ՌՈՒՍԱԿԱՆ ՖԻԼՄ՝ «ՄԱՐԻԱ. ՓՐԿԵԼ ՄՈՍԿՎԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին Երեւանում տեղի ունեցավ «Մարիա. փրկել Մոսկվան» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 81-ամյակին։

 

ֆիլմի ռեժիսոր Վերա Ստորոժեւան հիշեցրեց՝ կինոնկարը նկարահանել են մեկ տարի առաջ: Նկարահանումներն իրականացրել են ցուրտ ձմռանը Մոսկվայում եւ մեկ այլ քաղաքում: Ֆիլմն անդրադառնում է լեգենդի, որը ծնվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ռեժիսորի խոսքով՝ կան մարդիկ, որոնք հավատում են լեգենդին, բայց ոչ բոլոր պատմաբաններն են այն հավաստի համարում:

«Շատերը հավանաբար գիտեն, որ այդ ժամանակներում Մոսկվայում ապրել է մի կին՝ Մատրոնա Մոսկովսկայան: Պատերազմի ամենաողբերգական պահերին, երբ թվում էր, թե թշնամին մուտք կգործի Մոսկվա, երբ բարիկադներ էին կառուցում Մոսկվայի փողոցներում, երկրի առաջնորդ Իոսիֆ Ստալինն այցելել է Մատրոնա Մոսկովսկայային, եւ նա Ստալինին ասել է՝ ինչ անել»,-պատմեց ռեժիսորն ու նշեց, որ Մատրոնային մարմնավորել է դերասանուհի Օլգա Լապշինան:

Լապշինան էլ հավելեց՝ մարդիկ Մատրոնա Մոսկովսկայայի մոտ են եկել ծանր պահերին օգնություն խնդրելու, խորհուրդ հարցնելու:

«Այս կինոնկարով հորդորում ենք կյանքից վերցնել այն, ինչը կարող է նպաստել հավատի ամրապնդմանը, ինչը կօգնի հաղթահարել այն ժամանակաշրջանը, որը ծանր է ոչ միայն մի քանի ժողովրդի, այլեւ աշխարհի համար: Ցանկանում ենք՝ մարդիկ անեն հնարավորը, որ ամեն բան ծառայի սիրուն»,-ասաց դերասանուհին:

«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը կարծում է՝ «Մարիա. փրկել Մոսկվան» յուրահատուկ կինոնկար է:

«Ֆիլմը հայրենասիրություն է սերմանում եւ՛ երիտասարդ սերնդի, եւ՛ մեծահասակների շրջանում, իսկ հայրենասիրական դաստիարակությունն անմիջականորեն ազդում է յուրաքանչյուր երկրի անվտանգության վրա: Վստահ եմ՝ նման կինոնկարներ դիտելով՝ հանդիսատեսը կզգա սերը, որը տածում է իր հայրենիքի հանդեպ»,- նշեց Կարապետյանը: Նա ընդգծեց, որ դեկտեմբերի 1-ը նման ֆիլմերի ցուցադրության համար խորհրդանշական օր է, քանի որ մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է: Այս տարի նշվում է նրա 125-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ կենտրոնն առաջիկայում մարշալին նվիրված ցուցահանդես է բացելու, կլոր սեղան-քննարկում է նախաձեռնելու, որին մասնակցելու են նաեւ մարշալ Բաղրամյանի հարազատները:

«Մարիա. փրկել Մոսկվան» ֆիլմի հերոսուհին կրտսեր լեյտենանտ Մարիա Պետրովան է։ Նրա ճակատագրում ասես արտացոլվում է երկրի ճակատագիրը: Լինելով քահանայի դուստր՝ նա հրաժարվում է հորից եւ հավատից, բայց հենց նրան էր վիճակված Մոսկվայի պաշտպանության սարսափելի օրերին օկուպացված տարածքից բերել հրաշագործ սրբապատկերը:

Ըստ լեգենդի՝ հենց այդ սրբապատկերը պետք է փրկի մայրաքաղաքը։ Հերոսուհին անցնում է ծանր փորձությունների միջով, կորցնում իր ջոկատի բոլոր զինվորներին, իր սիրելիին: Չնայած այդ ամենին՝ նա չի կորցնում ապրելու հույսը:

 

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ Է ԳՏՆՎՈՒՄ ԵՐԳՉՈՒՀԻՆ

90-ական թվականների հայկական շոուբիզնեսի երբեմնի կարկառուն դեմքերն այսօր այնքան էլ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալում. ոմանք զբաղվում են բիզնես գործունեությամբ, իսկ ոմանք էլ պարզապես ժամանակի հոսքի հետ չեն հասցնում շարժվել։ Հանրությանն ամենաշատը հետաքրքրում է, թե ուր է եւ ինչու անհետացավ  երգչուհի Անահիտ Մանուկյանը:

 

ArmLur.am-ը փորձեց կապվել երգչուհու մտերիմների հետ՝ պարզելու համար, թե ինչ տեղեկություններ ունեն նրա մասին:

Նրա ժամանակակից երգչուհի Ժաննա Քոչարյանն ասաց, որ Անահիտ Մանուկյանը մեր հայկական էստրադայի լավագույն երգչուհիներից մեկն էր. «Ես ցավում եմ, որ նրանից լուր չունեմ եւ տեղյակ չեմ, թե նա ինչով է զբաղվում եւ ինչու այսպես գնաց»:

Երգչուհի Էմմա Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ որքան տեղյակ է, նա ապրում է Հոլադիայում, սակայն այլ տեղեկություններ նրա մասին չունի: Նշենք, որ զանգահարում էր միայն երգչուհի Էմմա Պետրոսյանին, սակայն տարիներ անց այդ զանգերն էլ էին դադարել:

Իսկ թե ուր եւ ինչու անհետացավ հայկական երգարվեստից, հայրենիքից երբեմնի ճանաչված եւ սիրված երգչուհի Անահիտ Մանուկյանը, այդպես էլ անհայտ է:

Միայն մամուլում հրապարակված լուրերից հայտնի է, որ Անահիտն ամուսնացած էր, երբ հերթական անգամ մեկնել էր Հոլանդիա. ամուսնուն զանգահարել եւ ասել էր, որ այլեւս չի վերադառնալու: Անահիտը եւ ամուսինը երեխաներ չունեին, ի վերջո, այդպես էլ ամուսնալուծվել են:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Անահիտը Հոլանդիայում հայտնվել էր հոգեբուժարանում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ԱԼ ՆԱՍՐԸ»

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի 1-ից կներկայացնի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբը։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատկանող ակումբը Ռոնալդուի հետ կկնքի 2,5 տարվա պայմանագիր՝ տարեկան մոտ 200 միլիոն եվրո վարձատրությամբ, որը կներառի նաեւ գովազդային արշավներից եկամուտը։

Ռոնալդուն առաջատար եվրոպական ակումբներից ոչ մի առաջարկ չի ստացել, թեեւ ցանկություն է ունեցել հանդես գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Անցած ամիս Ռոնալդուն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» խզել էին պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ

Իտալիայի չեմպիոն «Միլանը» կերկարաձգի պայմանագիրն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուի հետ աշխարհի առաջնությունից հետո։

36-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ համագործակցության երկարաձգմանը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ժիրուն 2021 թվականին է միացել «Միլանին», որի հետ անցած մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն։ Միլանյան թիմում անցկացրած 57 խաղում նա խփել է 23 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ժիրուի գոլի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ 3:1 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին եւ քառորդ եզրափակչում կմրցի անգլիացիների հետ։

 

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը լեհերի նկատմամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։ Այդ խաղում 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ֆավորիտի կարգավիճակում մենք կարող էին հաղթահարել խմբային փուլի արգելքը, բայց դա անել փլեյ-օֆֆում ավելի լավ է։ Մենք ունենք  մի քանի օր հանգստանալու եւ քառորդ եզրափակիչին պատրաստվելու համար, իսկ հիմա պետք է վայելել այս հաղթանակը։

Մբապեն հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Իհարկե, ես ֆրանսիացի եմ եւ նրա մարզիչը, բայց այդպես եմ կարծում։ Նա հատուկ պատրաստվել է այս առաջնությանը։ Նա բացառիկ ֆուտբոլիստի որակներ ունի։ Նա կարողանում է հանդիպման ընթացքում փոխել իր խաղը»,- ասել է Դեշամը:

Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 10-ին կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հետ։

 




Լրահոս