «Իմփաքթ Հաբերի» ցանցն ընդհանուր առմամբ 24000 անդամ ունի: Այժմ «Սյունիք Իմփաքթ Հաբում» ծնվող ու զարգացող բիզնես գաղափարների մասին կիմանան ամբողջ աշխարհում:

«Իմփաքթ Հաբի» երեւանյան մասնաճյուղին «Ակբա ֆեդերացիան» աջակցում է արդեն մի քանի տարի.  համայնքներում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը միտված բազմաթիվ գաղափարներ են կյանքի կոչվել այս ընթացքում: Սյունիքի մարզ «Իմփաքթ Հաբ» հարթակը տանելու գաղափարը «Ակբա ֆեդերացիայի» առաջարկն էր:

«Մեզ համար շատ կարեւոր է, որ երիտասարդները չլքեն իրենց տարածքը, մնան իրենց գյուղում, շրջապատում եւ այդ շրջանում մնալով՝ զարգացնեն իրենց գաղափարները, ավելի ուժեղ դարձնեն իրենց համայնքը»,- նշել է «Ակբա ֆեդերացիայի» գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:

«Այս ծրագիրը մեկ տարի առաջ ենք սկսել: Գորիսում ստարտափներին օգնելու եւ զարգացնելու հնարավորությունը մեզ ոգեւորեց: Շատ կարեւոր է, որ «Ակբա ֆեդերացիան» նույնպես ֆինանսավորում է այս ծրագիրն ու օգնում լավագույն գաղափարներին»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախարար-խորհրդական, Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

«Երբ մենք ծրագիրը սկսեցինք իրականացնել, հասկացանք, որ ուզում ենք երկարատեւ դարձնել այն՝ հենց այստեղ լինելով ու բացելով «Իմփաքթ Հաբ Սյունիքը»: «Ակբա ֆեդերացիան» կանգնեց մեր կողքին եւ ասաց, որ պատրաստ է աջակցելու, որպեսզի «Իմփաքթ Հաբ Սյունիքը» բացվի եւ գործի»,- նշել է «Իմփաքթ Հաբ Երեւանի» գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը:

Ոլորտային սահմանափակումներ «Սյունիք Իփաքթ Հաբը» չունի, հարկ եղած դեպքում նոր գաղափարներ ունեցողները կապ կհաստատեն արդեն փորձառուների հետ, դասախոսություններ կլսեն ու կկարողանան ճիշտ կազմակերպել իրենց բիզնես ապագան: «Սյունիք Իփաքթ Հաբը» կարող է լուրջ խթան դառնալ Սյունիքի մարզի երիտասարդների նախաձեռնությունները կենտրոնացնելու, առաջնորդելու եւ կյանքի կոչելու գործում։

«Ակբա ֆեդերացիան» «Ակբա բանկ»-ի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի շուրջ 83 տոկոս մասնաբաժին: «Ակբա» բանկում ունեցած մասնակցության շնորհիվ «Ակբա ֆեդերացիան» նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում եւ համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

 

 

 

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՐԹԱԳՐՈՒՄ

Նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաեւ քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով։

Նոյեմբերի 14-ից 18-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաեւ հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։




Լրահոս