ՆՎԱԳՈՒՄ Է ՈՒ ԱՊՐՈՒՄ ԱՆՑՈՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հերոսը Խանջյան փողոցի գետնանցումում կիթառ է նվագում ոչ միայն ապրուստի փող վաստակելու, այլեւ, ինչպես ինքն է ասում, հաճույքի համար. «Երաժշտություն է, մարդիկ անցնում են, լսում են, հաճելի է, ադրենալին են ստանում»: Թեեւ հասկանալի է, որ դա հիմնականում գումար վաստակելու միջոց է, այնուամենայնիվ, նա պնդում է, որ առաջնայինը երաժշտությունն է, որ միգուցե տարիներ հետո այդտեղով անցնելիս մարդիկ  կհիշեն, կասեն. «Այստեղ մի մարդ լավ կիթառ էր նվագում»:
Կարոն, որ 55 տարեկան է, աշխատել չի ուզում. «Առաջ աշխատել եմ` զակատովկա էի անում, բայց ո՞ւմ էր պետք, որ փող չէի ստանում: Մի օր տանը պառկեցի, շեֆս զանգեց, ասեց` ինչի՞ գործի չես եկել, ասեցի` սպասում եմ մերս թոշակ ստանա, որ ճանապարհածախս ունենամ, գամ գործի»: Երաժիշտը, ամբողջ օրը գետնանցումում նվագելով, զարմանում է այն անցորդների վրա, որոնք գումար չեն տալիս, չի հավատում, որ միգուցե իրենք էլ չունեն. «Ուրեմն մի տասը դրամ, քսան դրամ չունե՞ն երաժիշտին տալու: Ուղղակի չեն ցանկանում»: Մենք  հետաքրքրվեցինք` արդյոք փող տվողները դա ավելի շատ անում են հենց այնպես, թե  դրամը տալիս են այն բանի համար, որ երաժշտությունը հավանում են:  «Երաժշտություն սիրող մարդն ուրիշ է: Լինում է` կանգնում, լսում են, լինում է, որ պատվիրում են: Երբեմն զարմանում են, որ նույնիսկ «Սանտա-Լուչիա» եմ նվագում: Դուք գիտե՞ք` ինչ է «Սանտա-Լուչիա»-ն…»,-հարցնում է երաժիշտը:
Նա ընտանիք ունի` աղջիկ, տղա: Տղան դեմ է հոր այսօրինակ «աշխատանքին». «Ասում է` մի՛ նվագի, նստի՛ տանը: Նստեմ տանը, ի՞նչ անեմ` պատերի համա՞ր նվագեմ: Մի քանի անգամ կիթառս ջարդել ա, ասում ա` խմելու համար ես նստում ընդեղ: Բայց հիմա, որ էլ չեմ խմում, էլ չի ջարդում»: Կարոն, ինչպես ինքն է ասում, 30 տարվա խմող է, թեեւ արդեն 2 ամիս է` «թարգել» է, էլ չի խմում: Ու բացատրում է «թարգել» կարողանալու ունակությունը. «Արաղ խմելը թարգելը հեշտ է, ծխելը թողնելն է դժվար: Երկու օր չխմես` օրգանիզմդ կմաքրվի ու էլ խմելու կարիք չես զգա: Իսկ սիգարետն ուրիշ է` հենց ներվայնացար, պիտի ծխես» ու… ծխում է` հավանաբար «ներվայնանալով»:
Նույնիսկ անցորդները նկատել են, որ երաժիշտի մոտ մարդիկ են հավաքվում ու միասին խմում: «Իմ մոտ 15-20 տարի գաղութ նստած տղերք են գալիս»,-ասում է նա: Իսկ այդ մարդկանց հետ նա ծանոթացել է այստեղ նվագելիս, նրա խոսքով` մարդիկ են, անցել են, երաժշտություն են լսել ու մոտեցել…
Իսկ Կարոն Խանջյան փողոց է գալիս «աշխատելու» ո՛չ ավել, ո՛չ պակաս Աբովյան քաղաքից, որտեղ ապրում է վարձով: Այնտեղ են տեղափոխվել պարտքերի պատճառով Երեւանի տունը ծախելուց հետո: Վերջերս էլ այդտեղով անցնող մարդիկ նկատած կլինեին նրա բացակայությունը, ինչը նա բացատրեց հետեւյալ կերպ. «Դե որ ցույց էր, ճանապարհները փակ էին»: Իսկ ցույցերի պատճառը թեեւ նա լավ գիտի, ինչպես ինքն է ասում, աչքի տակով նայում ես` ամեն ինչ պարզ է դառնում, այնուամենայնիվ, չի հետաքրքրվում քաղաքականությամբ, նրա համար միեւնույն է:

ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ




Լրահոս