ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք է վատնման եղանակով հափշտակել:

 

2011-2018 թվականներին  ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յ.Գ.-ին, նշանակել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետեւ, ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յ.Գ.-ն նշանակվել է ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին, եւ Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յ.Գ.-ին շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից երեք օր անց, ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով, Յ.Գ.-ն կրկին նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, իսկ ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով, Յ.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչեւ պաշտոնավարման դադարեցումը, Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յ.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլեւ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, պաշտոնական դիրքի օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը եւ Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը, որոնցում ներառված են եղել նաեւ անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած եւ ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները: Վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգեւատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ աշխատանքի չհաճախելու եւ ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում ստացել եւ կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգեւատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները:

Այսպիսով, Յ.Գ.-ն պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լ.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն:

Վերը նշված հանցանքը կատարելու համար 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Յ.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու եւ խափանման միջոց ընտրելու համար այն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

 

 

 

 

ԵՐԿՈՒ ԾՆՆԴԿԱՆԻ ՄԱՀ

Մեկ շաբաթվա մեջ՝ երկու ծննդկանի մահ: Մահացածների հարազատները դիմել են իրավապահներին եւ հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել բժիշկների պատճառով:

Նոյեմբերի 28-ին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում (Հանրապետական ծննդատուն) 21-ամյա ծննդկան է մահացել։ 21-ամյա Ծ. Ն.-ն նոյեմբերի 25-ին ընդունվել է Հանրապետական ծննդատուն, որտեղ ծննդաբերությունից հետո շուրջ երկու օր մնացել ու անընդհատ բողոքել է առողջական վիճակից՝ որովայնի, ոտքերի ցավից։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել, եւ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։

Մահացածի հարազատները եւս պնդում են, որ կատարվածի մեղավորները բժիշկներն են: Ու մինչ ցավալի դեպքերով նշանակվել են փորձաքննություններ, եւ քրեական վարույթ է նախաձեռնվել, հարազատներն այս օրերին հարցաքննվում են եւ իրավապահներին պնդում են, որ բոլոր մեղավորներին պետք է պատժել:

Կպատժվեն մեղավորները, թե ոչ՝ կհետեւենք քննության ընթացքին, սակայն իրավիճակի մասով ArmLur.am-ը զրուցեց նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ հասկանալու համար, թե նա՝ որպես նախարար, ինչ է արել այս ուղղությամբ, եւ արդյոք դեպքերը չեն անհանգստացնում իրեն:

 

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթունում վարձով բնակվող տղամարդը՝ Ռ. Ավետիսյանը, ինքնասպան է եղել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա իր տանը խոհանոցի գազի խողովակից սավանով կախվել է:

Թե ինչն է եղել այդ քայլի պատճառը, դեռեւս հայտնի չէ. անգամ տղամարդու մտերիմներն են զարմացած:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԻՍՏԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս պաշտոնատար անձանց մասով նիստը կրկին չի կայացել, քանի որ Ստեփան Գալստյանի վիճակը շարունակում է մնալ վատ: Գրել էինք, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում» վատացել է, եւ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկակական կենտրոն:

Նա այնքան վատ վիճակում է եղել, որ անգամ ի վիճակի չի եղել երեկ գնալ Հակակոռուպցիոն դատարան եւ մասնակցել նիստի:

Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈւ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։ Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հիշեցնենք նաեւ, որ այս գործով կալանքի տակ են ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, իսկ, ահա, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, ազատության մեջ է: Հավելենք, որ Ստեփան Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտական դիրքում հերթապահության ընդգրկված զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ծառայողական պարտքի կատարման հետ կապված, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոց են արձակել արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ։ Դրա հետեւանքով մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող Ա.Զ.-ն ստացել է հրազենային գնդակային կույր վիրավորում: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս