Հայաստանի ոստիկանությունը երկրում կատարվող հանցագործությունների բացահայտման նոր տարբերակ է մշակել, իհարկե՝ տնտեսվարողների հաշվին: Այսինքն ՀՀ-ում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում և լիցենզավորվող գործունեություն իրականացնող, իրենց տարածքներում պետք է տեղադրեն տեսանկարահանող համակարգեր, իսկ ոստիկանությունն օնլայն հետեւելու է։ Ավելին, պարզվում է, որ որոշման մասին այս նախագիծը ոստիկանությունը մշակել է ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանությունը օնլայն տարբերակով հետեւելու է հասարակական տրանսպորտը։ Ոստիկանությունն առաջարկում է ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները ապահովել բարձր որակի տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:
Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը և ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ: Հայտնի է, որ գրպանահատության դեպքերը Հայաստանում մեծ աճ են գրանցել, բայց արդյոք ոստիկանությանը կհաջողվի տեսախցիկների միջոցով դրա դեմն առնել, ցույց կտա ժամանակը։ Բայց մյուս կողմից էլ՝ տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը խախտելու համար տուգանք է նշանակվելու։ Օրինակ, տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու լիցենզիայի պարտադիր պահանջը խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պատասխանատվություն՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 դրամի չափով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան