Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող մայրերը հայտնվել են անհարմար դրության մեջ․ արդեն մի քանի օր է, ինչ չեն ստացել իրենց հասանելիք 28 հազար 600 դրամը։ Ավելին ArmLur.am-ին դիմած մայրերի խոսքերով, գումարն իբր փոխանցվելու է հաջորդ շաբաթվա ընթացքում։
Մինչդեռ նախորդ ամիսներին այս գումարը նրանք ստացել են յուրաքանչյուր ամսվա մինչեւ 10-ը։ Ուշացման պատճառն իմանալու համար, մայրերը դիմում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից, սակայն, նրանք հստակ պատասխան չեն ստանում։ Բայց մյուս կողմից, տեսակետ է շրջանառվում այն մասին, որ դրա համար հատկացված գումարը կառավարությունը չունի, որ փոխանցի։
Հարցին պատասխան ստանալու նպատակով ArmLur.am-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին հետեւյալը․ «Համաձայն գործող օրենսդրության (Պետական նպաստների մասին օրենքի 28–րդ հոդված 8–րդ կետ)` մինչև 2 տարեկան երեխայի նպաստի վճարման ժամկետը մինչև տվյալ ամսվա ավարտն է։ Այս ամսվա վճարումները կկատարվեն նշված ժամկետը չխախտելով` բյուջետային միջոցների անհրաժեշտ վերաբաշխումների կատարումից հետո։ Սահմանված է, որ խնամքի նպաստը վճարվի տվյալ ամսվա ընթացքում, օրինակ՝ ամսի 10-ը, ֆիքսված վերջնաժամկետ չէ»: Թե ինչու է որոշվել այդ գումարները բաշխել այս ամսվա ավարտին, սոցապ նախարարությունից պարզաբանում են՝ նշելով, որ այս ամսվա վճարման օրվա փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ կարիք կա բյուջետային միջոցների վերաբաշխման։
Ս․Հ․