ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Առաջարկվում է վերախմբագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 47-Ն հրամանը՝ համապատասխանաբար փոխելով նաեւ անվանումը:

 

ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ին հայտնում են որ հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների համար փոխհատուցում ստացող սովորողների մասին տեղեկատվության թվայնացմամբ. այդ նպատակով նոր կարգավորումներ են նախատեսվելու:

Ըստ նախագծի հիմնավորման՝ մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման վերաբերյալ գործող կարգավորումները հրամանից հանելու անհրաժեշտությունը բխում է «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանի կարգավորումներից, որով սահմանված է մանկավարժների համար տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում: Առաջարկվող փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել եւ հստակեցվել են, որի արդյունքում վերախմբագրված հրամանով կկարգավորվեն միայն սովորողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից: Սովորողներին առաջարկվող փոխհատուցումները.

կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր սովորողի համար չի կարող գերազանցել 20 հազար 200 ՀՀ դրամը: Ուսումնական հաստատությունը մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում մուտքագրում է տվյալ տարվա ընթացքում համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն, իսկ մինչեւ սեպտեմբերի 20-ը՝ տվյալ տարվա ընթացքում փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն: Միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղի լինելու դեպքում փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով, միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամից:

Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, եւ տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող սովորողների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակն արդյունավետ չի լինի), ապա տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին: Հաշվարկված գումարների շրջանակում (բացառությամբ կարգի 15-րդ կետով սահմանված դպրոցի շենքի հիմնանորոգմամբ, վերակառուցմամբ կամ նորի կառուցմամբ պայմանավորված այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու դեպքերի) կարող են ձեռք բերվել նաեւ ուղեփոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ դրանցից պարտադիր կարգով օգտվեն շահառուները։ Քաղաքացիները եւ շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչեւ դեկտեմբերի 10-ը:

 

 

 

ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ նոյեմբերի 25-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որին մասնակցել են նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։  Քննարկվել է նոյեմբերի 24-ի դրությամբ մարզի համայնքների 2022 թ.-ի տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականների հարցը։ Մարզպետ Ղալումյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է մինչեւ տարեվերջ հարյուր տոկոսով ապահովել 2022 թ.-ի տեղական բյուջեով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրումը։ Հունվարին պարզ կլինի, թե մարզպետի այդ առաջարկ-հորդորը  որքանով  է իրականացել։

 

 

 

 

ՍԽԱԼ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՅՔՈՒՄ 

Տավուշի մարզպետարանի ինտերնետային պաշտոնական կայքում տեղեկատվություն է զետեղված Տավուշի մարզի 4 խոշոր համայնքների եւ նրանց ղեկավարների մասին։ Այդ  կայքում որպես Բերդ խոշորացված համայքի ղեկավար ներկայացված է 2012թ.-ից  Բերդ համայնքը ղեկավարած, 2016-ին այդ պաշտոնում վերընտրված, 2017թ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Հարություն Մանուչարյանը։ Վերջինիս դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նա  2021թ. նոյեմբերի 9-ից անազատության մեջ էր, 2022թ. հոկտեմբերի 7-ին ազատ արձակվեց, սակայն նոյեմբերի 10-ին իր դեմ հարուցված այլ քրեական գործի շրջանակներում նորից կալանավորվեց։  Հ. Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը հաղթել է 2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններում, սակայն դրանից հետո  այդ դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի առաջին համար Հ. Մանուչարյանը եւ 2-րդ համար Սամվել Հովսեփյանը ավագանու անդամությունից հրաժարական են տվել։ Նոյեմբերի 10-ին համայնքի նորընտիր ավագանին Բերդ համայնքի ղեկավար է ընտրել «Զորավոր համայնք» դաշինքի ավագանիների թեկնածուների ցանկի 3-րդ համար  Աստղիկ Հակոբյանին, նոյեմբերի 13-ին կայացել է  նրա   երդման եւ  պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը: Ա. Հակոբյանի՝ համայնքի ղեկավար ընտրվելուց  20 օր   է անցել, սակայն Տավուշի մարզպետարանի կայքում որպես Բերդ համայնքի ղեկավար նշված է Հ. Մանուչարյանը։ Այդ   կայքում Բերդ համայնքի ավագանու 21 անդամներից  նշված են միայն 13-ի անուն-ազգանունները։ Նորընտիր ավագանու անդամներից Սարգիս Մարգարյանը Հ. Մանուչարյանի եւ Ս. Հովսեփյանի հետ ավագանու թեկնածությունից հրաժարական է տվել, սակայն նրա՝ որպես  ավագանու անդամի անունը նշված է մարզպետարանի ինտերնետային կայքում վերոհիշյալ 13-ի թվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս