«ԵՍ ԷԺԱՆ ԳՆԵՐՈՎ ՉԵՄ ԵՐԳՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նանան ճանաչում ձեռք բերեց ընդամենը մի երգով: Մեզ հետ զրույցի ընթացքում նա նշեց. «Իմ կարիերայի սկզբում ես ոչ մի ծանոթ չեմ ունեցել: Ճանաչվել եմ «Իմ անուշ մայրիկ» երգով: Սովորական աղջիկ էի, ո՛չ շրջապատ ունեի, ո՛չ  ազդեցիկ եղբայր կամ ծնողներ: Ինձ ժողովրդի սերն է առաջ տարել»: Այս պահին Նանան ակումբում չի աշխատում. «2006թ. մի պահ եմ աշխատել «Ամիրա փալաս» ակումբում: Անձնական կյանքում մի քիչ խնդիրներ ունեի, իմ լավ ընկերը` Գեւորգ Եղիազարյանը, տարավ ինձ: Դա էլ ցրվելու համար»:
-Կասե՞ք հեռուստատեսությամբ չերեւալու պատճառները:
-Եթերում հազվադեպ եմ երեւում, քանի որ Հայաստանում քիչ եմ լինում, շրջագայում եմ: Հետո էլ շատ անգամ չեն կարողանում իմ հոնորարը վճարեն: Ես էժան գներով չեմ երգում:  Շատ չեմ սիրում հաղորդումներին մասնակցել, հեռուստատեսությամբ երեւալ, կոպիտ ասած, չեմ ուզում ռուսի ասած. «Мазолить глаза»: Ինձ համար հաճելի է, որ ժողովուրդն ինձ կարոտով սպասի»:
-Իսկ Ձեր հոնորարը շա՞տ մեծ է:
-Մեր բոլոր երգիչները, այս թվում նաեւ համերգ տվող երգիչները,  այդ թվով չեն երգում:
-Համարո՞ւմ եք Ձեզ բարձր վարձատրվող երգչուհի:
-Դուք ինձ այնպիսի հարց տվեցիք, որ միշտ շրջանցել եմ: Ես ինձ համարում եմ լավ մարդ, ժողովրդի կողմից սիրված երգչուհի: Ես սիրում եմ երգը, դա իմ աշխատանքն է, որի միջոցով ես գումար եմ վաստակում:
-Գո՞հ եք Ձեր վաստակից:
-Ես գումարը վաստակում եմ դրսում: Դժգոհ եմ այնքանով, որ Հայաստանում շատ քիչ մարդիկ են ի վիճակի տալ այն գումարը, որը մենք ուզում ենք:
Չեմ իմանում` Հայաստանում ինչ բիզնես է, բայց մի բան հաստատ է, այստեղ նորմալ չեն վարձատրում: Լավ, ինձ թող չվարձատրեն, ես դրսում եմ իմ գումարը վաստակում, բա մնացա՞ծ երգիչները: Բոլորը կլուբում 2 կոպեկով գոյատեւում են, ոչ թե…
-Եւ, ցավոք, շատ լավ երգիչներ այսօր փոխել են իրենց ոճը եւ տաշի-տուշի են երգում:
-Առանց տաշի-տուշի, ջան-ղուրբան չի լինի, դա մեր ազգն է: Ինչքանով էլ ես լավ ներկայացնեմ էստրադային որեւէ երգ, այնքան լավ չի ընդունվի, որքան շախով մի երգ: Մեր ժողովուրդը սիրում է կա՛մ լավ լացել, կա՛մ լավ քեֆ անել: Ծայրահեղությունից ծայրահեղություն ենք:
-Ձեր երգերի մեծամասնությունն էլ հենց 6/8 ոճի  մեջ  է:
-Բայց չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այդ ժանրը պատկերացնում միայն ռաբիս կատարումներով: Եթե ուզում են ասել ռաբիս, թող ասեն, ես դրանից չեմ նեղվում: Ես կոմերցիոն երգչուհի եմ, պահանջարկ ունեմ: Պատվերով էլ եմ երգեր կատարում տարբեր միջոցառումներին:  Առաջնորդվում եմ պահանջարկով: Երբ ուզում եմ էստրադային ինչ-որ երգ կատարել, ասում են. «Նա՛ն ջան, չի վաճառվելու, մի՛ երգի»:
-Ճշտված տեղեկության համաձայն` Ռուսաստանից Ձեզ հատուկ հրավիրում են, Դուք էլ մեկնում եք ու մասնակցում միջոցառումներին:
-Նման հատուկ հրավերքներ իմ կյանքում լինում են ամիսը 10-15 անգամ: Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ հատուկ հրավիրում են, որ ես մասնակցեմ նրանց միջոցառումերին: Որտեղ ուրախություն, այնտեղ ես: Մասնակցում եմ հարսանեկան հանդեսներին, ծննդյան տոներին… Չեմ նեղվում, քանի որ ինձ համար շատ հաճելի է, ինչո՞ւ ոչ: Երգիչներից շատերը նույնիսկ երազում են այդ մասին: Անգամ մեգաաստղերն են մասնակցում նման միջոցառումների` Ջենիֆեր Լոպես, Շակիրա, Ռիհաննա, նույնիսկ Ալլա Պուգաչովա: Մենք ինչո՞ւ չպետք է երգենք:
Դրսի հայերի, նամանավանդ Ռուսաստանի հայերի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ընտանիքներով ենք ընկերություն անում: Շնորհիվ իմ արվեստի` ես լավ անուն եմ վաստակել, շրջապատ եմ ստեղծել, ծանոթացել եմ շատ լավ մարդկանց հետ:
-Կա մեկ այլ տարածված կարծիք, որ շոու բիզնեսում առաջ գնալու համար պետք է ունենաս հարուստ սիրեկան կամ լավ մեջք:
-Ծիծաղելի բաներ եք ասում: Սիրեկանն ի՞նչ անի, եթե այդ աղջիկը երգել չի կարողանում: Առավոտից երեկո ժողովրդի աչքե՞րը հոգնեցնի: Մի բան ասեմ, այսօր քեզ ոչ մի շրջապատ, արտաքին, ոչինչ չի օգնի, որ դու դառնաս երգչուհի: Միակ բանը լավ երգ ունենալն է: Այսօր այնքան սիրուն աղջիկներ կան, որ երգի հետ ընդհանրապես կապ չունեն: Հարուստի երեխա է, ուզում է երգի, բայց դա էլ չի փրկի իրեն: Մոդելային մարմին կամ մեծ դիապազոնով ձայն ունենալը բավական չի, գտի՛ր լավ երգ:
-Նանա՛ ջան, աղջկանից տարիք չեն հարցնում, բայց քանի որ մեր ընթերցողներից մեկը խնդրել է մեզ հետաքրքրվել մասնավորապես քո տարիքով, չեմ կարող այդ հարցը չտալ:
-Ես ծնվել եմ 1984 թվականին: Գիտեք, բոլորի մոտ է այդ հարցն առաջանում: Միգուցե դա դիմահարդարումիցս է եղել: Շատերը նույնիսկ կարծում են, որ ես բալիկներ ունեմ կամ ամուսնացած եմ. ասեմ` երբեք չեմ էլ եղել: Մի անգամ եմ նշանված եղել 2005 թվականին, նշանս հետ եմ տվել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս