Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանը հանդես են եկել Ռազմական գործունեության մասին անվամբ օրենքի նախագծով, որը ենթադրում է փոփոխություններ նաեւ Պաշտպանության մասին ՀՀ օրենքում:
Այս օրենքի նախագծով հստակեցվելու է, թե որ հասարակական միավորումները կարող են զբաղեվել ռազմական գործունեությամբ, հիմնական նպատակները, սկզբունքները, ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության ստեղծման, գործունեության հիմնական ուղղությունների, դրանց կառավարման եւ ղեկավարման մարմինների իրավասությունների եւ լիազորությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա եւ միջազգային մարմինների եւ կազմակերպությունների հետ դրանց փոխգործակցության եւ փոխհամագործակցության հետ կապված հարցերը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2014 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությում սկսել են ձեւավորվել հասարակական միավորումներ, որոնք միավորել են անձանց ովքեր հետաքրքրված են ձեռք բերել ինքնապաշտպանության, ֆիզիկական, կրակային եւ մարտավարական հմտություններ, այդ համատեքստում զբաղվել սպորտային մարզաձեւերով, ամրապնդել ֆիզիակական եւ հոգեբանական առողջությունը, բարձրացնել դիմակայունությունը, գոյատեւել արտակարգ պայմաններում, ցուցաբերել առաջին բուժօգնություն, ուսումնասիրելով նաեւ լեռնագնացություն եւ հոգեբանություն:
2016 թվականի ապրիլյան եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտպանական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցան այնպիսի կամավորներ, ովքեր պատրաստություն էին անցել՝ «Ողջ մնալու արվեստ», «Մեծն Տիգրան», «Զարկ», «ՊՈԳԱ» եւ այլ հասարակական կազմակերպություններում եւ ցուցաբերեցին մարտավարական, հոգեբանական եւ կարգապահական բարձր որակներ: Նշվում է, թե մի կողմից նմանատիպ միավորումների անդամները փաստացի օրենքով սահմանված ունեն զենքի, կրակային, մարտավարական հմտություններ, պատրաստում են ռազմական, հոգեբանական, բժշկական գործի կամավորներ, ովքեր պատերազմական, արտակարգ եւ ճգնաժամային իրավիճակներում փոխգործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ այլ ուժային կառույցների հետ, փաստացի գործելով դրանց ենթակայության ներքո, ցույց են տալիս բարձր արդյունավետություն:
Մյուս կողմից 21-րդ դարի անվտանգության միջավայրում, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, միայն պետական կառույցները, որոնք պատասխանատու են պաշտպանության եւ անվտանգության համար, ի վիճակի չեն ամբողջապես պատրաստել, արձագանքել եւ վերակառուցել հասարակությունը ճգնաժամից դուրս հանելու եւ անվտանգությունն ապահովելու գործը, դիմակայելու հիբրիդային ռիսկերին, ուստի անհրաժեշտություն է առաջանում օգտագործել ողջ հասարակության ներուժը:
Ն.Հ.