ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի քան 3000 բեռնատար ու փչացող ապրանքներ. ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լարսի անցակետը հատել փորձող որոշ բեռնատարներ, որ նոյեմբերի սկզբից Վրաստանի տարածքում են՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի մոտ, այս օրերին նոր միայն կարողացել են անցնել շրջանցիկ այդ ճանապարհը: Բայց, ցավոք, դրանից որևէ բան չի փոխվել, ու դա չի էլ նշանակում, թե բեռնատարներն առաջիկա օրերին կամ շաբաթներին կարողանալու են հատել ռուս-վրացական սահմանը: ArmLur.am-ի հետ զրույցում այս պահին դեպի Լարսի անցակետ ճանապարհի մասին մանրամասներ է հայտնում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Պատգամավոր Դանիելյանը զարմանում է՝ ինչպես կարելի էր առիթը չօգտագործել ու ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցն առանձին չքննարկել:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտում է՝ հարցը մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ամենատարբեր հարթակներում բարձրաձայնում է, բայց առ այսօր դրական որևէ տեղաշարժ չկա:

Մեր զրուցակիցն արձանագրում է՝ իրավիճակի հետ կապված պարենային շուկայում արդեն իսկ թանկացումներ են նկատվում, արտահանող ընկերությունների մոտ՝ սնանկության դեպքեր: Տնտեսվարողները, հավելում է, աճեցրած ու ստացած բերքը ռեալիզացնել չեն կարողանում, ինչը գյուղատնտեսության ոլորտի իրական աղետներից է:

Արտահանող խոշոր կազմակերպություններից մեկը Facebook-ի իր էջում գրել է, որ նոյեմբերի 20-ի դրությամբ, պայմանավորված Լարսի անցակետի խիստ ցածր թողունակությամբ, ավելի քան 1 մլրդ դրամի վնաս է կրել: Մասնավոր ընկերությունը տեղեկացրել է նաև, որ միայն իր՝ խցանման մեջ մնացած բեռնատարները թվով 150-ն են: Իսկ ընդհանուր առմամբ, նորից ընկերության տեղկացմամբ, հայկական բեռնատարների թիվն այս պահին ավելի քան 3.000-ի է հասնում:

Սևակ Վարդումյան




Լրահոս