«ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆ 2021»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Տիեզերք Հայաստան 2021» Նանե Ավետիսյանը նոյեմբերի 27-ին մասնակցելու է Երեւանում կայանալիք աշխարհահռչակ դիզայներ Jacob Meir-ի նորաձեւության ցուցադրությանը։ Մոդելին տրվել է նորաձեւության ցուցադրությունը բացելու բացառիկ հնարավորությունը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Նանեն:

 

«Շատ ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն է տրվել։ Սա իսկապես աննախադեպ ցուցադրություն է: Առանց ավելորդ չափազանցության պետք է փաստեմ, որ նման մարդուն հյուրընկալելը մեծ պատիվ է մեզ համար։ Ի դեպ, շատ մեծ քասթինգ էր տեղի ունեցել, մասնակցել էին մոտ 1200 հոգի, արդյունքում ընտրվել են 75-ը։ Ցուցադրությանը մասնակցելու են 50 աղջիկ եւ 25 տղա։ Հպարտ եմ, որ հենց ես եմ բացելու ցուցադրությունը»,-մեզ հետ զրույցում ասաց Նանե Ավետիսյանը։

Նշենք, որ Jacob Meir-ը մեծ հեղինակություն ունի արտերկրում։ Նրա հետ համագործակցում են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Փերիս Հիլթոնը, Քեթի Փերրին եւ այլք։

Մեզ հետ զրույցում Նանեն ասաց, որ այս նորաձեւության ցուցադրությունն իսկապես ստանդարտներից դուրս է լինելու, սպասվում է բացառիկ շոու, մեկ օր Երեւանը չի զիջելու նորաձեւության մայրաքաղաքներին։

Ըստ Նանեի՝ այս շոուին մասնակցելը մեծ հնարավորություն է ցանկացած մոդելի համար, քանի որ նման հեղինակության հետ աշխատանքը մեծ փորձ է։ «Մեծ պատիվ էր, որ համագործակցել եմ նման հեղինակավոր պարբերականի հետ։ Այն մեծ մասսայականություն է վայելում Ֆրանսիայում: Նրանց հատկապես հետաքրքրել էր այն պահը, որ հայ մոդելն անհրաժեշտության դեպքում կարող է զենք վերցնել՝ պաշտպանելու իր հայրենիքը»,-մեզ հետ զրույցում ասել էր Նանե Ավետիսյանը։

Ըստ մոդելի՝ հիմնական շեշտադրումն արված էր հայ կնոջ եւ պատերազմական իրավիճակի վրա:

«Ֆրանսիական պարբերականի ուշադրության կենտրոնում հայտնվեցի նաեւ ծավալածս գործունեության շնորհիվ։ Ռազմական պատրաստություն էի անցնում, որտեղ ինձ նկատեց ֆրանսիական հայտնի Le Figaro պարբերականի լրագրող Աստղիկը՝ առաջարկելով հարցազրույց վերցնել հենց իրենց համար։ Ինչ խոսք, հպարտանալու եւս մեկ առիթ է, քանի որ Le Figaro-ն Ֆրանսիայում եւս մեծ հեղինակություն ունեցող պարբերական է։ Դրան էլ հաջորդեց Brut-ի առաջարկը։ Ինձ համար մեծ պատիվ է, որ կարող եմ մեր երկրի մասին խոսել նման մեծ լսարան ունեցող պարբերականների միջոցով»։

Հիշեցնենք նաեւ, որ «Միսս Տիեզերք Հայաստան 2021» Նանե Ավետիսյանը հայրենիքում տարած հաղթանակից հետո «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն էր։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ՝ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում եւ Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում:

 

Պետերբուրգյան հյուրախաղերը կանցկացվեն «Համաշխարհային գլուխգործոցներ» խորագրի ներքո, որը թույլ կտա նվագախմբին ներկայանալ իր կատարողական հնարավորությունների ողջ հմայքով:

Կհնչեն Ա. Խաչատրյանի, Ալ. Սպենդիարյանի, Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու եւ Յ. Սիբելիուսի ստեղծագործությունները: Համերգների մենակատարներն են թավջութակահար Դալի Գուցերիեւան եւ դաշնակահար Ադամ Գուցերիեւը: Նոյեմբերի 30-ին նվագախումբը հանդես կգա Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում՝ կատարելով Ա. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, Պ. Ի. Չայկովսկու Վարիացիաներ Ռոկոկո թեմայով՝ գրված թավջութակի եւ նվագախմբի համար, եւ Յ. Սիբելիուսի Սիմֆոնիա թիվ 2-ը: Մենակատարն է թավջութակահար Դալի Գուցերիեւան, որը Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ է. այժմ որպես ասպիրանտ կրթությունը շարունակում է կոնսերվատորիայում։

Դալին միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, դասական երաժշտության սիրահարների շրջանում ճանաչում է ձեռք բերել՝ որպես Ռուսաստանի տաղանդավոր երիտասարդ թավջութակահարներից մեկը։ Նա հաջողությամբ հյուրախաղեր է ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում, համագործակցել է Ռուսաստանի ազգային  ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային, Դանիայի թագավորական նվագախմբերի հետ, ելույթներ է ունեցել աշխարհի առաջատար դիրիժորների՝ Վ. Սպիվակովի, Դ. Օրենի, Ա. Վեդերնիկովի, Դ.Գերինգասի եւ ուրիշների հետ։

Դեկտեմբերի 1-ին Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում Ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչեն Ա. Խաչատրյանի Սյուիտը «Սպարտակ» բալետից, Ֆ. Լիստի թիվ 1 կոնցերտը՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար, եւ Պ. Ի. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 4-ը: Մենակատարը երիտասարդ դաշնակահար Ադամ Գուցերիեւն է: Նա Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցի սան է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ադամը տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր է: Նա հյուրախաղերով հանդես է գալիս Ռուսաստանի ազգային, Դանիայի թագավորական եւ Սիլեզիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ելույթ է ունեցել դիրիժորներ Ա. Վեդերնիկովի, Դ. Օրենի, Դ. Գերինգասի, Կ. Լ. Վիլսոնի եւ այլոց հետ։

 

 

 

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Դեռեւս 2015թ.-ին առաքյալների տոնը Գարեգին Բ Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը։

Սուրբ Պատարագը կմատուցվի 10:30-ին: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչեւ 18։00-ն։ Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։30-ին՝ երեկոյան՝ ժամերգության ընթացքում, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի եւ Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։

 

 

 

 

ՆԵՅՄԱՐԸ ՆԵՐԿԱ ՉԷՐ

Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չէր կարողացել տրիբունայից հետեւել Շվեյցարիայի թիմի դեմ աշխարհի առաջնության երկրորդ տուրի խաղին։ Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնել է Նեյմարի բացակայության պատճառը։ «Նեյմարը շատ տխուր էր, որ չկարոցավ հետեւել խաղին տրիբունայից։ Նա վատառողջ էր։ Պատճառը միայն ոտնաթաթի վնասվածքը չէր։ Նեյմարը նաեւ բարձր ջերմություն ուներ։ Հույս ունենք, որ նա շատ արագ կապաքինվի»,- ասել է Վինիսիուսը: Բրազիլիան Շվեյցարիային պարտության էր մատնել նվազագույն հաշվով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի գոլի շնորհիվ եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Նեյմարը վնասվածքը ստացել էր սերբերի դեմ առաջին տուրի խաղում (2:0):

 

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին երկու տուրերից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին առանձնացրել է մրցաշարի լավագույն խաղացողներին.

լավագույն հարձակվող՝ Ռիշարլիսոն,

լավագույն կենտրոնական պաշտպաններ՝ Դայո Ուպամեկանո, Իբրաիմա Կոնատե,

լավագույն եզրային պաշտպան՝ Ժորդի Ալբ,

լավագույն դարպասապահ՝ Տիբո Կուրտուա,

ամենատաղանդավոր երիտասարդներ՝ Ջամալ Մուսիալա, Պեդրի։

1/8 եզրափակիչի ուղեգրեր արդեն նվաճել են աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան եւ Պորտուգալիան։

 




Լրահոս