Վաղը՝ դեկտեմբերի 2-ին, խորհրդարանում տեղի է ունենալու արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է նիստին:
Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ նախագծում կետեր կան, որոնք իրենց համար ընդունելի են, բայց կետեր էլ կան, որ ընդունելի չեն: Ուստի իշխող խմբակցությունն առաջարկել է որոշակի փոփոխություններ կատարել նախագծում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հենց այս պահին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ ընդդիմադիր և իշխանական անդամները քննարկում են նախագիծը: Մեր տեղեկություններով՝ իշխող ֆրակցիան փորձում է ընդհանուր հայտարարի գալ այս հարցում ընդդիմության հետ և առավել միտված է կողմ քվեարկել ընդդիմության նախագծին՝ որոշակի փոփոխություններից հետո: ՔՊ-ականները, ըստ մեր ունեցած տեղեկությունների, փորձում են, մասնավորապես, նախագծից հանել այն կետերը, որոնք քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը.
«Փորձում ենք ստանալ մի նախագիծ, որը ո՛չ ընդիմությանն է, ո՛չ էլ իշխանությանը, այլ՝ հանուն Հայաստանի շահերի է: Արտաքին ճակատում պետք է միասնական հանդես գանք»,-ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը:
Նշենք՝ սա առաջին նախադեպն է, որ իշխանությունը միտված է կողմ քվեարկել ընդդիմության հեղինակած նախագծին:
Մինչ այս Հայաստանի և Արցախի վերաբերյալ գրեթե բոլոր նախագծերը տապալվել են իշխող ֆրակցիայի կողմից: