ԴԱՇԻՆՔԻ ՑԱՆԿԸ ԵՐԿԱՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ վերջերս է մանդատ ստացել, համաձայն չէ հնչող այն տեսակետների հետ, թե խմբակցության պատգամավորների՝ մանդատը վայր դնելը նշանակում է, թե իրենց խմբակցությունը կազմաքանդվում է:

 

«Խնդիրն այն կլիներ, որ մանդատը չդնեին ու դուրս գային ֆրակցիայից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է նա:

-Պարո՛ն Դանիելյան, թեեւ Դուք «Հայաստան» խմբակցության՝ բոլորովին վերջերս մանդատ ստացած պատգամավորներից եք, բայց խմբակցությունը, այսպես ասված, այդքան էլ լավ օրեր չի ապրում, քանի որ մի անգամից մի քանի պատգամավորներ վայր են դնում մանդատները: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն էլ հայտարարել է, թե լքում է թե՛ խորհրդարանը, թե՛, հետեւաբար, նաեւ «Հայաստան» խմբակցությունը: Իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագրի» Ձեր գործընկերներն ասում են, թե «Հայաստան» խմբակցությունը փլուզվում է: Իրականում ի՞նչ է կատարվում խմբակցության ներսում:

-Բացարձակ համաձայն չեմ այն մտքի հետ, որ մեր ֆրակցիայում պառակտում կա. այդ կարծիքը չեմ կիսում։ Ինքս էլ մանդատ եմ ստացել, որովհետեւ մինչեւ այս էլ մեկ ուրիշ պատգամավոր էր հրաժարվել մանդատից, բայց իմ ակտիվությամբ, աշխատանքով, կարծում եմ, առիթ չեմ տվել որեւէ մեկին՝ կարծելու, մտածելու համար, թե լավ չեմ աշխատում: Պատգամավորի պարտականությունները ստանձնելու օրվանից փորձում եմ լուծում տալ մեր քաղաքացիների հարցերին։

Ինչ վերաբերում է խմբակցության պառակտմանը, ապա, ըստ իս, խնդիր կլիներ այն ժամանակ, երբ պատգամավորները մանդատները պահեին. այդ ժամանակ գուցե ֆրակցիան կպառակտվեր ու մասերի բաժանվեր: Վստահեցնում եմ, որ նման բան չկա, պարզապես մեր՝ մանդատները վայր դնող ընկերներն իրենց գործունեությունն այլ կերպ են պատկերացնում, գուցե՝ Ազգային Ժողովից դուրս։

-Ձեր թիմակիցներից շատերն այն տեսակետին են, որ եթե փողոցի պայքարի՝ «Դիմադրություն» շարժման ժամանակ չեն հաջողել, ապա պետք է թողնել դաշտն ու գնալ:

-Ես համաձայն չեմ, թե փողոցում չենք հաջողել։ Մեր հարեւան պետությունները՝ Թուրքիան, Ադրբեջանը, բազմիցս նշել են, որ Հայաստանում՝ փողոցում պայքարի դուրս եկած ընդդիմադիրները կարողացել են վիժեցնել ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցում զիջումների գնալու պատրաստակամությունը: Այսինքն՝ այդ օրակարգը մենք՝ ընդդիմադիրներս, կարողացել ենք տապալել: Ի դեպ, այդ մասին խոսում ու խոստավանում են անգամ մեզ չսիրողները: Այո, այս պահին էլ մեր երկրի թիվ մեկ խնդիրն իշխանափոխության հարցն է, ինչը դեռեւս չենք կարողացել անել, բայց այն շարունակում է մեր օրակարգում մնալ, ու մենք ամեն րոպե, ամեն պահ շարունակելու ենք աշխատել, քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Մեզ ձայն տված քաղաքացիներն ակնկալում ու պահանջում են, որ պետության համար առաջնահերթ, կարեւորագույն հարցերը հենց Ազգային ժողովի բարձր ամբիոնից բարձրաձայնվեն: Դա նրանց արդարացի իրավունքն է, ու եթե մենք այդ հարցերը չբարցրաձայնենք, ապա ժողովուրդը կասեի. «Բա էլ ինչի՞ համար ենք ձեզ վստահության քվե տվել, խորհրդարան գործուղել»: Կարճ ասած, այն համոզմանն եմ, որ, այո՛, պետք է գալ ու խոսել հենց այս հարթակից. չգալը պարզապես անթույլատրելի է:

Մեր այն ընկերները, որ կկարծեն, թե Ազգային ժողովից դուրս ավելի լավ, ավելի պրոդուկտիվ գործունեություն կարող են ծավալել, ապա իրենց իրավունքն է: Նրանց փոխարեն մեկ այլ գործընկեր կգա, ով պատրաստ կլինի գալ ու մեծ եռանդով ստանձնել պատգամավորի՝ անչափ պատասխանատու եւ պարտավորեցնող այս աշխատանքը, դրան զուգահեռ՝ նաեւ կպայքարի մեզ հետ: «Հայաստան» դաշինքի ցանկը երկար է, ու մանդատը դնողներին նորերը կփոխարինեն, եւ միասին կպայքարենք:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՊՎԾ-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՎԵՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ փոփոխություններ են կատարվելու Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կառուցվածքում:

 

Նախատեսվում է ստեղծել նոր տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: Բացի այդ, ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ռիսկերի գնահատման, վերլուծության եւ վերահսկողության վարչությունից առանձնացման ձեւով կստեղծվի ստուգումների իրականացման ոլորտի վերահսկողության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, իսկ ռիսկերի գնահատման, վերլուծության եւ վերահսկողության վարչությունը կանվանափոխվի ռիսկերի գնահատման եւ վերլուծության վարչություն:

Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կարգապահական եւ ներքին հսկողության բաժինը կանվանափոխվի ներքին անվտանգության եւ հսկողության բաժնի:

Այսպիսով, ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) տնտեսական ոլորտի վերահսկողության վարչություն,

2) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչություն,

3) սոցիալական ոլորտի վերահսկողության վարչություն,

4) պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչություն,

5) գնումների գործընթացների վերահսկողության վարչություն,

6) ռիսկերի գնահատման եւ վերլուծության վարչություն,

7) դիմումների եւ քաղաքացիների ընդունելության բաժին,

8) ներքին անվտանգության եւ հսկողության բաժին,

9) ներքին աուդիտի բաժին,

10) իրավական ապահովման եւ օրինականության վերահսկողության վարչություն,

11) ստուգումների իրականացման ոլորտի վերահսկողության վարչություն։

Ծառայությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) գործերի կառավարման եւ գնումների կազմակերպման բաժին,

2) հաշվապահական հաշվառման բաժին,

3) անձնակազմի կառավարման բաժին,

4) ընդհանուր բաժին,

5) առաջին բաժին,

6) տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՑՈՒՑԱԿ ՈՒՆԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության ԱԱ եւ ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իշխանական խմբակցությունում նոր կարգավիճակ ունի. քպ-ական պատգամավորների, նախարարների, ղեկավար անձնակազմի մասին նյութեր է հավաքում, հանդիպում խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու գնում, բացասական լույսի ներքո ինտրիգներ է հյուսում թիմակիցների դեմ: Իհարկե, դա ներկայացնում է իբրեւ խմբակցության ներսում առկա իրավիճակ: «Այդ հանդիպումները պարբերական բնույթ ունեն, ու ամեն անգամ նա Փաշինյանին տեղեկացնում է, թե ով կարող է լինել թիմի «սեւ ագռավը»»,- պատմեց «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը՝ հավելելով, որ Քոչարյանը Փաշինյանի հետ հանդիպումներին իշխանականների կոնկրետ անուններ ներառող ցուցակներով է գնում: Մեզ փոխանցեցին նաեւ, որ հանձնաժողովի նախագահը՝ ի դեմս պատգամավորներ Արփի Դավոյանի ու Վահագն Ալեքսանյանի, իր ներկայացուցիչներն ունի ՔՊ վարչության ներսում ու երբեմն Փաշինյանի մոտ նաեւ նրանց միջոցով է ամրապնդում իր ասածները: Ինչո՞ւ է սեփական թիմում ինտրիգներ հյուսում. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը լսելու համար նաեւ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը փորձեց լսել՝ կապ հաստատելով նրա հետ: Պատգամավորի օգնականը մեզ տեղեկացրեց, որ Քոչարյան-Փաշինյան առանձին հանդիպում, որպես այդպիսին, տեղի չի ունենում: «Նրանք հանդիպում են կա՛մ խմբակցության ընդհանուր նիստերի, կա՛մ, օրինակ, ուժային կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների, կա՛մ այլ ֆորմատի հանդիպումների ժամանակ: Առաձին հանդիպումներ, այն էլ՝ պարբերաբար, չեն ունենում»,- ասաց Քոչարյանի՝ Փայլակ անունով օգնականը: Թիմի ներսի «սեւերի» ցուցակին առնչվող հարցը, թերեւս, այդպես էլ մնաց անպատասխան:

 

 

 

 

ՀՖՖ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2023-ին կլրանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ու ֆեդերացիայի գործադիր կոմիտեն նոր նախագահ կընտրի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ-ում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ իշխանությունների «սրտի» Մելիքբեկյանը՝ ՀՖՖ ներկայիս նախագահը, ջանք ու եռանդ չի խնայում մերօրյա իշխանավորներին չնեղացնելու, հլու- հնազանդ ծառայելու համար: «ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ Մելքիբեկյան-Փաշինյան հարաբերություններն այնքան են սերտացել, որ Փաշինյանն անձամբ է զբաղվում ՀՖՖ-ով: «Եթե նախկինում այստեղ համակարգողը Սիմիդյանն էր, ու ֆեդերացիան իշխանության վերնախավի հետ նրա միջոցով էր կապ հաստատում, ապա այժմ Փաշինյանն այնպես է արել, որ Սիմիդյանը մի կողմ քաշվի, ու ինքն ուղիղ կապ ունենա: Սիմիդյանը, իր կամքից անկախ, մի կողմ է քաշվել»,- ասաց մեր թերթի լավատեղյակ աղբյուրը: Փաշինյանն անգամ Սիմիդյանի հարսանիքին ներկա չի եղել: Նիկոլ Փաշինյան-ՀՖՖ մտերմությունը, հիշեցնենք, նոր չէ. ֆեդերացիայի փոխնախագահը «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատած Արմեն Նիկողոսյանն է: Ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի ընտրություններին, ապա չենք կարծում, թե դրանք կտարբերվեն նախորդից, որ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մոր՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի բնորոշմամբ, ոչ թե ընտրություն, այլ խայտառակ շոու էր:

 

 




Լրահոս