Հայաստանը ԵՄ-ից 23 մլն եվրո գումար կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրն այսօր հաստատվեց կառավարության նիստում: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։

«ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերին, որի նպատակն է աջակցել համավարակին և պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է.

Մասնավոր հատվածի բարձր մրցունակություն՝ սոցիալ-տնտեսական ավելի մեծ ազդեցություն ունենալու և ներդրումներ ներգրավելու համար:

Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ինկուբացիային և արագ զարգացմանը, բիզնեսների վերականգնմանը, տեղական համայնքներում զարգացման նախաձեռնություններին և ներդրումներին, քաղաքային և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում իրականացվող միջոցառումներին, երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի ներգրավմանը և կարողությունների հզորացմանը, Սփյուռքի ներգրավմամբ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրմանը:

Աջակցություն կցուցաբերվի նաև փորձնական թիրախային ծրագրերին և նախաձեռնություններին՝ Սյունիքում, ինչպես նաև սահմանամերձ այլ շրջաններում բարդ ու բազմակողմ ռիսկերը վերացնելու և ցնցումների ենթարկված խմբերի կարիքներին առավել լավ արձագանքելու նպատակով:

Ն.Հ.




Լրահոս