ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիմոն Մարտիրոսյանի՝ Եվրոպայի չեմպիոն եղբայրը ազատ արձակվեց. ինչ է կատարվել գիշերային ակումբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Արսեն Մարտիրոսյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանի բողոքը եւ Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի՝ Եվրոպայի չեմպիոն եղբայրը Արսեն Մարտիրոսյանն ազատ է արձակվել:

Ինչպես հայտնի է այս տաւվա սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանը մասնակիորեն բավարարել է քրեական վարույթով քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը և 40 օր ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի եղբոր՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Մարտիրոսյանի նկատմամբ։

Արսեն Գևորգի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին`ժամը 01-ի սահմաններում երեք անձանց հետ հաճախել է Փարաքար գյուղի Մեսրոպ Մաշտոց փողոցի 2/2 հասցեում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբ: Ժամը 01:23-ի սահմաններում Ա.Մարտիրոսյանը դուրս է եկել նախասրահ, որտեղ նրան դիտողություն է արել ակումբի անվտանգության աշխատակից Արթուր Սարգսյանը` սրահում սուլելու կապակցությամբ:

Շուրջ 2 րոպե վերջինիս հետ զրուցելուց հետո կրկին գնացել է ակումբի ժամանցային սրահ: Ժամը 01:40-ի սահմաններում Ա.Մարտիրոսյանը ընկերների հետ դուրս է եկել ակումբից և վերջիններիս ճանապարհելուց հետո, Ա.Սարգսյանի հետ խոսակցությունը շարունակելու նպատակով վերադարձել է ակումբ և նրան դուրս հրավիրել: Ակումբի դիմաց` մեքենաների կանգառի համար նախատեսված հատվածում, իրեն դիտողություն անելու չնչին առիթն օգտագործելով վիճաբանության է բռնվել նրա հետ, ինչին միջամտել է անվտանգության մյուս աշխատակից Միհրան Քոչարյանը` փորձելով հանդարտեցնել:

Այդ ընթացքում` ժամը 02:04 րոպեին առաջացած փոխադարձ հրմշտոցի ժամանակ, իր առավելությունն ընդգծելու շարժառիթով, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող անձանց կողմից դիտողությանն ի պատասխան, նախապես իր մոտ եղած` չպարզված կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Միհրան Քոչարյանի մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, ցայլքի շրջանի ծակած կտրած չթափանցող վերքերի տեսքով վնասվածքներ, որից հետո հետապնդելով փախչող Արթուր Սարգսյանին` ակումբի մուտքի դռան դիմաց` ավտոճանապարհի բանուկ հատվածում, մեկ անգամ նույն առարկայով հարվածել է վերջինիս` պատճառելով որովայնի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, ստոծանու վնասմամբ, ներքին և արտաքին արյունահոսություն վնասվածքներ:

Այսինքն՝ Արսեն Գևորգի Մարտիրոսյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքների կատարում։ Ի դեպ, քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը մտել է դատարան:

Ք. Մ. 




Լրահոս