Դատավորները այս շաբաթ կհավաքվեն Դիլիջանում. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները:

Տեղեկացանք, որ նախորդ շաբաթ կայացած քննարկումներին քրեական պալատի մի շարք ըմբոստ դատավորներ ներկա չեն եղել: Չնայած դրան՝ Կարեն Անդրեասյանը հստակ օրակարգով է առաջնորդվել՝ հնարավորություն չտալով քրեական դատարանի դատավորներին իրենց իրական ասելիքները փոխանցել բարձրագույն խորհրդին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուրբաթ օրվանից դարձյալ Դիլիջանում կհավաքվեն արդեն վարչական, քաղաքացիական ու սնանկության գործերով դատարանների դատավորները: Բավականին թեժ քննարկում է սպասվում նաեւ այս պալատի ներկայացուցիչների հետ, քանի որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Վերջերս ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ հրավիրյալ 11 դատավորները մի քանի ժամ շարունակ ներկայացրեցին համակարգի խնդիրները՝ դժգոհելով, որ շատ դեպքերում դատավորները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ գործավարություն:

Դժվար է ասել՝ Կարեն Անդրեասյանը կլսի արդյոք դատավորների բոլոր խոսքերը՝ համակարգի խնդիրների վերաբեյրյալ, թե էլի կհրաժարվի նախապես իր կողմից գրված օրակարգային հարցերից դուրս խնդիրների բարձրաձայնումից,այլ կերպ ասած՝ Անդրեասյանը հրավիրում է դատավորներին՝ լսելու, սակայն չի լսում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս