ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՐԾԱՐՔԸ ՔՊ-Ի ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանը հանդես են եկել «Ռազմական գործունեության մասին» անվամբ օրենքի նախագծով, որը ենթադրում է փոփոխություններ նաեւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում:

 

Այս օրենքի նախագծով հստակեցվելու է, թե որ հասարակական միավորումները կարող են զբաղվել ռազմական գործունեությամբ,  հիմնական նպատակները, սկզբունքները, ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության ստեղծման, գործունեության հիմնական ուղղությունների, դրանց կառավարման եւ ղեկավարման մարմինների իրավասությունների եւ լիազորությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա եւ միջազգային մարմինների եւ կազմակերպությունների հետ դրանց փոխգործակցության եւ փոխհամագործակցության հետ կապված հարցերը: Հիմնավորման մեջ նշվում է, որ, 2014 թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությում սկսել են ձեւավորվել հասարակական միավորումներ, որոնք միավորել են անձանց, որոնք հետաքրքրված են ձեռք բերել ինքնապաշտպանության, ֆիզիկական, կրակային եւ մարտավարական հմտություններ, այդ համատեքստում զբաղվել սպորտային մարզաձեւերով, ամրապնդել ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունը, բարձրացնել դիմակայունությունը, գոյատեւել արտակարգ պայմաններում, ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ ուսումնասիրելով նաեւ լեռնագնացություն եւ հոգեբանություն:

2016 թվականի ապրիլյան եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտպանական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցան այնպիսի կամավորներ, որոնք պատրաստություն էին անցել «Ողջ մնալու արվեստ», «Մեծն Տիգրան», «Զարկ», «ՊՈԳԱ» եւ այլ հասարակական կազմակերպություններում եւ ցուցաբերեցին մարտավարական, հոգեբանական եւ կարգապահական բարձր որակներ: Նշվում է, թե մի կողմից նմանատիպ միավորումների անդամները փաստացի օրենքով սահմանված ունեն զենքի, կրակային, մարտավարական հմտություններ, պատրաստում են ռազմական, հոգեբանական, բժշկական գործի կամավորներ, որոնք, պատերազմական, արտակարգ եւ ճգնաժամային իրավիճակներում փոխգործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ այլ ուժային կառույցների հետ, փաստացի գործելով դրանց ենթակայության ներքո, ցույց են տալիս բարձր արդյունավետություն:

Մյուս կողմից՝ 21-րդ դարի անվտանգության միջավայրում, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, միայն պետական կառույցները, որոնք պատասխանատու են պաշտպանության եւ անվտանգության համար, ի վիճակի չեն ամբողջապես պատրաստել, արձագանքել եւ վերակառուցել հասարակությունը ճգնաժամից դուրս հանելու եւ անվտանգությունը ապահովելու գործը, դիմակայելու հիբրիդային ռիսկերին, ուստի անհրաժեշտություն է առաջանում օգտագործել ողջ հասարակության ներուժը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԻՆ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել Արցախին 50 միլիոն դոլարի օգնության փաթեթը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին հասցեագրված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ամերիկահայ համայնքի եւ կոալիցիոն գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել նրան Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ վերջին լսումների համար:

Լսումների ընթացքում Բոբ Մենենդեսն անընդունելի էր անվանել Վաշինգտոնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին եւ արցախահայերին օգնություն չուղարկելը:

Սեպտեմբերին կոնգրեսական Փալոնը եւ Նեւադայի կոնգրեսական Դինա Տիտուսը Կոնգրեսի ավելի քան 45 անդամների աջակցությամբ դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուերին` կոչ անելով «անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հատկացնելով զգալի ռեսուրսներ» վտանգի տակ գտնվող Արցախի հայ բնակչությանն աջակցելու համար:

 

 

 

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՎԵԼ ԵՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն նոյեմբերի 29-ին շփման գծի արեւելյան եւ հյուսիս-արեւելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Նոյեմբերի 30-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ԼԵՀԱՍՏԱՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնում է. «Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։

Այցի շրջանակներում տեղի կունենան նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ»:

Դեսպանը՝ Հայաստանում

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը սոցցանցի իր էջում գրում է. «Ուրախ եմ վերադառնալ հայկական Ջերմուկ, այս անգամ՝ Նիդեռլանդների ԱԳՆ գործընկերոջ՝ Ջեթսկե Մարիա Կլայնի հետ՝ տարածաշրջանում առկա իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար։

Հաճելի է հանդիպել այսքան դրական եւ խաղաղ մարդկանց նման դժվարին պայմաններում»:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

Այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները: Տեղեկացանք, որ նախորդ շաբաթ կայացած քննարկումներին քրեական պալատի մի շարք ըմբոստ դատավորներ ներկա չեն եղել: Չնայած դրան՝ Կարեն Անդրեասյանը հստակ օրակարգով է առաջնորդվել՝ հնարավորություն չտալով քրեական դատարանի դատավորներին իրենց իրական ասելիքները փոխանցել բարձրագույն խորհրդին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուրբաթ օրվանից դարձյալ Դիլիջանում կհավաքվեն արդեն վարչական, քաղաքացիական ու սնանկության գործերով դատարանների դատավորները: Բավականին թեժ քննարկում է սպասվում նաեւ այս պալատի ներկայացուցիչների հետ, քանի որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Վերջերս ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ հրավիրյալ 11 դատավորները մի քանի ժամ շարունակ ներկայացրեցին համակարգի խնդիրները՝ դժգոհելով, որ շատ դեպքերում դատավորները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ գործավարություն: Դժվար է ասել՝ Կարեն Անդրեասյանը կլսի արդյոք դատավորների բոլոր խոսքերը՝ համակարգի խնդիրների վերաբեյրյալ, թե էլի կհրաժարվի նախապես իր կողմից գրված օրակարգային հարցերից դուրս խնդիրների բարձրաձայնումից,այլ կերպ ասած՝ Անդրեասյանը հրավիրում է դատավորներին՝ լսելու, սակայն չի լսում:

 

 

 

ՆՈՐ ՊԱՇՏՈՆ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Առաջին հայացքից ոչ արտասովոր այս տեղեկությունն այնքանով է հետաքրքիր, որ այն հաստատում է «Ժողովուրդ» օրաթերթի՝ օրեր առաջ հրապարակած տեղեկությունը:

Օրաթերթը, մասնավորապես, գրել էր. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանայում է կուսակցության ներսում իր սիրելիների ու հավատարիմների ցանկը»: Եվ այժմ Մանավազյանի՝ կուսակցությունում պաշտոնի նշանակելն ու հավելյալ լիազորություններ տրամադրելը վերոնշյալի ապացույցն է: Մանավազյանի ու Փաշինյանի ընտանիքի մտերմությունը տարիների պատմություն ունի:

Պատգամավորը, նշենք, 2008-2019-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը տպագրող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հաշվապահն է եղել, 2019-2021-ին՝ նույն ՍՊԸ-ի տնօրենը, հետեւաբար «հին ընկերներին» կամ յուրայիններին ավելի մեծ լիազորություններ տալը ոչ այլ ինչ է, քան սեփական թիմում սիրելիների ցանկի վերանայում:

 

 

 




Լրահոս