ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսից «Նիկոլ Փաշինյանը խաբել է….» անվամբ շարք է սկսել, եւ ամեն օր օրաթերթի հերթական համարում ներկայացնում է վարչապետի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունները եւ զուգահեռելով իրականությանը՝ ապացուցում, որ նա տարբեր առիթներով մանիպուլացնում եւ խաբում է քաղաքացիներին:

 

Ի լրացումն այս շարքի՝ ArmLur.am լրատվական կայքում արդեն  կսկսենք մեկ այլ շարք եւ կներկայացնենք արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պաշտոնյաների կողմից տարբեր ժամանակներում ասված կեղծ հայտարարությունները, քանի որ նման գործելաոճ, ամեն դեպքում, միայն վարչապետը չէ, որ ունի: Նման գործելաոճով աչքի են ընկել ոչ միայն կոնկրետ անձինք, այլ նաեւ գերատեսչությունները՝ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով:

2022 թվականի հունիսի 21-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ի թիվս այլ հարցերի, հարցազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ՀՀ անվտանգության, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ Ակնայի ականապատ տարածքների քարտեզների թեմային:

«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ պարոն Այվազյանը (նկատի ունի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին-խմբ.) հրաժարական տվեց, շատ արագ այդ հարցը լուծվեց: Եվ պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները մենք չունենք: Եվ երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաեւ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Դրանից հետո Արա Այվազյանը պատասխանեց Արմեն Գրիգորյանի հայտարարություններին` դրանք որակելով որպես զրպարտություն: Ապա նա ընդգծել էր, որ հրաժարականից մեկ շաբաթ առաջ, այն ժամանակ դեռ կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանն արդյունավետ եւ դրական էր գնահատել արտաքին գործերի նախարարության աշխատանքը:

Մեկ այլ անգամ Արմեն Գրիգորյանը մանիպուլատիվ հայտարարություն էր արել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ՝ 2021 թվականի ապրիլի 3-ին: «Տեխնոլոգիաների եւ ռազմավարությունների վերլուծության կենտրոնը («ՑԱՍՏ») հրապարակել է  ուսումնասիրություն, որում գնահատվել է Ռուսաստանի դաշնակիցների գործունեությունը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասով Հայաստանը ամենասկզբունքային եւ հուսալի պետություններից մեկն է», – ասել էր նա:

Սակայն Արմեն Գրիգորյանը մանիպուլացրել է «ՑԱՍՏ»-ի գնահատականը: Իրականում Հայաստանը բնութագրված է որպես «Միջին կարեւորության եւ մեծ հավատարմություն» ունեցող երկիր, եւ, հավելում են . «Հարաբերությունների եւ դաշինքի հետագա շարունակական զարգացումը մեծ հաշվով այսուհետ կախված է Հայաստանի նոր ղեկավարության քայլերից եւ որդեգրած քաղաքականությունից»: Այսինքն՝ նրա խոսքերում մանիպուլյացիա է առկա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

«ԼՂ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է»

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում է նրանց վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում». իր սոցիալական ցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2020-ի նոյեմբերի 9-ից հետո սպանության փորձի 54 դեպք է գրանցվել, ինչի հետեւանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը։ Արդյո՞ք սա իրականացումն է ադրբեջանական կողմի այն նարատիվի, ըստ որի «ԼՂ հարցը լուծված է»», – նշել է Փաշինյանը։

 

 

 

ԵԱՀԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին:

Խմբի անդամների խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ եւ ընդգծել ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:

Կողմերը կարեւորել են ինչպես ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության, այնպես էլ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում եւ անդրադարձել դրանց գործունեությանը։ Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է համագործակցության նման ձեւաչափերի ներուժը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանը:

 

 

 

ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ին նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Փաթեթով առաջարկվում է ընտրողների ցուցակները կազմել ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների, իսկ Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց ընտրողների ցուցակները՝ ըստ գտնվելու վայրի հասցեների՝ այդ կերպ նպաստավոր պայմաններ ստեղծելով քվեարկության կազմակերպման համար:

Փոփոխությունները ներկայացրել է Արցախի արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը. նա պատասխանել է պատգամավորների հարցերին: ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեւակ Աղաջանյանը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում, եւ առաջարկված խմբագրական բնույթի փոփոխությունները հեղինակի կողմից ընդունվել են:

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի արտահերթ նիստի քննարկմանը:

 

 

 

ԱՌԱՋԱՐԿ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Պաշտպանության նախարարությունը ժամկետային զինծառայողների համար շուտով նոր օրինագիծ կմշակի ու, ըստ այդմ, 18-ամյա տղաների համար նոր առաջարկությամբ հանդես կգա։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը ժամկետային զինվորական ծառայությունից՝ պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու մասին է։ Օրինագծի մասին օրերս նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոսել՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցարզույցի ժամանակ։ Վարչապետ Փաշինյանը մասնավորապես ասել է հետեւյալը. «Առաջիկայում կընդունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա վեց ամիս հետո անցնել պայմանագրային ծառայության՝ բարձրացված աշխատավարձերով»:

Ըստ օրինգածի՝ ժամկետային զինծառայողը բանակում 6 ամիս ծառայելուց հետո կարող է պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքել ու ծառայության մնացած հատվածն արդեն որպես պայմանագրային զինվորական անցկացնել, այսինքն՝ եւ՛ ծառայել, եւ՛ աշխատել զինված ուժերում, ու, ի դեպ, բարձր աշխատավարձ ստանալ։ Բացի այդ. պայամանագրի ժամկետը լրանալուց հետո զինվորականը միանվագ 5 մլն դրամ է ստանալու պետությունից։ Ծրագիրը, որ «Պաշտպան հայրենյաց» անունն ունի, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցեի  մշտական հանձնաժողովում, հետո՝ հաջորդ իսկ օրը մեկնարկող ԱԺ քառօրյա նսիտերի օրը կքննարկվի։ Հարցի զեկուցողը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։

 

 

ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Armlur.am խմբագրությունն ահազանգ է ստացել՝ օրերս Երվանդ Քոչարի փողոցում մի խումբ երիտասարդների կողմից զինված «ռազբորկայի» եւ հնչած կրակոցների դեպքով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը ձերբակալել է դեպքի հետ որեւէ առնչություն չունեցող անձի, որին երեք օր պահելուց հետո ազատ են արձակել: Սակայն լուրեր կան, որ տղամարդուն ցանկանում են տանել կալանքի, որպեսզի այդ ճանապարհով նա աջակցի քննությանը եւ հայտնի դեպքի մասին այլ մանրամասներ, մինչդեռ տղամարդը պնդում է, որ այն, ինչ գիտի, հայտնել է, եւ որեւէ այլ բան չգիտի: Սակայն Նոյեմբերի 14-ի դրությամբ կան կալանավորվածներ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ոստիկանությունը Երեւանում կանխել է մինչեւ ատամները զինված «ռազբորկան»։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջեւ զինված «ռազբորկա» է տեղի ունենում։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, իսկ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին, մեկ այլ մարտական զենք, եւ ավտոմեքենայի դռան գաղտնի վայրում՝ մեկ այլ մարտական զենք։




Լրահոս