Ովքեր կփոխարինեն մանդատից հրաժարված պատգամավորներին. դաշինքում խառնաշփոթ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ «Ազգային ժողովի» Հայաստան խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանն ու Վահե Հակոբյանը վայր են դնում պատգամավորական մանդատները: Նրանցից առաջ էլ, հիշեցնենք, Արամ Վարդևանյանն էր մանդատից հրաժարվել ու հայտնել փաստաբանական ոլորտ վերադառնալու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ էր գրել, որ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցությունը, այդ պատգամավորների թվում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները:

Եթե մեկշաբաթյա ժամկետում պատգամավորներներն իրենց՝ ԱԺ նախագահին ուղղված՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին դիմումները հետ չվերցնեն, ապա նրան փոխարինելու կգան «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարները:

Բայց հաշվի առնելով հանգամանքը, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական գործունեությունը, ապա վերոնշյալ պատգամավորները ոչ միայն հետ չեն վերցնի ԱԺ նախագահին ուղղված իրենց դիմումները, այլ «Հայաստան» դաշինքի հաջորդ համարները, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ կարող են լինել, նույնպես կհրաժարվեն իրենց հասանելիք մանդատից:

ArmLur.am-ը դեռ նախորդ շաբաթ՝ Վարդևանյանի մանդատը դնելուց հետո էր գրել, որ դաշինքի հաջորդ համարը, դժվար թե, վերցնեն պատգամավորական մանդատները: Նրանք բժիշկ Ռիմա Ղազարյանն ու ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն են: Հերթական համարը Սեյրան Օհանյանի՝ հասարակական հիմունքներով օգնական, դաշնակցական Մհեր Սահակյանն է, որ ըստ երևույթին, չի հրաժարվի իրեն հասանելիք մանդատից:

Սահակյանից հետո ցուցակի հաջորդ համարները Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանն ու Ռոբերտ Հայրապետյանն են: ArmLur.am-ի տեղեկություններով ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Հայրապետյանը մանդատը չեն վերցնի: Հետևաբար՝ ցուցակի հաջորդականությամբ մանդատներ կարող են ստանալ Սայադ Շիրինյանը, Արփինե Վարդանյանն ու Արման Ղազարյանը:

Սևակ Վարդումյան




Լրահոս