ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորհրդարանականից կիսանախագահական. ինչ փոփոխություններ կլինեն Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Արցախի Ազգային ժողովը 30 կողմ ձայնով Սահմանադրության փոփոխության նախագիծը ուղարկել է Գերագույն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։ Մինչ այդ հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել էր այն:

Նախագծով մի քանի փոփոխություններ են արվելու: Սահմանադրության մի շարք հոդվածներ կարող են փոփոխվել առանց հանրաքվեի, դրա համար բավարար է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի որոշումը։ Իսկ փոփոխոխությունները կարող են նախաձեռնել Հանրապետության նախագահը, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսը և պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Սահմանադրության փոփոխությամբ՝ նախագահական համակարգից անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի:

Սակայն նախագծով նաեւ փոփոխություններ են արվել: Ավելի վաղ հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում ասվում էր, որ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: Սակայն ԱԺ մտած նախագծում այս դրույթը չկա։

Նկատենք՝ Արցախի գործող Սահմանադրությունն ընդունվել է 2006-ին, փոփոխվել՝ 2017-ին։ Սահմանադրության ընդունման, ինչպես նաև փոփոխման պահին Արցախի իրավազորությունը տարածվում էր ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) գերակշիռ մասի, այլև նախկին ԼՂԻՄ-ին հարակից Խորհրդային Ադրբեջանի յոթ շրջանների վրա՝ ամբողջությամբ կամ մասամբ։ 2020-ի պատերազմից հետո Արցախը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն յոթ շրջանների, այլև նախկին ԼՂԻՄ-ի որոշ տարածքների նկատմամբ, այդ թվում՝ Շուշի քաղաքի և ամբողջ Հադրութի շրջանի։

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները: Սահմանադրաիրավական փոփոխությունների ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել Սահմանադրության փոփոխման եղանակներին առնչվող իրավակարգավորումները՝ անփոփոխ թողնելով գործող Սահմանադրության 163-րդ հոդվածը, համաձայն որի Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

Արդյունքում առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 175-րդ հոդվածում. Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները. փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:

Նախագծով, միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս