ՇԵՆՔԱՅԻՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը վերաբաշխման միջոցով 1,933,373.9 հազար դրամ կուղղի մի շարք դպրոցների շենքային պայմանների եւ գույքային հագեցվածության բարելավմանը:

 

Գումար կհատկացվի թվով 96 դպրոցի շենքային պայմանների բարելավման համար, որոնցից 15-ը՝ Արագածոտնի մարզում, 7-ը՝ Արարատի մարզում, 13-ը՝ Արմավիրի մարզում, 6-ը՝ Գեղարքունիքի մարզում, 17-ը՝ Լոռու մարզում, 6-ը՝ Կոտայքի մարզում, 21-ը՝ Շիրակի մարզում եւ 11-ը՝ Տավուշի մարզում։ Գումարները հատկացվում են դպրոցների մասնակի նորոգման համար: Գումար կհատկացվի նաեւ թվով 101 դպրոցի գույքով ապահովման համար։ Գումարները հատկացվում են դպրոցների մասնակի նորոգման համար, մասնավորապես՝ 20 դպրոցում կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ, 12 դպրոցում կիրականացվեն տանիքի նորոգման աշխատանքներ, 33 դպրոցում կփոխարինվեն պատուհանները եւ դռները, կիրականացվեն դասասենյակների ներքին հարդարման աշխատանքներ, 9 դպրոցում կիրականացվեն սանհանգույցների նորոգման աշխատանքներ, 3 դպրոցում կիրականացվեն ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքներ, 19 դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի կամ ճաշարանի նորոգման կամ բակի բարեկարգման աշխատանքներ: Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեում կատարել վերաբաշխում՝ 154,674.0 հազար դրամի չափով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից թվով 8 մանկապարտեզի համար գույքի ձեռքբերման նպատակով: Ըստ այդմ՝ կապահովվի Դաշտավան համայնքի, Արագածավան համայնքի, Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի եւ Ջրվեժ գյուղի, Արամուս համայնքի, Մարմաշեն համայնքի Հացիկ, Ջաջուռավան եւ Լեռնուտ բնակավայրերի մանկապարտեզների գույքային հագեցվածության բարելավումը։ Կառավարությունը 2022 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում 353,830.7 հազար դրամ գումարի չափով՝ թվով 13 դպրոցի գույքով ապահովման համար: Մասնավորապես գումարներ կհատկացվեն Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան N 42, Ա. Ղարիբյանի անվան N 142, Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5, Սեւանի Խ. Աբովյանի անվան, Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան, Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոցներին, Գյումրու Ակադեմիական վարժարանին, Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցին եւ այլն: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հանրակրթության եւ նախադպրոցական ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու որոշումը եւ մեկ անգամ եւս հորդորել՝ շինաշխատանքները պետք է իրականացվեն որոկով եւ նոր ստանդարտով: Կամավոր ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի եւ հավելավճարների բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: «Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման շրջանակներում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգման նպատակով հայտ ներկայացրած 3883 ուսուցչից  ատեստավորմանը մասնակցել են 2329-ը, որոնցից 1090 ուսուցիչ հաղթահարել են 70 միավորի շեմը եւ կստանան 30-50% հավելավճար: Գործադիրը հաստատել է նաեւ ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները եւ այլ հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու եւ բաշխման ցանկը: Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում եւ մաշվում է, մարզական գույքի զգալի մասը արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր տարի շարունակական իրականացնելու ծրագիրը: Ներկայումս հանրապետության մարզադպրոցներից, մարզաձեւերի ֆեդերացիաներից եւ մարզական հասարակական կազմակերպություններից ստացվել է 2.007.244.735 դրամ արժողությամբ գույքի պահանջարկ:

 

 

 

 

ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՆՈՐ ՇԵՆՔ

Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը, դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տեղակալ Կարապետ Մանուկյանը, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու ծառայողները:

«Լիահույս եմ, որ մեր միջեւ առկա բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ, եւ վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության փոխհարաբերությունների միջեւ վերջին տարիներին գրանցվել է շարունակական առաջընթաց եւ զարգացում՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Հարգելի՛ պարոն Սինգլթոն, վստահ եղեք, որ Ձեր կառավարության բարյացակամ օգնությունը լիովին հասցեական է, եւ մեկ անգամ եւս իմ երախտագիտության խոսքն եմ հղում Ձեզ՝ հանձին Ամերիկայի կառավարությանը, ինչպես նաեւ մեր ԱՄՆ գործընկերների՝ արտակարգ իրավիճակների բնագավառում արդյունավետ համագործակցության համար»,- նշել է նախարար Ա. Փամբուխչյանն իր ելույթում: Շինաշխատանքներն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի եւ ԱԻ նախարարության աջակցությամբ:

«ԱՄՆ դեսպանատան եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության անունից ողջունում եմ բոլորիդ: Պատիվ է այսօր գտնվել այստեղ՝ հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի բացմանը: Սա Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման եւս մեկ արտացոլումն է: Ուրախ եմ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այժմ ունի ավելի մեծ հնարավորություն՝ այս համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,- իր հերթին ասել է փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը:

Շինարարությունը մեկնարկել էր 2021 թվականից։ Մոտ 700 քառակուսի մետր մակերեսով շենքը կառուցվել է հիմնովին, տարածքը տրամադրվել է համայնքապետարանի կողմից: Ջոկատն ապահովված է անհրաժեշտ գույք-տեխնիկայով եւ կոմունալ բոլոր անհրաժեշտ հարմարություններով։

 

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԱՐՑԱԽ ՄԵԿՆԵԼ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, նոյեմբերի 21-ին կայացել են Տավուշի մարզում տեղակայված զորամասի 10 զինվորականների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումները։ Տավուշի մարզում տեղակայված ՊՆ թիվ Ն զորամասի երկրորդ հրաձգային գումարտակի հրամանատար Գրիգորի Ներսեսյանին, երկրորդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Կարեն Ավագյանին, երկրորդ հրաձգային գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ Սուրեն Բրուդյանին, նույն գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Ռոման Դավթյանին, նույն գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի հրամանատար Սուրեն Բաղդյանին, նույն գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի հրամանատար Համլետ Իսպիրյանին, նույն գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի 1-ին դասակի հրամանատար Աղասի Սարգսյանին, նույն  գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար Սասուն Ամիրզյանին, նույն գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար Կարեն Ստեփանյանին, նույն գումարտակի հակատանկային դասակի հրամանատար Գեւորգ Տիտանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ՀՀ կառավարության  2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել են  զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, այն է՝ ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի հրամանատարի  2020 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 066 մարտական կարգադրությամբ Արցախի Հանրապետություն մեկնելուց եւ ՀԶԽ հրամանատարի անմիջական ենթակայության տակ անցնելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ին Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի հարակից տարածքից նրանք վերադարձել են զորամասի տեղակայման վայր։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 3-րդ մասով («Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում»)։ Սույն քրեական հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով: Վերոհիշյալ զինծառայողների  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս