ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
Հոկտեմբերի 23-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովը, որի ընթացքում կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը վերլուծել է Հայաստանին առնչվող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումները: Ժողովում քննարկվել են նաեւ 2011 թվականի դեկտեմբերի 2-ին կայանալիք ՆԺ հերթական համագումարի օրակարգին վերաբերող հարցեր:
ԱԶԱՏԵ՛Ք ՏԻԳՐԱՆԻՆ
Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող ակտիվիստ Տիգրան Առաքելյանի` հոկտեմբերի 24-ին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներն Ազատության հրապարակում բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիային մասնակցել են «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ օրերս ձերբակալված ու ազատ արձակված Վարդգես Գասպարին: Ակցիայի մասնակիցները շրջել են փողոցներով եւ պահանջել ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
ՆՈՐ ՊԱՇՏՈՆ
«Արմենպրես» լրատվական գործակալությունը շուտով նոր տնօրեն կունենա, քանի որ նախկին տնօրեն Հրայր Զորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Զորյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 11 տարի: «Ժամանակն է իրականում այլ աշխատանքի անցնելու համար»,-նշել է նաեւ ԵՊՀ-ում դասավանդող Հրայր Զորյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ վարչապետի օգնական Արամ Անանյանը նշանակվել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենի պաշտոնակատար:
ԿԱԽՎԱԾ ԵՆ ԳՏԵԼ
Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 22 շենքի 30-րդ բնակարանում առաստաղից կախված երիտասարդ տղայի դիակ է հայտնաբերվել: Ստացված ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 28-ամյա Գեւորգ Հովհաննիսյանի մարմինը` առաստաղից կախված:
ՓՈՂ ՉՈՒՆԻ
WikiLeaks սկանդալային կայքը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի հեռագրերի հրապարակումը դադարեցնելու մտադրության մասին, քանի որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի:
ԿԱՐՏԱԳԱՂԹԻ
Ռուբեն Հախվերդյանը լրջորեն մտածում է Հայաստանից հեռանալու մասին: «Եթե չգնամ, իմ երեխաներին ի՞նչ է սպասվում այստեղ: Իրենք կդառնան նեղմիտ մարդիկ, ինչպիսին ես կլինեի, եթե աշխարհում չշրջեի»,-լրագրողներին ասել է երգահանը` հավելելով, որ ում էլ արտերկրում լավ բիզնես եւ լավ փող առաջարկեն, կգնա. «Էդ որ արվեստագետներ կան` հետ են գալիս, ուրեմն նրանք այնտեղ ստեղծագործելու ասպարեզ չունեն: Գալիս են, անունը դնում են հայրենասեր եմ, բայց նշանակում է` չեն ընդունվում դրսում»:
ՈՐ Ի՞ՆՉ
Աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել են Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցի: Մինչ այդ համանախագահները հանդիպումներ են ունեցել Իլհամ Ալիեւի եւ Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:
ՀԱՅԻ ՍԱՐՔԱԾԸ
Վանում 4 տարվա շինությունները փլվեցին երկրաշարժից, իսկ 444 տարի առաջ հայազգի ճարտարապետի կառուցած մզկիթը` ոչ: Այդ մասին գրել է թուրքական Dünya Bülteni կայքը` շեշտելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված բազմաթիվ շինություններ փլվել են, այն դեպքում, երբ հայազգի ճարտարապետ Միմար Սինանի կառուցված մզկիթը չի վնասվել: