ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հայաստանում դատարանների միջոցով խախտված իրավունքների վերականգնումը շատ հաճախ անհնար է դառնում. դատարաններն այնքան գերծանրաբեռնված են աշխատում, որ տարիներ են տեւում դատական գործընթացները:

 

Սույն թվականի նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում կազմակերպել եմ աշխատանքային քննարկում՝ «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:

Քննարկման ժամանակ հնչել են մի շարք առաջարկներ, որոնց լուծում տալու անհրաժեշտությունը առավել, քան արդիական է. գուցե օգնի ծանրաբեռնվածության թոթափմանը:

Ի թիվս այլ առաջարկների՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կարեւորվել է, որ նոտարների օրինակով դատավորներին եւս հնարավորություն տրվի օգտվել պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից այն հիմնավորմամբ, որ չնայած վերջիններս դատական գործի շրջանակներում իրենց լիազորությունների տիրույթում անհրաժեշտ տեղեկությունը ստանում են, սակայն դա տեղի է ունենում ժամանակատար գրագրության արդյունքում։

Դատավորների՝ նոտարների օրինակով պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու հարցում համապատասխան օրենսդրական փոփոխություն անելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը պարզելու, ինչպես նաեւ սույն խնդրի լուծման վերաբերյալ նախարարության տեսլականը ճշգրտելու նպատակով 11.11.2022թ.-ին դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանին։

Ի պատասխան իմ գրությանը՝ 29.11.2022թ.-ին ստացել եմ պարզաբանում առ այն, որ նախատեսում են փոփոխություններ իրականացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում, իսկ մատնանշված հարցերի շարքում է նաեւ վարչական մասնագիտացմամբ դատավորներին էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին (օրինակ՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալության, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բազաներ եւ այլն) հասանելիություն տալու հնարավորության նախատեսումը՝ անհրաժեշտ գաղտնիության ապահովման երաշխավորմամբ, ինչպես նաեւ այն, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ունի դրական դիրքորոշում բարձրացված հարցի վերաբերյալ։ Այսինքն՝ նախարարությունը խոստացել է, որ առաջիկայում դատավորների կողմից բարձրացված հարցը կլուծվի։

Հետեւողական եմ լինելու, որպեսզի խոստումը չմնա թղթի վրա, այլ վերածվի կիրառելի օրենքի:

Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության», իսկ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, եւ դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուստի առավել, քան հրամայական է ձեռնարկել անհրաժեշտ եւ արդյունավետ քայլեր, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով, որպեսզի գերծանրաբեռնված դատավորների կատարած աշխատանքը հնարավորինս թոթափվի, հատկապես որ վերոնշյալի համատեքստում մերօրյա տեխնոլոգիական ոլորտի զարգացումը որոշակիորեն տալիս է դա իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներ»։

 

 

 

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ դեսանտագրոհային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի նռնակաձիգ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախաձեռնված եւ իրականացված ագրեսիայի ընթացքում, 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում, իր ստորաբաժանման կազմում ընդգրկված լինելով Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքին հարակից՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում մարտական առաջադրանքի իրականացմանը, մասնավորապես՝ վերադաս հրամանատարության պլանավորման համաձայն պարտավոր լինելով ստորաբաժանման կազմում մասնակցել ագրեսիայի արդյունքում ՀՀ ԶՈՒ վերահսկողությունից դուրս եկած մարտական դիրքերը ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ վերադարձնելու մարտական խնդրի կատարմանը, հրաժարվել է այդ զինվորական ծառայության առանձին պարտականությունը կատարելուց, վերադաս հրամանատարությանը բացահայտ հայտարարել է, որ չի մասնակցի հակագրոհին եւ դրանից բխող մարտական գործողություններին, որը զուգորդվել է նշված զինվորական ծառայության առանձին պարտականությունը փաստացի չկատարելով. ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքից բխող հակագրոհի եւ հակառակորդի հետ անմիջական մարտական գործողությունների իրականացման պարագայում շարքային Տիգրան .Դանիելյանը մնացել է տեղում:

 

Նշենք, որ Դանիելյանը միակ մեղադրյալը չէ: Գրել էինք, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին սկսված պատերազմի ընթացքում ուշագրավ դեպքեր են եղել, ինչի արդյունքում իրավապահները հարուցել են քրեական գործեր: Այսպիսով, ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Իրինա Բալայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԶՈւԳՇ պետի 2021 թվականի օգոստոսի 25-հրամանով հանդիսացել է ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի բուժկետի պետ-բուժակ, կոչումով սերժանտ, նույն զորամասում 2022 թվականի սեպտեմբերի 14-ին հրաժարվել է զինվորական ծառայություն իրականացնելուց եւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի հրամանով սահմանված Ջերմուկի մատույցներում պաշտպանության անցնելու պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ:

Նա մեղադրյալի աթոռին է, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու արգելքը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱ ՏՈՒԺԱԾ

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22։06-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Kia Rio (վարորդ՝ Ա. Ա.) եւ Volvo XC60 մակնիշների ավտոմեքենաները: Kia Rio մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ա. Մ.-ն (ծնված 1986 թ.) արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ Ա. Մ.-ին դուրս բերել արգելափակումից. վերջինս հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքով որոշում է կայացվել: Հայտնի է, թե ով է հուշարձանը վնասել, եւ քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործը ուղարկվել է դատարան: Մեղադրյալը Կարեն Խաչատրյանն է:

Կարեն Վարոսի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ. ապրիլի 13-ին դիտավորությամբ հարվածել եւ վնասել է արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը:

Ապրիլի 13-ին՝ ժամը 18:18-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված՝ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Համաձայն ոստիկանության՝ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երեւանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս