Սերբիայի ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչը հայտարարել է, որ ոստիկանության և անվտանգության այլ ստորաբաժանումներին «հրամայել է լինել լիակատար մարտական պատրաստության» վիճակում՝ բանակի շտաբի պետի հրամանատարության ներքո, «իրենց օպերատիվ պլանի» համաձայն։
Հայտարարության մեջ նա ասել է, որ գործել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով, որպեսզի «բոլոր միջոցները ձեռնարկվեն Կոսովոյում սերբ ժողովրդին պաշտպանելու համար»:
Սերբիայի պաշտպանության նախարարը և բանակի շտաբի պետը այցելել են Կոսովոյի հետ սահման և հանդիպել այնտեղ տեղակայված Սերբիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ:
Դեկտեմբերի 26-ին ՆԱՏՕ-ի խաղաղապահները հայտարարել էին, որ հետաքննում են Զուբին Պոտոկ քաղաքում օրերս տեղի ունեցած հրաձգության միջադեպը. Զուբին Պոտոկում էթնիկ սերբերն արդեն երկու շաբաթ է՝ արգելապատնեշներով փակել են ճանապարհը՝ բողոք հայտնելով սերբ նախկին ոստիկանի ձերբակալության դեմ:
1998-99 թվականների պատերազմից տարիներ անց Կոսովոն Բալկաններում դեռ հանդիսանում է լարվածության օջախ: Սերբիան չի ճանաչում իր նախկին նահանգի կողմից անկախության հռչակումը 2008 թ.-ին, իսկ կարգավորման հասնելու Արևմուտքի միջնորդական ջանքերն առայժմ տապալվել են:
Associated Press-ը նշում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կոսովոյում լարվածությունն ավելի է աճել. ԱՄՆ-ն և Եվրամիության երկրների մեծ մասը ճանաչել են Կոսովոյի անկախությունը, իսկ Սերբիան ապավինում է Ռուսաստանին և Չինաստանին՝ հավակնություններ ներկայացնելով շրջանի նկատմամբ:
ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը Կոսովոյում են գտնվում 1999 թ.-ից, երբ անդրատլանտյան դաշինքը ռմբակոծեց Սերբիան՝ ստիպելով հեռանալ Կոսովոյից: Կոսովոյի կառավարությունը դիմել է ՆԱՏՕ-ի զորքերին, որպեսզի նրանք հեռացնեն սերբերի կողմից կանգնեցված արգելապատնեշները: Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ «ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի, և ոչ մի ճանապարհի վրա արգելապատնեշներ չպետք է լինեն»:
Իր հերթին Սերբիան ՆԱՏՕ-ի խաղաղապահներին խնդրել է մինչև 1000 զինվորական տեղակայել Կոսովոյի հյուսիսում՝ պաշտպանելու այնտեղ բնակվող սերբերին էթնիկ ալբանացիների հալածանքներից: