ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ԲԱՔՎԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն կեղծ մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանին, թե պաշտոնական Երևանը Լաչինի միջանցքը զինամթերքի տեղափոխման համար է օգտագործում: Այնինչ իրականությունն այն է, որ Ադրբեջանը, շինծու ու կեղծ հայտարարություններով, միջազգային հանրությանը ցանկանում է ներկայացնել, թե Հայաստանն Արցախին կապող միջանցքը մենք բոլորովին այլ նպատակների համար ենք ծառայեցնում: Իրականությունը սակայն այն է, որ ադրբեջանական կողմը, ըստ երևույթին, միջանցքը փակելու, և, հետևաբար, Արցախը հայաթափելու մտադրություն ունի: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի հետ:

 

-Պարոն Բաբայան, այս օրերին հայաստանյան քաղաքական դաշտում քննարկվում է այն հարցը,  որ չի բացառվում՝ Ադրբեջանն առաջիկայում փակի Հայաստանի՝  Արցախին միացնող միջանցքը: Հետաքրքիր է՝ սրա հետ կապված՝ Արցաում ի՞նչ տրամադրություններ են:

-Ադրբեջանը ընդհանրապես չի էլ թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները, ու ձեր կողմից բարձրաձայնված հարցը վերջերս սկսել է էլ ավելի շատ շահարկել:  Անամոթաբար ապատեղեկատվություն են տարածում, թե «Լաչինի միջանցք»-ով Հայաստան զենք-զինամթերք է տեղափոխվում, ինչն իրականության հետ առհասարակ կապ չունի: Ի դեմս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք մի երկիր հետ, որ ատելությամբ է լցված թե՛ հայ ժողովրդի, թե՛ Արցախի ու թե՛  Հայաստանի նկատմամբ: Կանխելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները՝ բոլորս պետք է աշխատենք, առաջին հերթին, ռուս խաղաղապահների, Ռուսաստանի, այնուհետ՝ ԵԱՀԿ անդամ մյուս երկրների՝ Ամերիկայի ու Ֆրանսիայի հետ: Բոլորս գիտենք, որ Ադրբեջանը միջազգային կառույցներում լուրջ վնասներ է կրում՝ կապված, օրինակ, Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւի հետ: Եվ այդ ամենը հաշվի առնելով է պետք անել հնարավորը՝ կանխելու կամ չեզոքացնելու նրա կողմից հրահրվող ահաբեկչական քայլերն ու  նպատակները:

-Իսկ ճի՞շտ է այն տեղեկատվությունը, որ վերջերս շահագործման հանձնված ճանապարհի երկայնքով անվտագության համար նախատեսված 5 կմ բուֆերային գոտին չի պահպանվում: Այսինքն՝ ադրբեջանցիները խախտում են նաեւ այդ դրույթը:

-Տեղ-տեղ, բնական է, լինում են խախտոմներ, եւ այդ խախտումները անցնում եւ Շուշիի մոտով, բայց դա պատերազմի հետեւանքն է: Իհարկե, այդ հարցը նույնպես լուրջ խնդիր է,  իրենք էլ, օգտվելով դիրքային առավելութունից, երբեմն պրովոկացիաններ են իրականացնում:

-Ըստ Ձեզ՝ նման սցենար՝ միջանցքի փակում, թույլ չտալու համար Արցախը ի՞նչ քայլ կարող է անել, կամ ի՞նչ պետք է անի:

-Պետք է ճիշտ աշխատի՝ առանց ավելորդ էմոցիաերի եւ PR-ի:

-Արցախի պետական ապարատի, երկրի կառավարման ներսում կատարվող փոփոխությունների մասով մեկ հարց.  Արցախի՝ նոր-նոր պետնախարար նշանակված Ռուբեն Վրդանյանն իր կաբինետն է ձեւավորում, ու այս մասով կարծիքները տարբեր են՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական: Հիմնական թեզն այն է, որ եթե Վարդանյանը չհաջողի, դա կարող է կործանարար հետեւանքների բերել: Ձեր տեսակետն այս մասով ո՞րն է, եւ ըստ Ձեզ՝ այդ կործանարար հետեւանքը ինչը՞ կարող է լինել:

-Մենք պետք է անենք ամեն ինչ, որ լուրջ ձախողումներ չլինեն մեր պետականաշինության գործընթացում, եւ դա հատկապես գալիք մի քանի տարիների ընթացքում: Նախ ժամանակ չունենք, որ էքսպերիմենտներով զբաղվենք եւ այլն: Խոսքը, բնականաբար, միայն Վարդանյանի մասին չէ: Եվ եթե Արցախում ավելի անվտանգային, կանխատեսելի միջավայր լինի, ապա հուսով ենք՝ ռուս խաղաղապահները կմնան այստեղ անորոշ ու շատ երկար ժամանակով, ինչն էլ ավելի հուսալի ապագա կստեղծի մեզ՝ արցախահայությանս  համար:

 

 

 

 

ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը կարող է տեղի չունենալ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում՝ հղում անելով երկրի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

 

Բաքվում ընթացող համաժողովի ընթացքում՝ հարեւան երկրի նախագահը մասնավորապես հայտարարել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում հանդիպումը դեկտեմբերի 7-ին պետք է տեղի ունենար։ Սակայն երեկ իմ օգնական Հիքմեթ Հաջիեւը տեղեկացրել է, որ իր հետ կապ էին հաստատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից եւ հայտնել հետեւյալը՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը համաձայնել է հանդիպել միայն այն դեպքում, եթե այդ հանդիպմանը նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցի»:

Իսկ դա, հավելել է Ալիեւը, նշանակում է, որ նախանշված հանդիպումը տեղի չի ունենա:

Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպումը, հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին Սոչիում էր կայացել: Միջնորդ կողմը Ռուսաստանն էր՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։ Երեք երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել, ըստ որի՝ կարեւորում էին խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարեւորությունը:

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաեւ Ֆրանսիայի նախագահը:

«ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության եւ ձեւաչափի համաձայն՝ այն տեղի է ունեցել քառակողմ ձեւաչափում, եւ տրամաբանական է, որ հանդիպման ձեւաչափը եւ մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը եւ խաղաղության գործընթացն իրականության հետ որեւէ աղերս չունեն»,- նշում են նախարարությունից: Հիշեցնենք, որ ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը կարող է տեղի չունենալ:

Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ԿԿԱՍԵՑՆԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանը կկասեցնի ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողների: Մեզ հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգում ներքին մասնագիտական քննարկում է եղել, եւ որոշել են ոստիկանության հայցին անդրադառնալ քրեական վարույթով նախաքննության ավարտից հետո: Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով ոստիկանության կողմից սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին եւ ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողներին դատի տալու գործընթացին, նշել էր. «Անթույլատրելի է նաեւ այն հանգամանքը, որ տեղի ունեցած միեւնույն փաստական հանգամանքի վերաբերյալ նախաձեռնվում եւ իրականացվում է միաժամանակյա երկու գործընթաց՝ քրեաիրավական եւ վարչաիրավական այն պարագայում, որ այս երկու գործընթացները միմյանցից անկախ են, չեն կարող ունենալ քննության իրականացման միեւնույն հիմքը: Փոխանակ ոստիկանները պատժվեն ծնողներին նսեմացուցիչ կերպով գետնին տապալելու համար, դեռ մի բան էլ ոստիկանությունը ծնողներին է փորձում պատժել»: Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկի, քանի որ ծնողները սեպտեմբերի 21-ին թույլ չէին տալիս ՀՀ վարչապետին եւ կառավարության անդամներին գնալ եւ ծաղիկ խոնարհել իրենց որդիների շիրիմներին: Արդյունքում ոստիկանները բռնության ենթարկեցին ծնողներին, ինչի առթիվ հարուցվել է քրեական վարույթ. 18 ծնող տուժող է ճանաչվել, սակայն մինչ օրս որեւէ մեղադրյալ չկա:

 

 

 

 

ՍՈՒՊԵՐՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սուպերվարչապետության նոր ռեկորդներ է ցանկանում սահմանել: Այսպես՝ կառավարության երեկվա՝ նոյեմբերի 24-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշել է, որ Պետական պահպանության ծառայությունը պետք է առանձնացվի ազգային անվտանգության ծառայությունից, ու այն վարչապետին ենթակա մարմին դառնա: Ինչ է ստացվում. ուժային այս կառույցի ղեկավարումն ու դրա տնօրինումը ոչ թե վերադաս ուժային մեկ այլ կառույց, այլ հենց վարչապետի աշխատակազմը պետք է իրականացնի: Փաշինյանի իշխանության ժամանակ, փաստորեն, նաեւ վարչապետի անվտանգությունն իրականացնող մարմինն անմիջապես վարչապետին է ենթարկվելու՝ ըստ երեւույթին նրա հրահանգներն ավելի օպերատիվ կատարելու, նրա անվտանգությունն՝ էլ ավելի ապահով դարձնելու համար: Ընդդիմադիր ժամանակ Նիկոլ Փաշինյանը սակայն, հիշեցնենք, քարը քարին չթողնելով, քննադատում էր Սերժ Սարգսյանին, թե նա երկրի կառավարման ձեւը սուպերվարչապետության է վերածել՝ իր վերահսկողության տակ առնելով մի շարք գերատեսչություներ ու օղակներ: Բայց այսօր, փաստացի, Փաշինյանը ոչ միայն չի հրաժարվել իր իսկ կողմից անվանարկած «սուպերվարչապետության» թեզից, դեռ մի բան էլ, օր օրի ամրապնդում է այն:




Լրահոս