ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեից Armlur.am-ին  տեղեկացնում են, որ, ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, ժամանակավորապես կարող են իրականացվել նաեւ այլ մաքսատուն-վարչություններում։

 

Մասնավորապես, մինչեւ 2023թ.-ի փետրվարի 1-ը ներառյալ, պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետով ինքնաշարժ եղանակով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաեւ վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող եւ ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաեւ ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչությունում: Մինչեւ 2022թ.-ի դեկտեմբերի 1-ը պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետով բեռնարկղով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաեւ վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող եւ ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաեւ ՀՀ ՊԵԿ Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում: 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2023թ-ի փետրվարի 1-ը ներառյալ, պետական սահմանի Գոգավանի անցումային կետով բեռնարկղով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաեւ վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող եւ ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաեւ ՀՀ ՊԵԿ Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում:

Ն.Հ.

 

 

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

2023 թվականին Եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների համար արտաքին պայմանները կարող են վատթարանալ։ Այս մասին նշված է Եվրասիական զարգացման բանկի «Մակրոտնտեսական կանխատեսում-2023» զեկույցում։ Հայաստանում պետական աջակցության միջոցների եւ ներքին պահանջարկի աճի շնորհիվ  տնտեսության զարգացման համեմատաբար բարձր տեմպերն ակնկալվում են 4,2 տոկոսի սահմանում։

Ռուսաստանում տնտեսական անկումը կդանդաղի մինչեւ 2 տոկոս։

Ֆինանսական պայմանների խստացումը 2023 թվականին կհանգեցնի զարգացած երկրների ՀՆԱ-ի կրճատմանը։ Աշխարհի երեք խոշորագույն տնտեսությունների դանդաղեցման պատճառով համաշխարհային ՀՆԱ-ի աճը 2022 թվականին 2,4 տոկոսից 2023 թվականին կդանդաղի մինչեւ 1,5 տոկոս։ Տնտեսական ակտիվության թուլացումը հետագայում կզսպի ինֆլյացիոն գործընթացները։ Ինֆլյացիոն ճնշման թուլացման նշանները զարգացած երկրների կենտրոնական բանկերին կարող են դրդել 2023 թվականի արդեն առաջին կեսին ավարտին հասցնել դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլը։

Միջնաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի տոկոսադրույքը կպահպանվի 3 տոկոսին մոտ։

 

 

 

ՄԱՆԴԱՏԻՑ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներից, պատգամավորական մանդատից չի հրաժարվի: Բանն այն է, որ ասորական համայնքը ներկայացնող Միրզոեւան խորհրդարանը չի լքի զուտ այն պատճառով, որ «Հայաստան» դաշինքը մանդատ չկորցնի: Այսինքն՝ եթե ազգային փոքրամասնություների քվոտայով խորհրդարան եկած Միրզոեւան հրաժարվի մանդատից, ապա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ-պատգամավոր ունենալու քվոտան իշխող մեծամասնությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կանցնի: Հետեւաբար առանց այն էլ քիչ մանդատ ունեցող ընդդիմության շահերից չի բխում մեկով նվազեցնել դրանց թիվը:

Վահե Հակոբյանի հիմնադրած կուսակցությունն այսօր հայտարարություն էր տարածել ու նշել, որ կուսակցությունը հրաժարվում է խորհրդարանում ներկայացված լինելուց եւ լքում թե՛ ԱԺ-ն, թե՛ «Հայաստան» խմբակցությունը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ կուսակցության այն անդամները, որոնք «Հայաստան» դաշինքի քվոտայով կարող են մանդատ ստանալ, ազատ են որոշել՝ վերցնում են մանդատը, թե ոչ:

Բայց եթե պատգամավորական մանդատ վերցնեն, ապա, ըստ կուսակցության հաղորդագրության, պարտավոր են լքել կուսակցական շարքերը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԱՇԻՆՔՈՒՄ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանն ու Վահե Հակոբյանը վայր են դնում պատգամավորական մանդատները: Նրանցից առաջ էլ, հիշեցնենք, Արամ Վարդեւանյանն էր մանդատից հրաժարվել ու հայտնել փաստաբանական ոլորտ վերադառնալու մասին: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ էր գրել, որ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցությունը, այդ պատգամավորների թվում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները: Եթե մեկշաբաթյա ժամկետում պատգամավորներն իրենց՝ ԱԺ նախագահին ուղղված՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին դիմումները հետ չվերցնեն, ապա նրան փոխարինելու կգան «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարները: Բայց հաշվի առնելով հանգամանքը, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական գործունեությունը, ապա վերոնշյալ պատգամավորները ոչ միայն հետ չեն վերցնի ԱԺ նախագահին ուղղված իրենց դիմումները, այլեւ «Հայաստան» դաշինքի հաջորդ համարները, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ կարող են լինել, նույնպես կհրաժարվեն իրենց հասանելիք մանդատից: ArmLur.am-ը դեռ նախորդ շաբաթ՝ Վարդեւանյանի մանդատը դնելուց հետո էր գրել, որ դաշինքի հաջորդ համարները դժվար թե վերցնեն պատգամավորական մանդատները: Նրանք բժիշկ Ռիմա Ղազարյանն ու ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն են: Հերթական համարը Սեյրան Օհանյանի՝ հասարակական հիմունքներով օգնական, դաշնակցական Մհեր Սահակյանն է, որը, ըստ երեւույթին, չի հրաժարվի իրեն հասանելիք մանդատից:

 

 

 

ՆՈՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը եկող ամսվա սկզբին Ֆրանսիա կմեկնի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորը դեկտեմբերի 4-7-ը Փարիզում ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին կմասնակցի: Այս օրերին գործուղման մեջ է գտնվում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Նա Եթովպիայում՝ Ադիս Աբեբայում, «Ինտերնետ կառավարման համաժողով 2022» միջոցառմանն է մասնակցում: Գործուղումը, ըստ ԱԺ նախագահի որոշման, նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 4-ն է նախատեսված:

Նշենք, որ վերոնշյալ երկու գործուղումների դեպքում էլ գործուղումների հետ կապված ծախսերը պետբյուջեի հաշվին է կատարվել:

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս