ԵՊՀ ռեկտորը Տիգրան Մանսուրյանին ոսկե մեդալ է շնորհել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:

ԵՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախքան համալսարանականների հետ հանդիպումը մաեստրոն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի անկյունում: Այնուհետև մեծանուն կոմպոզիտորին մեծաթիվ ԵՊՀ-ականներ դիմավորեցին մշակույթի կենտրոնում:

Համալսարանականների հետ հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, առանձնակի կարևորելով Տիգրան Մանսուրյանի այցը Երևանի պետական համալսարան, վստահեցրեց, որ կոմպոզիտորի ստեղծած արվեստի մասին հնարավոր է անվերջ խոսել:

Անդրադառնալով պետականաշինության գործում մշակույթի ունեցած դերին՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ երկրի ապագան նաև պայմանավորված է գիտության և արվեստի մեծանուն ներկայացուցիչների կատարած գործի հանդեպ ցուցաբերած հարգանքով:

«Յուրաքանչյուր ազգ հզոր է իր մեծերով․ հայ ազգի մեծություններից են՝ Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան, Արամ Խաչատրյան… Այսօր ես անչափ ուրախ եմ, որ Երևանի պետական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն տեսնելու, լսելու և հարցեր տալու մեծանուն կոմպոզիտորին»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը:

Հանդիպման ընթացքում կոմպոզիտորին և նրա գործը ներկայացրին նրա հետ երկար տարիներ ստեղծագործական ուղի անցած ընկերները՝ ԵՊՀ երկարամյա պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, բ․գ․դ․ Հենրիկ Էդոյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը։

Այնուհետև դիտելով կոմպոզիտորի մասին պատմող կարճ տեսաֆիլմ՝ համալսարանականները հնարավորություն ունեցան տալու իրենց հետաքրքրող հարցերը:

Մեջբերելով կոմպոզիտորի այն միտքը, թե Հայաստանը դառնալու է գիտության հիմքի վրա զարգացող երկիր՝ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչության աշխատակից Մարինե Մկրտչյանը հարցրեց, թե այդ գործում ի՞նչ դերակատարում ունի Երևանի պետական համալսարանը, որին ի պատասխան՝ մաեստրոն նշեց. «Աշխարհը գտնվում է բեկումնային իրավիճակում, և գոյացել են այնպիսի տարօրինակ խնդիրներ, որոնք մի կողմից՝ դրական, մյուս կողմից՝ ծայրահեղ բացասական նշանակություն ունեն: Ես կարծում եմ, որ մեր գիտական միտքը պետք է լինի պետական մտքի առաջնագծում, ինչում մենք միշտ հաջողել ենք։

Հայաստանը դեռ Սովետական իշխանության տարիներին համարվել է գիտության հանրապետություն, և կարևոր է, որ մենք այդպիսին մնացել ենք: Համալսարանը ոչ միայն գիտության ռացիոնալ, այլև ազգային գիտակցության հումանիտար ամենամեծ կենտրոնն է: Այն հայագիտական հումանիտար կենտրոն է, որը գիտության նվաճումներին ու ձեռքբերումներին իմաստ և հողեղեն մարմին է տալիս: Այս երկուսի համատեղումն ապահովում է համալսարանը»։

Ամփոփելով խոսքը՝ մաեստրոն հորդորեց ուսանողներին լավ սովորել՝ ապահովելու գիտության անընդհատական զարգացումը:

ԵՊՀ Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, կարևորելով կենտրոնի նախաձեռնած «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակում կազմակերպվող հանդիպումները, մեզ հետ զրույցում ասաց. «ԵՊՀ Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի գլխավոր և սկզբունքային նպատակներից է ձևավորել կապ ժամանակի մեծությունների և համալսարանականների միջև՝ նպաստելով նրանց հոգևոր հարստության զարգացմանը: Վստահաբար կարող եմ ասել, որ կոմպոզիտորի հետ կազմակերպված հանդիպումը լավագույն հնարավորությունն էր համալսարանականների համար հղելու իրենց հետաքրքրող հարցերը»:

Նշենք, որ հանդիպման ավարտին ԵՊՀ երգչախումբը կատարեց «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է:




Լրահոս