ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ եւ մեծահասակներ: Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90 կգ) աշխարհի ռեկորդով դարձել է գավաթի խաղարկության բացարձակ հաղթող եւ արժանացել ոսկե մեդալի, պատանիների պայքարում էլ գավաթի խաղարկության բացարձակ հաղթող է ճանաչվել Աշոտ Պետրոսյանը (90 կգ):

 

Մեծահասակների պայքարում գավաթի խաղարկության հաղթող են դարձել եւ Եվրոպայի ռեկորդ սահմանել Գեւորգ Ալեքսանյանը (100 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) եւ Մակար Թամրազյանը (67,5 կգ): Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել են Արմեն Նիկողոսյանը (56 կգ) եւ Մելսիկ Մարտիրոսյանը (60 կգ), որոնք նաեւ Եվրոպայի ռեկորդ են սահմանել: Իրենց քաշային կարգերում հաղթող են ճանաչվել նաեւ Էդգար Բադալյանը (60 կգ), Նարեկ Թամրազյանը (67,5 կգ), Կամո Եղոյանը (75 կգ), Արտյոմ Սոլոյանը (90 կգ), Գոռ Հովհաննիսյանը (100 կգ), Կարեն Պետրոսյանը (110 կգ), Արտավազդ Առաքելյանը (125 կգ), Արամ Մարգարյանը (125 կգ): Կանանց հաշվարկում աշխարհի քառակի չեմպիոն է դարձել ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականն առաջին տեղն է զբաղեցրել:

Հայ մարզիկները մրցավայր են մեկնել Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ եւ հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: Աշխարհի գավաթի խաղարկությանը 15 երկրի շուրջ 600 մարզիկ է մասնակցել ինչպես ուժային եռամարտ, այնպես էլ սեղմում-պառկած վարժությունից: Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի խոսքով՝ տարվա ընթացքում սա թիմի վերջին միջազգային մրցաշարն էր: Դեկտեմբերի 17-18-ին էլ Ոսկեհատի նոր վերանորոգված մարզադահլիճում կանցկացվի ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը:

 

 

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԱՐԵԼ

Հայտնի կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանն այսօր հայտարարել է, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է կրճատել իր՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը:

 

«Վերջապես լավ նորություն հայ թատերական աշխարհի համար. սուրճ խմեցի, բաժակ նայողն ասաց, որ Ավինյանը պատրաստվում է մոտակա ժամանակ լուծարի «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, այսինքն` ինձ: Բաժակ նայողն ասաց, որ չեն մարսել «Իշխանություն-2» ֆիլմը: Բաժակ նայողը ասաց նաեւ, որ քաղաքապետարանը օգտագործելու է պրիմիտիվ երկքայլանի կոմբինացիա:

Իհարկե, իմ կողմից վայնասուն չի լինելու. 50-ն անց մարդ եմ` կյանքում ինչ-որ բան արած:

ՀԳ. Գեղարվեստական ֆիլմ նայելուց առաջ մարսողական խմե՛ք»,- հայտնել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմը մեծ աժիոտաժ է առաջացրել իշխանական գործիչների շրջանում:

Ի դեպ, «Իշխանություն-2» ֆիլմի պրեմիերայից մեկ օր անց մեծ աժիոտաժ սկսվեց հանրության շրջանում, անգամ մի քանի քաղաքացիներ փորձեցին բողոքի ակցիա իրականացրել՝ ընդդեմ ֆիլմի:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԽՈՇՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՅՑ

Google-ին հերթական անգամ մեղադրում են իր Play Market հավելվածների խանութի հետ կապված հակամրցակցային պրակտիկայի մեջ։ Այս խանութի շրջանակում տեղի ունեցող գործարքների մեծ մասից գանձվում է չափազանց մեծ՝ 30% միջնորդավճար: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային օկրուգի դաշնային դատավոր Ջեյմս Դոնատոն վարույթ է ընդունել կոլեկտիվ հայցը, որը կարող է վերաբերել Play Market-ի ավելի քան 21 միլիոն օգտատերերի։

Ինչպես տեղեկացնում է The Register-ը՝ նոր հակամենաշնորհային գործը վերաբերում է ԱՄՆ 12 նահանգներից Play Market-ի օգտատերերին, որոնք 2016 թ. օգոստոսից ի վեր հավելվածներ են գնել հարթակից կամ հավելվածի ներսում գնումեր են արել։

Սպառողները դժգոհում են, որ Google-ը պահպանում է իր մենաշնորհային դիրքը Android հավելվածների ոլորտում, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս բարձրացնել հավելվածների գները՝ դրանց վաճառքից ստանալով 30% միջնորդավճար: Արդյունքում հավելյալ ծախսերի բեռը դրվում է օգտատերերի ուսերին (ոչ թե հավելվածները մշակողների կամ դրանց հեղինակների), որոնք ստիպված են ավելի շատ վճարել հավելվածների համար՝ Google-ի համար եկամուտներ ապահովելով:

Դաշնային դատավոր Ջեյմս Դոնատոն իր որոշմամբ (PDF) դատավարությանը տվել է կոլեկտիվ հայցի կարգավիճակ, եւ այժմ տուժածների թիվը, որոնց Google-ը հնարավոր է՝ ստիպված լինի փոխհատուցում վճարել, կարող է հասնել 21 միլիոնի:

Ինչպես տեղեկացնում Reuters-ը, այս կոլեկտիվ հայցով դատավարությունը կսկսվի հաջորդ տարվա հունիսին։

Թեեւ հաշվի առնելով, որ Google-ի սեփականատեր Alphabet ընկերությունը նախորդ եռամսյակում ավելի քան 16 միլիարդ դոլար է վաստակել, նման տուգանքները կարելի է համարել բիզնես ծախսեր։

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԵԼ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահ, Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Ունայ Սիմոնին։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Աթլետիկի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։ Բիլբաոյի ակումբը տրանսֆերից ակնկալում է 30-40 միլիոն եվրո։

Ունայ Սիմոնը Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին երկու հանդիպումներին։ Իսպանիան 7:0 հաշվով հաղթել է Կոստա Ռիկային, 1։1 հաշվով ոչ-ոքի խաղացել գերմանացիների հետ։




Լրահոս