ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 149

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դոլարային արտահայտությամբ՝ Հայաստանի պետական պարտքը հատել է 10 միլիարդի շեմը։ Նոյեմբերի սկզբի դրությամբ պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար։ Այլ պարագայում Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, եկավ ու սկսեց պետական պարտքն ավելի մեծ տեմպերով ավելացնել։ Նախկինում ասում էր՝ պարտքը վատ բան է, հիմա ասում է՝ դրանով դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր ենք կառուցում։ Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, հիմա արդարացնում է։ 168.am-ը հաշվարկել է եւ նկատում է, որ միայն այս տարվա ընթացքում պետական պարտքի գինը բարձրացել է 1,3 տոկոսային կետով։ Եթե տարվա սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,7 էր, հիմա դարձել է 6 տոկոս։ Սա պարտքի չափազանց կտրուկ թանկացում է, որը տեղի է ունեցել ընդամենը 10 ամսվա ընթացքում։ «Արտաքին վարկերի միջին կշռված տոկոսադրույքն այս տարի բարձրացել է 1,1 տոկոսային կետով, գրեթե կրկնապատկվել է. տարեսկզբին ընդամենը 1,5 տոկոս էր, հիմա դարձել է 2,6 տոկոս։ Կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ է՛լ ավելի կբարձրանա, ֆինանսների նախարարի գնահատումներով՝ կհասնի ընդհուպ 2,9 տոկոսի։ Բայց դրանով էլ արտաքին պարտքի թանկացումը կանգ չի առնի։ Հաջորդ տարվա համար կանխատեսվում է, որ այն կկազմի 4,1 տոկոս՝ այս տարի սպասվող 2,9-ի փոխարեն։ Պատկերացնում եք, 2 տարում 1,5 տոկոսից արտաքին պարտքի գինը կհասնի 4,1 տոկոսի», – նկատում է լրատվամիջոցը: Այսինքն՝ հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ընդդիմադիր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետները միմյանցից տարբերվում են, եւ նա այժմ արդարացնում է մի բան, որը նախկինում դատապարտում էր:

 

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցած վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատավորների մասնակցությամբ աշխատաժողովը թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Մասնավորապես, նոյեմբերի 25-ից 27-ը «Գետափ Դիլիջան» ռեստորանում ՀՀ դատավորների աշխատաժողովի ընթացքում ՀՀ դատական դեպարտամենտը 1 մլն 346 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սուրեն Աղաջանյան» ՍՊԸ-ի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթրիքը կազմակերպված է եղել 132 անձի համար: Ընդ որում՝ ընթրիքն իր մեջ ներառել է մսի, թթվի, պանրի տեսականի, երկու տեսակի աղցաններ, հիմնական ուտեստ եւ խավարտ, ինչպես նաեւ աղանդեր: Բացի այդ, նույն աշխատաժողովի կազմակերպման համար Դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ի հետ եւ 1 մլն 888 հազար դրամ տրամադրել 38 հոգու՝ երկու օրվա գիշերակացը կազմակերպելու համար: Տեղեկացանք, որ պատվիրված են եղել 4 կիսալյուքս, 34 ստանդարտ համարներ, եւ պատվիրված է եղել նաեւ նախաճաշ՝ 38 հոգու համար: Սակայն սա էլ դեռ ամենը չէ. նոյեմբերի 25-ից 27-ի համար աշխատաժողովի մասնակիցների համար գիշերակաց է կազմակերպվել նաեւ «Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս Հոթել Դիլիջան» հյուրանոցում 83 հոգու համար, եւ տրամադրվել է 2 մլն 642 հազար 600 դրամ, իսկ 5 մլն 361 հազար դրամ էլ տրամադրվել է այդ նույն հյուրանոցում 83 հոգու համար 2 անգամ նախաճաշ, 130 հոգու՝ 2 անգամ ճաշ , սուրճի ընդմիջում եւ մեկ անգամ ընթրիք կազմակերպելու համար: Այսինքն՝ երկու օր Դիլիջանում աշխատաժողով կազմակերպելու համար մեկ անձից կատարվել է 9 մլն 538 հազար դրամի գնում:

 

 

 

Շուտով կլրանա «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով հարուցված քրեական վարույթի 4-րդ ամիսը, սակայն խոշոր ձկները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննել է Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն չեն կարողանում գտնել առեւտրի կենտրոնի պահեստապետին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` հասկանալու համար, թե ինչ է կատարվում քրեական գործով, եւ արդյոք սեփականատերը հարցաքննվել է, ինչ կարգավիճակ ունի նա: Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով հարուցված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, վարույթի շրջանակում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, այդ թվում նաեւ՝ սեփականատերը, նշանակած փորձաքննության եզրակացությունը դեռեւս ստացված չէ, այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ Այս վարույթի շրջանակում հետախուզման մեջ գտնվող անձ չկա։ Նկատենք, որ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը, որը ազատության մեջ է։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու»- առեւտրի կենտրոնում պայթյուն եղավ, որի հետեւանքով 16 մարդ զոհվեց, եւս մեկը համարվում է անհետ կորած:

 

Այսուհետ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել միայն վարչապետի որոշմամբ: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ավելացնել իր լիազորությունները, չնայած ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դեմ էր, որ երկրի ղեկավարն այդքան շատ լիազորություններ ունենա: Հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագծերով առաջարկվում է սահմանափակել հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանրապետության նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը սահմանափակել համապատասխանաբար 7 եւ 10 տարիներով: Առաջարկվում է նախատեսել նաեւ իրավակարգավորումներ, որոնց պարագայում հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցերի ընթացքում: Այս նախագծով Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ ունեցող Պետական պահպանման ծառայությունը ունենալու է վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ, ավելին՝ պետական պահպանության ծառայության ղեկավարը նշանակվելու եւ ազատվելու է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ: Այսինքն՝ այստեղ եւս վարչապետը նոր լիազորություններ կունենա եւ ԱԱԾ-ից կվերցնի ՊՊԾ ծառայությունը՝ տանելով իր ենթակայության տակ:

 

 




Լրահոս