«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական»,- երեկ հայտնել է խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ընդ որում՝ հանձնաժողովում ոչ բոլորն են համակարծիք եղել համակարգ չփոխելուն: 2019 թվականի մարտին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, թե կառավարման նախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտություն չկա: Կառավարման համակարգի վերաբերյալ վարչապետի մոտեցումները լուրջ էվոլյուցիա են ապրել եւ փոփոխությունների են ենթարկվել: Փաստացի Նիկոլ Փաշինյանը դեմ էր սուպերվարչապետական համակարգին, քանի դեռ ինքը չէր վարչապետը:. Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգում պետք է բալանսավորում տեղի ունենա, որը, սակայն, մեկ օրում չի լինելու. «Երբ մենք խորհրդարանական կառավարմամբ համակարգ ենք ստեղծել, բալանսավորում եղել է: Այսօրվա մեր Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ունի արարողակարգային գործառույթներ, եւ բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի ու վարչապետի միջեւ, այլ կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ: Սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը»: Այնուհետեւ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Փաշինյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը ցանկանա, ապա պետական կառավարման կարգը կփոխվի: Այժմ ժողովրդի ցանկությանը Փաշինյանը չի ցանկանում ականջալուր լինել եւ հայտարարում է, որ, իր կարծիքով, նման անհրաժեշտություն չկա: Հիմա էլ արդեն իր խոսքերն ամրագրվում են փոփոխություններով, այսինքն՝ նա կրկին մանիպուլացրել է, եւ հայտարարություններն իրար չեն համապատասխանում:
Նոյեմբերի 23-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում էր, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նրան. այս մասին հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները: Հանդիպումը կայացել է «Դվին» հյուրանոցում: Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ Վլադիմիր Պուտինի մակարդակով, Արայիկ Հարությունյանին է ընկալում որպես Արցախի առաջնորդ եւ նրան վստահում, թեեւ Արցախն ունի նոր պետնախարար՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Հանդիպումը, մեր տեղեկություններով, կայացել է Վլադիմիր Պուտին-Արայիկ Հարությունյան ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթն իր այս տեղեկությունը ճշտելու եւ հավելյալ մանրամասներ պարզելու համար դիմեց Արցախի նախագահի նստավայր, որտեղից կտրուկ հերքեցին հանդիպման լուրը: «Արցախի նախագահն այդ օրերին եղել է Արցախում, ձեր լուրը իրականությանը չի համապատասխանում, նման հանդիպում չի եղել»,- ասացին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հաջորդ տարվանից կստանա ամսական 665.600 ՀՀ դրամի չափով հավելավճար, իսկ խորհրդի անդամը՝ 499.200 ՀՀ դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով: Նախագիծը կքննարկվի այսօր կառավարության նիստում: Նկատենք՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել այս տարվա հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ նրան հավելավճար տրամադրելու մասին նախագիծը բերվում է իր նշանակումից դեռ երկու ամիս չանցած, եւ ավելին՝ համարվում անհետաձգելի: Հիմնավորման մեջ նշվում է, թե նախագծի նպատակը նույն իրավունքներ սահմանելն է, ինչ Վճռաբեկ դատարանի դատավորների դեպքում, ինչը օրենքի պահանջ է, սակայն նկատենք, որ Արդարադատության նախարարությունը այդ մասին հիշեց միայն հիմա, երբ ԲԴԽ նախագահն արդեն նախկին նախարար, գործող ԺՊ-ի ընկեր Կարեն Անդրեասյանն է, իսկ նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցն էլ՝ ԲԴԽ անդամ: Ստացվում է՝ նախկին նախարարի ղեկավարած կառույցը նոր նախագիծ է բերել՝ նախկին ղեկավարին ամսական 665 հազար դրամ հավելավճար տրամադրելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով: Տեղեկացանք, որ պատգամավորներն արդեն ստացել են հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ստացվում է, որ հանձնաժողովը պատգամավորների գործունեության մասով խախտում է գտել (նրանք նաեւ բիզնես գործունեությամբ են զբաղվում), ինչը անհամատեղելի է: Իսկ ովքե՞ր են այն պատգամավորները, որոնց նկատմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարույթ է հարուցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ եւս մեկ ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ, որի վարույթը դեռեւս ընթացքի մեջ է, եւ առաջիկայում կներկայացնենք, թե ով է նա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Նազարյանը հաստատեց, որ ծանուցում ստացել է հանձնաժողովի կողմից՝ իր նկատմամբ հարուցված վարույթի մասով, եւ նշեց, որ դա թյուրիմացություն է եղել. ինքը կգնա վարույթի մասով նշանակված նիստին եւ կպարզաբանի ամեն ինչ: Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ծանուցումը ստացել են, եւ տեղի ունեցածը իրենց համար թյուրիմացության հետեւանք է, ինչով այս պահին զբաղվում են իրավաբանները: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 107 պատգամավորի հայտարարագրերը ուսումնասիրվում են, եւ չի բացառվում, որ ցանկը այսքանով չավարտվի, այլ պատգամավորների մասով եւս խախտումներ հայտնաբերվեն: Իսկ ի՞նչ է սպասվում վարույթից հետո. հնարավորություն է ստեղծվում, որ պատգամավորը ներկայացնի իր պարզաբանումը, որից հետո հանձնաժողովը եզրակացություն է կազմում ու հաստատում, որ իսկապես խախտել է համատեղելիության օրենսդրական պահանջը, սահմանադրական պահանջը. դա կնշանակի, որ առնվազն պետք է զրկվի մանդատից, իսկ առավելագույն պարագայում կարող է հարուցվել նաեւ քրեական գործ: