Սահմանադրական բարեփոխումների խորհրդում տարակարծիք են. կառավարման մոդել չի փոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական», այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Նրա գնահատմամբ՝ նախագահական բոլոր ընտրությունները՝ բացառությամբ 1991թ-ի, իշխանության համար «գլխացավանք» էին վերընտրվելու առումով: «Ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը, նա դե ֆակտո պահպանեց նախագահական կառավարումը ՝ հանելով նախագահական ընտրությունները: Եվ դրա արդյունքում խորհրդարանական համակարգի այն բոլոր դրական կողմերը, որոնք աշխարհում կան, հայտնի են, այստեղ մենք չունենք,փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ, փոխզսպման մեխանիզմներ, իշխանության ճյուղերի հակակշռման մեխանիզմներ չկան»-նշեց նա:

Ըստ Իոաննիսյանի ՝ 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը և բոլորը վերջնականապես համոզվեցին, որ խորհրդարանական ընտրություններով իշխանության վերարտադրությունն ավելի հեշտ է անցնում, քան նախագահական ընտրություններով:

«Շատ կարևոր է, որ հիմա, երբ վերջնական որոշված է, որ խորհրդարանական կառավարման կողմն ենք մենք գնալու, նորմալ և իրական մեխանիզմներ ներդրվեն, ոչ թե մեխանիզմների իմիտացիաներ»,-հավելեց Իոաննիսյանը: Նրա դիտարկմամբ՝ իրենց ներկայացրած առաջարկով, խորհրդարանական կառավարման համակարագում նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից, Իոաննիսյանի համոզմամբ՝ նման բան շատ երկրներում կա, և նախագահն ունենում է անկախ մարմինների՝ դատական, հակակոռուպցիոն, ընտրական մարմինների ձևավորման գործառույթներ:

«Այդ մարմինները չեն կարող ձևավորվել ԱԺ կողմից, որովհետև այդ մարմինների նպատակը նաև իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի հակակշռումն է և հետևաբար օրենսդիր և գործադիր ճյուղերը չեն կարող դրանք ձևավորել, իրենք չեն լինի անկախ օրենսդիր և գործադիր ճյուղերից»-ընդգծեց Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ որպեսզի նախագահը վարչապետի հետ գործադիր իշխանության տիրույթում չմտնի մրցակցության մեջ, հստակեցվում է, որ գործադիր իշխանության ղեկավարը ամբողջությամբ վարչապետն է և գործադիր իշխանության հատուկ գործառույթներ նախագահին ընդհանրապես չեն տրվում:

«Նույնիսկ այն գործառույթները, որոնք հիմա կան՝ ինչպիսիք են բարձրաստիճան զինվորականների, նախարարների նշանակումը, ամբողջությամբ վերապահվում են վարչապետին, որ հստակ լինի: Գործադիր իշխանության բոլոր հաջողությունների դափնիները վերցնում է վարչապետը և իր քաղաքական թիմը, բոլոր անհաջողությունների պատասխանատվությունը կրում է վարչապետը և իր քաղաքական թիմը»-հստակեցրեց Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ մի շարք հարցեր կան, որոնք քննարկվելու են, սակայն այս պահին կա մեկ որոշում:

«Քննարկվելու են սկսած քննչական-դատախազական մարմինների հարցերից, վերջացրած քանի տարեկանից քաղաքացինները պետք է ընտրելու իրավունք ունենան, դատական համակարգը ամբողջութամբ առնվազն քննարկման ենթակա լինելու է: Որպես որոշում այս պահին կա բովանդակային առումով մի որոշում, դա այն էր, որ խորհրդարանական կառավարման համակարգ է լինելու»-ամփոփեց Դանիել Իոաննիսյանը:

ArmԼur.am-ը կապ հաստատեց նաև խորհրդարանական կառավարմանը դեմ քվեարկած Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի հետ, որը նշեց՝ դեմ է քվեարկել, քանի որ ինքն է առաջարկել անցում կիսանախագահական կառավարման:

«Ես ներկայացրել եմ «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումը: Առաջարկել եմ նախագահական կառավարման մոդել, անցում դեպի նախագահական կառավարում և ես դեմ եմ խորհրդարանական կառավարմանը, հետևաբար կողմ եմ իմ առաջարկած տարբերակին»,-ասաց Մասիս Մելքոնյանը:




Լրահոս