ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց խաղաղ չէ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում, լինում են մարդկային կորուստներ։

 

Չնայած երկու տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարությամբ պարտավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները եւ կանգ առնել զբաղեցրած դիրքերում, Ադրբեջանը անցած երկու տարում միայն Հայաստանից  արդեն շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել։

Վերջին լայնածավալ հարձակումը սեպտեմբերի 13 -ին էր, երբ ադրբեջանական բանակը երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի ինքիշխան տարածք՝ օկուպացնելով Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի մի շարք հատվածներ։

Ադրբեջանական զինուժն այսօր Ջերմուկից 4.5 կիլոմտեր հեռավորության վրա է՝ նախկին 11 կիլոմետրի փոխարեն։ Ջերմուկցիների պնդմամբ՝ ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ քաղաքի մատույցներում եւ նկատելի են անգամ անզեն աչքով։

Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժը դիրքային առավելություններ է ձեռք բերել նաեւ Գեղարքունիքի մարզի Շորժաների ուղղությամբ։

Տարածքային կորուստներին զուգահեռ սեպտմեբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով միայն մեկ օրում շուրջ 210 հայ զինծառայող է զոհվել։

Ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքիշխան տարածքում իր առաջխաղացումը սկսել է դեռ 2021-ի մայիսից։

Ընդ որում՝ անցած երկու տարվա ընթացքում Ադրբեջանը օկուպացրել է ոչ միայն ինքիշխան Հայաստանի տարածքները, այլեւ այս տարվա մարտին ռուս խաղաղապահների ներկայությամբ ներխուժել է Արցախի Փառուխ գյուղ՝ գրավելով կարեւոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարը խախտելուց բացի, Ադրբեջանը դեռ չի կատարել նաեւ նույն հայտարարությամբ սահմանված՝ ռազմագերիներին վարադարձնելու պահանջը։ Ադրբեջանը հաստատել է, որ 44-օրյա պատերազմից հետո 33 հայ մնում է Բաքվի բանտերում, նրանց, սակայն, Բաքուն ռազմագերի չի համարում եւ հրաժարվում է վերադարձնել։

Պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը երեկ մասնակցում էր քննարկման եւ հայտարարեց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, քանի որ արդեն իսկ, առանց մի կրակոցի, բազմաթիվ տարածքներ է ստացել։

«Ադրբեջանի ղեկավարությունն ամբողջությամբ այսօր փորձելու է չիրականացնել նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը, որովհետեւ ստացել է իր համար ամանակարեւորը առանց որեւէ փամփուշտի, հետ են վերադարձրել Ակնայի, Քաշաթաղի, Քարվաճառի, նաեւ Բերձորի այդ միջանցքի որոշ հատվածներ։ Նա հիմա պայքարում է հետագա կետերի իրականացման համար. խոսքը վերաբերում է ճանապարհների բացմանը, ընդ որում՝ պնդելով որպես «Զանգեզուրի միջանցքի» բացում, եւ դրա համար ինքը շահարկումներ է անելու նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերից, ասենք՝ գերիների վերադարձ՝ յուրաքանչյուր անձնավորության վերադարձի համար ինչ-որ շահ ստանալով Հայաստանի Հանրապետությունից», – ասաց Օհանյանը։

Ն.Հ.

 

 

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օկուպացված Շուշիում Ալիեւի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի եւ Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով եւ սպառնալիքներով։ Այս մասին իր սոցիալական կայքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ալիեւի հնչեցրած սպառնալիքներին։

«Ալիեւյան ռեժիմը շարունակում է ցեղասպանության եւ ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի եւ հայոց պետականության նկատմամբ։ Պետք է դադարեցնել այս քաղաքականությունը եւ կանխել նոր հանցագործությունները միջազգային իրավունքի եւ պարտավորությունների շրջաններում»,- նշել է Բեգլարյանը։

 

 

 

ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- սոցիալական ցանցում գրել է ՆԱՏՕ-ի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Ուրախալի է տեսնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը նորից մասնակցում են ուղիղ բանակցություններին։ ՆԱՏՕ-ն սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչը կարեւոր նշանակություն ունի Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման համար, եւ ողջունում է ԱՄՆ-ի ջանքերն այս ուղղությամբ»,- նշել է նա։

 

 

 

ՓԵԼՈՍԻՆ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Նենսի Փելոսին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։ 82-ամյա Փելոսին «Դեմոկրատական կուսակցության ամենահայտնի դեմքերից մեկն» է եւ «հանրապետականների անհաշտ հակառակորդը»։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Փելոսին հանդես է եկել հայտարարությամբ: «Թեեւ բազմաթիվ ընտրարշավներ դեռեւս ընթանում են համահավասար տեմպերով, բայց արդեն պարզ Է, որ պալատում դեմոկրատական ներկայացուցիչների եւ թեկնածուների արդյունքները վստահորեն գերազանցում են սպասումներն ամբողջ երկրում»,- ասվում Է Փելոսիի հայտարարության մեջ

 

 

 

Ի ՆՇԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ

Նոյեմբերի 7-ին Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում Հայաստանին աջակցելու առաջարկը։

«Ի նշան համերաշխության՝ Ստրասբուրգ քաղաքը կբարձրացնի Հայաստանի դրոշը քաղաքապետարանի եւ վարչական կենտրոնի առջեւ»,- գրված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության սոցիալական ցանցում:

 

 

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ՀՀ-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը նոր նախագիծ է մշակել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծի ընդունման դեպքում հստակ սահմանված կլինեն Հայաստանի  Հանրապետությունում փախստական ճանաչված  անձանց  կացարանով  ապահովման մեխանիզմները  եւ միջոցները:

Բանն այն է, որ ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը  տարեկան միջինում կազմում է շուրջ 270 անձ: Այդ թիվն առանձին տարիներին, տարածաշրջանում առկա հակամարտություններով պայմանավորված, աճում է։ Այսպես, սիրիական ճգնաժամի հետեւանքով 2012թ.-ին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը հասել է 579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի։ Ակնհայտ է աճի միտումը նաեւ 2022թ.-ին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով։ 2022թ. առաջին 6 ամիսների ընթացքում արդեն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձինք, որոնցից 213-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ ՀՀ-ում տարեկան միջին հաշվով փախստական են ճանաչվում եւ ապաստան են ստանում շուրջ 150 անձինք:

Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած եւ փախստական ճանաչված անձանց կացարանի խնդիրը մասամբ լուծվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առեւտրային կազմակերպության սպասարկման ենթակա սոցիալական տներում (այսուհետ՝ Սոցիալական տներ) նրանց ժամանակավոր կացարան տրամադրելու միջոցով։ Սոցիալական տներում իրատեսական է բնակեցնել նշված 150 անձանց մեկ երրորդին, իսկ մնացած 100 անձի (շուրջ 40 ընտանիք) համար կացարանով ապահովումը հնարավոր է իրականացնել բնակարանի վարձակալության փոխհատուցման միջոցով:

 

 

 

ԾՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ

Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնվածների թիվը պակասել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար եւ սեպտեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 20 հազար 558, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 26 հազար 847, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 26 հազար 511:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում ծնված աղջիկների թիվը բավականին պակաս է տղաների թվից։ Օրինակ՝ այս տարվա 9 ամիսներին մեր հանրապետությունում ծնվել է 12 հազար 538 աղջիկ, իսկ ծնված տղաների թիվը կազմում է 13 հազար 973՝ 1436-ով ավելի։

 




Լրահոս