Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Թայվանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի սպառազինությունների վաճառքը Թայվանին և խզի ռազմական կապերը կղզու հետ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոն հայտարարել էր, որ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 180 միլիոն դոլար արժողությամբ Volcano հակատանկային համակարգերի հնարավոր վաճառքին։

«Չինաստանը պահանջում է, որպեսզի Միացյալ Նահանգները պահպանի «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեները, …դադարեցնի սպառազինությունների վաճառքը Թայվանին և ռազմական կապերը Թայվանի հետ, դադարեցնի Թայվանի նեղուցում լարվածություն նոր գործոններ ստեղծելը», – ասել է դիվանագետը:

Վան Վենբինն ընդգծել է, որ Չինաստանը գործուն միջոցներ կձեռնարկի իր ինքնիշխանության և անվտանգության շահերը վճռականորեն պաշտպանելու համար։ Թայվանի շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է օգոստոսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո։

Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել Է Փելոսիի այցը՝ այդ քայլը համարելով ԱՄՆ-ի աջակցություն թայվանական անջատողականությանը։ Դրանից հետո Չինաստանը լայնամասշտաբ զորավարժություներ է անցկացրել:

ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության և նրա կղզի-նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին՝ այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը Չան Կայշիի գլխավորությամբ տեղափոխվեցին Թայվան: Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ական թվականների վերջերին: 1990-ական թվականների սկզբից կողմերն սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով:




Լրահոս