ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչ ՊՆ-ն ուսումնասիրում է, զինվորների ծնողներն ահազանգում են՝ ձմեռային համազգեստ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հանրությանը հուզող թեմաներին, մասնավորապես, այն խոսակցություններին, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո զինվորներին բահեր են անհրաժեշտ, դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներն արված չեն և այլն:

«Երեկ Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, այն չի լուսաբանվել, որովհետև նպատակը եղել է մեկը, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ նույնիսկ տրակտորի խնդիր չպետք է լինի»,-այս մասին նշել էր ՀՀ վարչապետը:

Իսկ իրականում ի հակադրություն վարչապետի պնդումների՝ ունենք այլ պատկեր:  ArmLur.am-ի խմբագրությունն ահազանգեր է ստացել,  որ ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայողներին ձմեռային համազգեստ (բաճկոն) չեն տրամադրում, արդյունքում  իրենք են ստիպված ձեռք բերում անհրաժեշտ համազգեստը եւ ուղարկում իրենց զավակներին:

Ստացված ահազանգերի պարզաբանման համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ Պաշտպանության նախարարություն պարզելու, թե ինչու՞ է նման իրավիճակ ստեղծվել, եւ ինչու՞ մինչ օրս զինվորներին ձմեռային համազգեստներ չեն տրամադրել:

Սակայն մեր հարցադրմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Այսպիսով՝ մինչ Պաշտպանության նախարարությունում կփորձեն ուսումնասիրել խնդիրը, զինվորները կշարունակեն ցրտաշունչ ձմռանը մրսելով սահմանը պահել, իսկ ծնողերը կփորձեն համազգեստ ուղարկել:

Հավելենք, որ մեր հրապարակման ի պատասխան Պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց. «Զինված ուժերի բոլոր զինծառայողներն ապահովված են  համազգեստով, որը ներառում է ձմեռային բաճկոն, անդրավարտիք, ձմեռային ձեռնոց եւ տաք ներքնաշորեր: Տեղեկություններն այն մասին, որ զինծառայողները  համազգեստ չունեն չի համապատասխանում իրականությանը, եթե նման ահազանգեր են լինում Պաշտպանության նախարարությունը պատշաճ ուսումնասիրում է խնդիրը»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս