Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն. ԱՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալները նորից հաստատում են այս փաստն ու դրա դեմ պայքարի ավելի հասցեական քաղաքականություն մշակում:

Ինչպես  հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, հենց այդ նպատակով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը նոյեմբերի 17-18-ը Երևանում կազմակերպել է աշխատաժողով: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները երկօրյա հանդիպման ընթացքում քննարկում են ապացույցների վրա հիմնված ամենաարդյունավետ քաղաքականությունները, որոնք իրապես հնարավոր է կիրառել իրենց երկրներում:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին մեր երկրում` Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է առողջ սնուցման համար նպաստավոր միջավայրի խթանումը, երեխաների շրջանում սննդի վերաբերյալ գովազդի կարգավորումը, ինչպես նաև շաքարի, աղի և հագեցած ճարպերի քանակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը միտված ռազմավարական առաջնահերթությունների մշակումը:

«ԱՀԿ-ի վերջին տվյալները փաստում են, որ դեռևս յուրաքանչյուր երրորդ երեխան ապրում է ավելորդ քաշով կամ գիրությամբ», – նշել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գծով ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար դոկտոր Կրեմլին Վիկրամասինգեն: «Մեզ հրատապ անհրաժեշտ են ավելի արդյունավետ քաղաքականություններ, որոնք կարող են օգնել հակադարձել մանկական գիրության ներկայիս միտումները՝ սննդակարգերը բարելավելու, ինչպես նաև շուկայում անառողջ սննդի և ըմպելիքների գովազդը սահմանափակելու միջոցով»:

Երեխաների համար ոչ առողջ սննդամթերքի վաճառքի սահմանափակումների ու սննդի փաթեթի առջևի մասում մակնշում անելու մասին ԱՀԿ-ի արած առաջարկները աշխատաժողովի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին հարմարեցնել իրենց ազգային համատեքստին ու կիրառել իրենց երկրներում:




Լրահոս