«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում խոսակցություններ են եղել, որ «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացից հետո հաջորդ հերթը պետք է լինի հակակոռուպցիոն դատարանը, քանի որ նա եւս ընտրված արտակարգ դատարան է, որի նպատակը մեկն է՝ մեղադրական դատավճիռներ կայացնել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Եվրոպական միջազգային կառույցներն են քաղաքական իշխանությանը հասկացրել, թե ստեղծված դատարանն իր նպատակին չի ծառայում, ուստի դատական համակարգում արագացնում են «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը եւ իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը եւ եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձեւավորված դատարանը: Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, եւ օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները: ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, եւ ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի: Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք «ապահովելու» հարցում: «Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, եւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին: Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, որ անփառունակ հեռացավ ԲԴԽ-ից:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: