«ՎԵՐԱԾՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԿԱՇԿԱՆԴՎԱ՞Ծ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց խորհրդարանում իր գործունեությունը դադարեցնելու մասին:

 

Կուսակցության անդամ պատգամավորներ Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը եւ Հռիփսիմե Ստամբուլյանն էլ վայր դրեցին մանդատները:

Թեեւ շատ են խոսում, որ «Վերածնվող Հայաստանի» եւ «Հայաստան» դաշինքի մյուս անդամների մեջ լուրջ տարաձայնություններ են եղել, բայց ArmLur.am-ի հետ զրույցում կուսակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը վստահեցրեց, որ միակ անհամաձայնությունը եղել է ԱԺ նիստերին մասնակցել-չմասնակցելու հետ կապված. «Թիմակիցների հետ գաղափարների եւ մոտեցումների առումով որեւէ տարաձայնություն չի եղել, եղել է պարզապես մոտեցումների տարբերություն՝ խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հետ կապված:

Մենք խորհրդարանից չէինք էլ հեռացել, խորհրդարանական գործունեությամբ շարունակել ենք զբաղվել, բայց ԱԺ նիստերին մասնակցելուն դեմ ենք եղել»,-ասաց Ստամբուլյանը՝ հավելելով, որ «Վերածնվող Հայաստան»-ում այս առումով համընդհանուր կոնսենսուս է եղել:

ԱԺ նախկին պատգամավորը վստահեցրեց, որ թեեւ հեռացել են խորհրդարանից, բայց համագործակցությունը «Հայաստան» դաշինքի եւ մյուս բոլոր առողջ ուժերի հետ շարունակվելու է. «Մենք նույն գաղափարներն ու մոտեցումներն ունենք, դրանցում ոչինչ չի փոխվել: Մեր բոլոր թիմակիցները, առհասարակ, Հայաստանի համար անհանգստացող մարդիկ, կարծում են, որ մեր ժողովրդի փրկությունն այս իշխանությունների՝ մեկ օր շուտ հեռացմամբ է պայմանավորված. այս առումով որեւէ տարաձայնություն չկա»,-ասաց նա:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ «Վերածնվող Հայաստան»-ը շարունակելու է իր գործունեությունը խորհրդարանից դուրս որպես ընդդիմադիր ուժ. «Մանդատով, թե առանց մանդատ, մեր մոտեցումները չեն փոխվում»,-հավելեց նա:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Վահե Հակոբյանի ու թիմակիցների խորհրդարանական գործունեությունը դադարեցնելը կոնկրետ նպատակներ ունի. «Չի բացառվում՝ իշխանության հետ համագործակցության արդյունք է մանդատներից հրաժարվելը, այսինքն՝ Վահե Հակոբյանն ունեցվածքը փրկելու ու կալանավորվելու վտանգից ազատվելու համար համաձայնության է եկել Փաշինյանի իշխանության հետ, որ լռելյայն հեռանալու է ԱԺ-ից: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Վահե Հակոբյանի նկատմամբ ունի տարբերակված մոտեցում, ակնհայտ է»:

Հարցին՝ արդյոք իրենց այս որոշումը իշխանությունների հետ համագործակցության արդյունք է, կամ որեւէ կաշկանդվածություն ունեցել են որոշում կայացնելիս, Ստամբուլյանն արձագանքեց. «Նոնսենս է, իշխանությունների հետ համագործակցությունը բացառված է: Մենք վախենալու կամ մտահոգվելու բան չունենք, ինչպես իրենք էին ասում, թե մանդատներից ենք կառչած. հիմա մանդատից ոչ ոք կառչած չի, ոչ էլ անձեռնմխելի ենք»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ն.Հ.

 

 

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին:

 

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ում կրթության բարեփոխումների աջակցության շարունակականության ապահովման առումով կարեւոր նշանակություն ունի:

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության` մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որտեղ ամրագրված թիրախային նպատակների իրագործման համար նախատեսվում է մշակել եւ հաստատել մինչեւ 2026 թվականի գործողությունների պլանը: Նախնական եւ միջին մասնագիտական ոլորտում շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծը, որում ամրագրվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասին դրույթները: Նշված ծրագրերում շեշտադրված է կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդման անհրաժեշտությունը, որը ենթադրում է մասնավոր հատվածի հետ համագործակցություն:

Այս համատեքստում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծման գործում ԱԶԲ աջակցության հնարավորությունները:

«Մենք գնահատում ենք ձեր մոտեցումները եւ պատրաստ ենք լավագույն փորձի կիրառմամբ եւ համագործակցությամբ նախագծել պետություն-մասնավոր հատված ճանապարհային քարտեզ՝ շոշափելի արդյունքներ գրանցելու հստակ նպատակադրմամբ»,- ասել է նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհային քարտեզը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացման եւ կառավարման, ծառայությունների մատուցման առաջխաղացում, որին միտված են նաեւ կրթության ոլորտի ռազմավարական ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաեւ համագործակցության ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք աշխատանքային հարցերի:

 

 

 

Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՆԻՍՏՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոյեմբերի 29-ին վարչության նիստ էր անում, ինչի ժամանակ, ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, ԱԺ համանուն խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը՝ զարգացման եւ կապերի, իսկ Գեւորգ Պապոյանը՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով տեղակալներ են նշանակվել։ Նման հաղորդագրությամբ ՔՊ-ն փորձել է ցույց տալ, որ ամեն բան կարգին է, ու իրենք միմիայն ներկուսակցական հարցեր են քննարկել։ Իրականում, սակայն, վարչության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների մոտ անկեղծացել է, որ իրենց վիճակն անչափ վատ է։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ վարչապետն ասել է նաեւ, որ պատերազմի սպառնալիքը կախված է մեր երկրի գլխին, ու որ դաշնակից, այնուամենայիվ, չունենք։ Հավելել է նաեւ, որ, այսպես ասած, անտեր վիճակում ենք, քանի որ դաշնակիցները մեզ չեն պահում։

 

 

 

 

ԳԵՐՇՔԵՂ ԶԱՐԴԱՐԱՆՔ

Այս օրերին Երեւանը տոնական եռուզեռի մեջ է. տոնական զարդարանք ստանալու համար փողոցներ են փակվում, Ամանորի զարդեր ու լույսեր կախվում եւ այլն, եւ այլն: Տպավորություն է, թե մեր երկրում էլ ոչ մի ուրիշ դարդ ու ցավ չկա, ու պատերազմների պատճառով անդադար կորուստներ ունեցող երկրին հենց միայն գերշքեղ Նոր Տարին է պակասում: Ըստ տարբեր հրապարակումների՝ Երեւանի քաղաքապետարանն Ամանորի զարդարանքների համար արդեն իսկ մոտ 650 հազար ամերիկյան դոլար է ծախսել: Ի դեպ, քաղաքապետարանը դա արել է մեկ անձից գնման սկզբունքով: Եւ սա՝ այն ֆոնին, որ ոչ միայն 2022-ի սեպտեմբերի 13-ի մեկօրյա, այլ նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմից առ այսօր դեռ անթաղ մարմիններ ունենք: Հայաստանի տարբեր դիահերձարաններում դեռ չնույնականացված մարմիններ ու մասունքներ կան, հայ գերիները Բաքվի բանտերում շարունակվում են կտտանքների ենթարկվել, մի քանի տասնյակի հասնող անհետ կորածներ կան, իսկ մայրաքաղաքը պատրաստվում է մեծ շուքով Նոր Տարի նշել: Ինչ խոսք, սիրուն չէ:

 

 

 

1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ՝ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, թե այս տարվա նոյեմբերի երեքից չորսը ՀՀ-ում անցկացված հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացման համար որքան գումար է ծախսվել։ Մենք տեղեկացանք, որ ծախսերը եղել են 1.160.130 (մեկ միլիոն հարյուր վաթսուն հազար հարյուր երեսուն) դրամի սահմաններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով այն կատարվել է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության:




Լրահոս