ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 144

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված այն խոսքերը, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։

Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող երկու թեկնածուից ընտրվել է մեկը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (6 կողմ, 3 դեմ)։

«Սիվիլնեթ»-ը  հիշեցնում է, որ այս գործերից մեկով հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, դատական ճանապարհով հասել է ամրագրման, որ Մարտիրոսյանը կայացրել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռ»։

Ստացվում է հետեւյալ իրավիճակը. 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից», 2022-ի հունվարին ՄԻԵԴ-ի վճռում հստակ արձանագրվում է, որ Մնացական Մարտիրոսյանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ՝ խախտվել է քաղաքացիներից մեկի, այն է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իրավունքը՝ թերեւս ամենակոպիտ խախտումն արձանագրելով։

Այսպիսով, ոչ միայն «Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի», այլեւ մյուս երկու գործերով ՄԻԵԴ-ը գտել է, որ այդ թվում Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռներով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն Փաշինյանի կառավարման օրոք Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չի լքել դատական համակարգը, այլեւ ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում։ Ի՞նչ է ստացվում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

 

 

 

 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թեւը լքել է խորհրդարանը: Այդ մասին երեկ կուսակցությունն էր հայտարարություն տարածել՝ հստակեցնելով, որ ԱԺ-ից հեռանում են ու վայր դնում պատգամավորական մանդատները: Կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ մեկտեղ մանդատից նաեւ 2 պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն են հրաժարվել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից միայն Զեմֆիրա Միզոեւան է պահպանել մանդատը, դա էլ՝ այն պատճառով, որ ազգային փոքրամասնություններին հասանելիք քվոտայով է պատգամավոր ընտրվել, հետեւաբար մանդատից հրաժարվելը նաեւ քվոտան կորցնել ու այն իշխող մեծամասնությանը՝ ՔՊ-ին հանձնել կնշանակի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հակոբյանի ու թիմակիցների խորհրդարանական գործունեությունը դադարեցնելը կոնկրետ նպատակներ ունի: Չի բացառվում՝ իշխանության հետ համագործակցության արդյունք է մանդատներից հրաժարվելը, այսինքն՝ Վահե Հակոբյանը ունեցվածքը փրկելու ու կալանավորվելու վտանգից ազատվելու համար համաձայնության է եկել Փաշինյանի իշխանության հետ, որ լռելայն հեռանալու է ԱԺ-ից: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Վահե Հակոբյանի նկատմամբ ունի տաբերակված մոտեցում, ակնհայտ է: Օրինակ՝ Արմեն Աշոտյանին, որ որեւէ քրգործով չուներ դատավարական կարգավիճակ, արգելվեց երկրից դուրս գալ, սակայն Վահե Հակոբյանը, որը նույն կարգավիճակով մի քրգործով անցնում է, ազատ ելումուտ է անում Հայաստանից: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ քննչական մարմիններն ակնհայտորեն Վահե Հակոբյանին «փրկում են»:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ Աժ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության: Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն առայժմ իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռեւս չի հասունացել: Արդեն իսկ քրեական գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Բանն այն է, որ այս տարվա հունիսին Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ պարզելու, թե արդյոք 2020-ին՝ քովիդի համավարակի ժամանակ, պետական միջոցներն արդյունավետ են ծախսվել։ Քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ յուրացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական կեղծիք։ Առայժմ կասկածյալներ ու մեղադրյալներ չկան։ Քրեական գործը հարուցելու առիթ է դարձել Հաշվեքննիչ պալատի հրապարակած զեկույցը, որը, ուսումնասիրելով 2020-ին՝ քովիդի ամենաթեժ շրջանում Առողջապահության նախարարության գործունեությունը, եզրահանգել է՝ համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային եւ արդյունավետ չեն ծախսվել։ 2020-ին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր տխրահռչակ Արսեն Թորոսյանը, որն այժմ իշխող ուժի պատգամավոր է, ՔՊ վարչության անդամ: Եւ հասկանալով գլխի գալիքը՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի միջնորդությամբ Թորոսյանը ընկերություն է անում Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հետ: Մամուլը գրել է այս մասին. Թորոսյանը թերեւս նպատակ ունի հասնել այն բանին, որ քովիդի դեմ պայքարի շրջանակներում իրականցված յուրացումները ամբողջ ծավալով չբացահայտվեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանում դատավոր նշանակելու հարցը առկախել է: Ըստ էության, նախագահականում սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ վերջին օրերին ՀՀ նախագահը մի շարք դատավորներ է նշանակել, ավելին՝ նաեւ նախագահականում դատավորների երդման արարողություններ են կայանում, սակայն Մնացական Մարտիրոսյանի նշանակման հարցը դեռ չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականությունը, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ: Միայն մեկ մարդ է որոշելու՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե ոչ,  եւ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Հիշեցնենք, որ դատական համակարգը կոռումպացվածներից եւ մաֆիոզներից ազատելու առաքելությամբ Բարձրագույն դատական խորհուրդ գործուղված Կարեն Անդրեասյանի ղեկավարման օրոք Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եւ հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի:




Լրահոս