ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմացել եմ, որ դպրոցների դասասենյակներում եւ միջանցքներում տեսախցիկներ են տեղադրվելու: Դա ի՞նչ նպատակ է հետապնդում:

Արմենուհի Բաբայան, 35 տարեկան, վարսահարդար

ՊԱՏԱՍԽԱՆ.  Դա մի նոր, շատ լավ տեխնոլոգիա է, որն արդեն քաղաքի շատ դպրոցներում կա: Դրա միջոցով տնօրենը կարողանում է տեսնել, թե մուտքից ով մտավ, ով դուրս եկավ: Այսինքն` հնարավոր է դառնում հետեւել դպրոցում կատարվող ընդհանուր անցուդարձին: Մի խոսքով, ամեն ինչ տնօրենի տեսադաշտում է:
Նման տեխնոլոգիա կա նախարարություններում, հիմնարկություններում: Կա մի տեխնոլոգիա եւս, որի շնորհիվ դասարանների ներսում էլ հատուկ սարքավորումներ կտեղադրվեն, եւ հնարավոր կդառնա հետեւել, թե դասարանում ինչ է կատարվում եւ այլն,  բայց դա դեռ չի գործում, եթե գործի, շատ ավելի լավ կլինի:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր նորարարություն է, թեեւ ոչ միշտ է հաճելի ուրիշի, թեկուզ տվյալ հաստատության ղեկավարի տեսադաշտում լինելը: Մյուս կողմից ոչ մի դպրոցի տնօրեն չի կարող միաժամանակ երկու-երեք տեսախցիկից ավել դիտել: Մինչդեռ կարելի է պատկերացնել, որ եթե ողջ դպրոցի անցուդարձն է տեսանկարահանվում, ապա ֆիզիկապես անհնար է ամբողջն ուշադրության կենտրոնում պահելը: Էլ չասած, որ տնօրենը տվյալ դեպքում, փաստորեն, կատարում է անվտանգության աշխատակցի-պահակի գործ: Մինչդեռ նա պետք է որ ավելի կարեւոր գործեր ունենա: Մյուս կողմից էլ, տեսախցիկների տեղադրումը հաստատ իր դրական ազդեցությունը կունենա այն առումով, որ ուսուցիչների կողմից կբացառվի աշակերտներին ծեծելու արատավոր պրակտիկան: Տեսախցիկները հաստատ կնպաստեն, որպեսզի թե՛ դպրոցականները, թե՛ ուսուցիչները երբեք չանցնեն բարեկրթության սահմանը: 




Լրահոս